▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կիրակնօրյա ընթերցում՝ ՍԻՆՅԻՏԻՐՈ ՆԱԿԱՄՈՒՐԱ. Դղյակ տանող Ճանապարհը

-Մայրիկ, մենք ու՞ր ենք գնում,- հարցրեց աղջնակը` վարից նայելով մորը:

-Մենք հայրիկի հետ ենք գնում,- պատասխանեց մայրը:

-Հայրիկ, մենք ու՞ր ենք գնում,- հարցրեց աղջնակն այս անգամհորը, ջանալով տեսնել նրա դեմքը:

-Մի լավ տեղ: Դու դա չես հասկանա,- նետեց հայրը և սեղմելով շրթունքները` քաշեց երեխայի ձեռքը:

-Բայց ու՞ր, ու՞ր,-չէր խաղաղվում աղջնակը:

-Մի շատ լավ տեղ,-հանգստացնող ձայնով պատասխանեց մայրը համառ փոքրիկին, հպանցիկ հայացք նետելով լռելյայն քայլող ամուսնու կողմը: Այնժամ աղջնակը երկու կողմերից իր թաթիկները բռնած ծնողներին թույլ տվեց, որ շարունակեն իրեն տանել մարդաշատ փողոցով: Նրան այսքան ուշ ժամի տնից դեռ երբեք չէին հանել: Շուրջն ամեն ինչ նոր էր նրա համար, և նա քայլում էր հոր ու մոր հետ` դիտելով խանութների լուսավոր ցուցափեղկերը: Եթե որևէ անցորդ փակում էր նրանց լույսերը, աղջնակը, լարված, այնպես էր շրջում գլուխը, որպեսզի ոչ մի պահ աչքից բաց չթողնի գրավիչ տեսարանը: Ահա, նա կրկին ձայն տվեց.
-Մայրիկ, ուտել եմ ուզում:
Հայրը բարկացկոտ նայեց դստերը:
-Հիմա դրա ժամանակը չէ,-ասաց նա մորը գրգռված ձայնով, որում բացահայտորեն լսվում էր. «Երես ես տվել աղջկան, իրեն պահել չգիտի»: Աղջնակն զգաց հոր ձայնում հնչած նախատիքը և խղճաց մորը: Լացելու պատրաստ նա նայեց մորը, իսկ վերջինս կարծեց, թե դուստրը քաղցից է ուզում լաց լինել:
-Հարկավոր է կերակրել երեխային, խեղճը քաղցած է,- նույն հաշտեցնող ձայնով ասաց նա, անհամարձակ նայելով ամուսնուն:
-Լավ: Ահա բլիթավաճառի խանութը, մի բան գնիր նրա համար: Հայրը կանգ առավ և կամացուկ ավելացրեց.-Հաա՜, հարցրու, գուցե նրանք գիտե՞ն Դղյակ տանող ճանապարհը:

Նա նայեց աղջնակին` ստուգելու, թե նա չլսե՞ց «դղյակ» բառը: Աղջնակը հասկացավ` իրենք գնում են ինչ-որ դղյակ, սակայն ձայն չհանեց` չցանկանալով, թե ամեն բան լսել է. այնպես ձևացրեց, իբր տարված է փողոցային անցուդարձով:
Նրանք երեքով մտան բլիթավաճառի խանութը: Եվ քանի դեռ մայրը բլիթ էր գնում, հայրը կիսաձայն հարցուփորձ էր անում վաճառողին: Աղջնակը տեսավ, թե նրա շրթունքներն ինչպես արտասանեցին «դղյակ» բառը:

-Ի՜նչ լավիկն է,- ձայնեց գանձապահուհին:- Քանի՞ տարեկան ես, աղջիկս:
-Հինգ,- պատասխանեց նա և անսպասելիորեն ամաչելով` սեղմվեց մորը:
Ընտանիքը դուրս եկավ փողոց:
-Ընդհանուր առմամբ, քիչ թե շատ հասկանալի է,- ասաց հայրը, կանգնելով մայթի կենտրոնում:-Պետք է գնալ ուղիղ, իսկ լուսանցույցի մոտից թեքվել ձախ:
-Շուտ լիներ, մթնում է արդեն:
-Շտապելուց օգուտ չկա. հիմա արդեն միևնույնն է,- նախատիքով հակաճառեց հայրը:
-Մայրիկ, խմել եմ ուզում,-ասաց աղջնակը:
-Այստեղ, անկյունում, զբոսայգի կա, երևի ցայտաղբյուր կլինի,-արձագանքեց հայրը:

Նրանք մտան մի ոչ մեծ պուրակ և նստեցին նստարանին: Աղջնակը հանկարծ զգաց, որ ուտել բոլորովին չի ուզում, սակայն, որպեսզի չանհանգստացնի մորը, սկսեց կծել բլիթը:

-Արագ մի կեր: Դաստիարակված աղջիներն այդպես չեն անում,- կշտամբեց հայրը: Սակայն նկատելի էր, որ այլ բանի մասին է մտածում:
-Այնուամենայնիվ, երեխային զուր վերցրեցինք հետներս,- ասաց մայրը:
-Իսկ ես քեզ առավոտյան ասացի` եկ նրան տատի մոտ թողնենք,- բարկացկոտ պատասխանեց հայրը: Եվ, լռելուց հետո, ցածրաձայն ավելացրեց.- Բոլորովին մթնեց: Լապտերները վառվեցին:
-Իսկ եթե այսօր չգտնենք այդ տեղը, այն ժամանակ` ի՞նչ,- հարցրեց մայրը:
-Կգնանք ամբողջ գիշեր,- կտրեց հայրը:
-Իսկ ինչպե՞ս վարվենք երեխայի հետ:
Մոր հարցը լսելով, աղջնակը կամակորությամբ ասաց.
-Մայրիկ, հոգնել եմ:
-Նա առավոտվա վեցից ոտքի վրա է: Նայիր, ինչ հոգնած տեսք ունի:
Մայրը ծնկներին առավ դստերը և գրկեց: Աղջնակը կկոցեց աչքերը, և երեկոյան կրակները` սպիտակ, կանաչ, կարմիր, ցոլցլացին փակ կոպերի միջով:
-Ոչի՞նչ, որ տունն այդպես թողեցինք,- շշնջաց մայրը:
-Սատանան այդ տան հետ: Այլևս այնտեղ չենք վերադառնա,- գրգռված ֆշշացրեց հայրը:
-Իմ կիսատ գործվածքն այդպես էլ մնաց հյուրասենյակում…,- ասես չլսելով, շարունակում էր մայրը:
-Օհո, սա՞ ինչ է: Նայի՛ր, գրպանումս դռան բանալին է: Ամբողջ անպետք աղբը` կեղտահոր, այլապես երբեք չենք գտնի Դղյակը:
Բանալին, ճլմփացնելով, թռավ-ընկավ ավազանի մեջ: Աղջնակը հիշեց, որ այդպես էլ չհագեցրեց ծարավը: Բայց աչքերը բացել չէր կարելի, մայրն ու հայրն անմիջապես կընդհատեին իրենց խոսակցությունը, և նա շարունակեց քնած ձևանալ: Ձևացրեց, ձևացրեց, հետո իսկապես քնեց:

Երբ բացեց աչքերը, տեսավ, որ գտնվում է անծանոթ սենյակում` լույսով ողողված, ճերմակ պատերով:
-Սա Դղյա՞կն է, այո՞,- հարցրեց նա:
-Ի՞նչ,-բարկացավ հայրը:-Ինչպե՞ս ես համարձակվել ականջ դնել մեծերի խոսակցությանը:
-Բայց նա արդեն փոքրիկ չէ,- պաշտպանեց մայրը:- Ավելի լավ կլինի, ամեն բան պատմենք նրան:
-Վե՛ր կաց, վե՛ր: Մայրիկը կհագցնի քեզ:
Հայրը գնաց դեպի սենյակի անկյունը, որտեղ լվացարանն էր, և սկսեց սափրվել: Մայրը կանգնեցրեց աղջկան և, կոճկելով նրա զգեստի կոճակները, բացատրեց.
-Սա դեռ Դղյակը չէ: Դղյակը մենք հիմա կգնանք փնտրելու:

Աղջիկն ուրախացավ: Նրան հագցրին իր ամենագեղեցիկ զգեստը, իսկ քայլել ամբողջ օրը մոր ու հոր ձեռքից բռնած` այնքա՜ն հաճելի էր: Լավ կլիներ` երկար փնտրեին այդ Դղյակը:
Կեսօրից հետո ընտանիքը դուրս եկավ խճուղի, որի վրա չընդհատվող հոսքով դղրդում էին ծանր բեռնատարները: Անցորդներ համարյա չկային:
-Սա, ախր, արվարձան է, սիրելիս,- տագնապած ասաց մայրը:
-Ճիշտ է: Իսկ Դղյակը քաղաքի կենտրոնում պետք է լինի:
-Երեկ հացավաճառի մոտ քեզ հաստատ ասացին ձա՛խ թեքվել:
-Իհարկե, ձախ: Գուցե մենք ուրի՞շ լուսանցույցի մոտից թեքվեցինք:

Հայրը, մտահոգված, ձեռքերը ծալեց կրծքին և խորհում էր: Աղջիկը նայեց իր կարմիր կոշիկներին և հանկարծ խղճահարություն զգաց` այնքա՜ն փոշոտ էին դրանք:
-Այո, ուրիշ ելք չկա: Գնացինք ետ,- վերջապես վճռեց հայրը և քայլեց հակառակ ուղղությամբ: Մայրը, դստեր ձեռքը բռնած, հետևեց նրան: Հայրն ավելի ու ավելի արագ էր քայլում` քթի տակ ինչ-որ բան քրթմնջալով: Մայրը սեփական մտքերով էր տարված և փորձում էր ետ չընկնել: Աղջիկը որոշ ժամանակ հնազանդորեն գնում էր նրանց ետևից, բայց հետո կանգ առավ և ասաց.
-Էլ չեմ ուզում գնալ:
-Սպասի՛ր,- կանչեց մայրը հոր ետևից: Հայրը շրջվեց և վեր քաշեց ուսերը.
-Ի՞նչ կարող ես անել այս աղջկա հետ:
Նրա ձայնը անսովոր կամացուկ հնչեց, և դա աղջկան դուր չեկավ: Ավելի լավ կլիներ, եթե գոռար ու հայհոյեր, մտածեց նա:
-Գրկիր նրան,-հրամայեց հայրը, և մայրը, լռելյայն բարձրացնելով դստերը` հասավ նրա ետևից: Չխոսելով, ուս-ուսի, նրանք քայլեցին ճանապարհով: Կինն աստիճանաբար սկսեց ետ ընկնել, և այդ ժամանակ ամուսինն աղջնակին նստեցրեց իր ուսերին:
Ասում են` «Դղյակը սուզվում է մայրամուտի ոսկյա ճաճանչներում»: Երևի հարկավոր է արևմուտք գնալ,- լռությունն ընդհատեց հայրը և թեքվեց դեպի փողոցներից մեկը:
Աղջկա աչքերի առջև հայտնվեց հրե կարմիր գունդը, և նա կկոցեց աչքերը անտանելի լույսից: Հետո, հոր ուսերին նստած, նա երևի քնեց, որովհետև, երբ կրկին բացեց աչքերը` իրեն գտավ արդեն մոր ձեռքերի վրա: Հայրը նստած էր քարե սանդուղքի աստիճաններին, որոնք տանում էին դեպի փակ դարպասները:
-Կրկին անհաջողություն,- ասաց նա մորը, որը կանգնած էր նրա առաջ:
-Ես այնպես էի հավատում, թե մենք ճիշտ ուղու վրա ենք, և` կրկին փակուղի:
-Ոչինչ,- փորձելով ոգևորել նրան, ասաց կինը,- մենգ կգտնենք Դղյակը, չէ՞ որ մեզ հիմա ուրիշ ոչինչ չի մնում:
-Իսպառ տանջեցի քեզ,- մրմնջաց հայրը:
-Այդ մասին մի մտածիր: Ավելի լավ է, մեկ անգամ էլ ամեն ինչ ծանր ու թեթև անենք: -Մենք չափազանց թեթևամիտ էինք:
Հայրը դանդաղորեն վեր կացավ տեղից և թքեց ճանապարհի կողմը:
-Մենք չունենք քարտեզ,- ասես բարձրաձայն մտորելով,- ասաց նա:-Եվ Դղյակը չի էլ լինի քարտեզի վրա…
-Բայց մենք ունենք կամք: Եթե շատ ցանկանանք` անպայման կիրագործվի, թեկուզ դրա վրա ծախսվի ամբողջ կյանքը,- սփոփում էր կինը:
-Ճշմարիտ է: Իհարկե, ճշմարիտ է:
-Հիշիր, երբ որոշեցինք ամուսնանալ` նույն բանն էր:
Խոսակցությանը միջամտեց աղջիկը.
-Իսկ երբ դեռ ամուսնացած չէիք, դուք էլի՞ հայրիկ ու մայրիկ էիք:
Ամուսինները նայեցին միմյանց և ծիծաղեցին:
-Մենք երեխաներ էինք,- ասաց հայրը:
-Իսկ ես ո՞վ էի,- կրկին հարց տվեց աղջիկը:
-Դու այն ժամանակ դեռ չէիր ծնվել:
-Իսկ ո՞վ էի ես, երբ դեռ չէի ծնվել:
Հայրը, չիմանալով ինչ պատասխանել, նայեց մորը:
Այդ պահին լապտերի տակ գտնվող փոքրիկ դռնակից հայտնվեց մի ջահել տղամարդ: Նա մոտեցավ հորը և կամացուկ ինչ-որ բան փսփսաց նրա ականջին: Մայրը, տագնապած, իրեն սեղմեց երեխային:
Հոր դեմքը լուսավորվեց, նրա զրույցն անծանոթի հետ դառնում էր ավելի ու ավելի աշխույժ: Այնուհետև, բաճկոնի գրպանից դուրս բերելով ծրարը, հայրը նրա միջից ինչ-որ թղթեր հանեց և հանձնեց երիտասարդին: Վերջինս կանգնեց լապտերի տակ և սկսեց հաշվել, իսկ հայրը վերադարձավ և ուրախ հայտնեց մորը.
-Այս մարդը մեզ Դղյակ կտանի:
-Իսկապե՞ս կտանի,- տագնապով հարցրեց մայրը, կասկածանքով նայելով անծանոթին, սակայն վերջինս շրջվեց և ժպտաց նրան.
-Մի՛ անհանգստացիր, տիկին: Ես ձեզ պես շատերին եմ բազմիցս տարել այնտեղ: -Երախտապարտ կլինեք ինձ: Եվ ես դա անում եմ ոչ հանուն դրամի:
-Այսպես թե այնպես` հավերժ այստեղ ցցված մնալ չենք կարող,- ասաց հայրը:- Հավատանք նրան և առաջ գնանք:
Ջահել տղամարդը ընտանիքին տարավ իր ետևից: Նրանք երկար շրջում էին նեղլիկ, ամայի փողոցներով: Առանձնապես մութ տեղերում ուղեկցողը վառում էր գրպանի լապտերիկը:
-Այնտեղ հասնել կարելի է տարվա միայն այս եղանակին: Ամենալավ ժամանակն է, այո, և տեղ էլ հիմա` որքան ասես: Մարդիկ քիչ բան գիտեն Դղյակի մասին, իսկ այնտեղ գովազդով չեն զբաղվում: Այնպես որ, առանց ինձ նման ուղեկցողի գլուխ չեք հանի…
Երիտասարդն անդադար խոսում էր, և, լսելով նրա զվարթ, համոզված ձայնը, մայրը քիչ-քիչ խաղաղվեց:
-Ես անհարմար եմ զգում, որ այս տեսքով եմ,- ասաց նա ուղեկցողին:
-Սարսափելի ոչինչ չկա: Այնտեղ հագուստի վրա ոչ ոք ուշադրություն չի դարձնում: Եվ հետո, ես ձեզ կներկայացնեմ ինչպես հարկն է: Ես այնտեղ բոլորին գիտեմ, հաշվեք, որ ձեր բախտը բերել է: Առանց ինձ նման ուղեկցողի, գիշերով այս ճանապարհը գտնել հնարավոր չէ,- գլուխ էր գովում երիտասարդը:- Ահա՛, համարյա հասել ենք: Սպասեք ինձ այստեղ: Ես գնամ, համաձայնեցնեմ, երբ նրանք հայտնվեցին ինչ-որ բլրի ստորոտում:

Վերևում ամեն ինչ սևով էր պատված: Աղջիկն ու նրա ծնողները կանգնած էին ճամփեզրին և նայում էին բլուրն ի վեր բարձրացող ուղեկցողի թիկունքին: Վերջինս հանկարծ կանգ առավ և շրջվեց:
-Ահա թե ինչ. թերևս իմ լապտերիկը ձեզ տամ: Երբ վերևում վառվի լույսը, դա ձեզ համար ազդանշան կլինի, որ գաք: Ես ձեզ այնտեղ կդիմավորեմ: Ինքս առանց լապտերիկի էլ կարող եմ բարձրանալ, ճանապարհը ծանոթ է,- բարձր կանչեց տղամարդը և սկսեց իջնել: Հայրը մոտ գնաց և վերցրեց և վերցրեց լապտերիկը:
Հետո ընտանիքը երկար սպասում էր մթության մեջ: Գիշերային լռությունն աստիճանաբար տարրալուծում էր հանգիստ համոզվածության այն մթնոլորտը, որն ստեղծել էր ուղեկցողի կենսախինդ շատախոսությունը:
-Ամեն բան կարգի՞ն է,-շշնջաց մայրը:
-Չգիտեմ…Արի մի քիչ էլ սպասենք,-պատասխանեց հայրը` տանջահար հայացքը գիշերային խավարին հառած:-Ես նրան տվի փողի կեսից ավելին:
-Օ՜, աստվա՜ծ իմ,-հառաչեց մայրը: Նրա ձայնից վախեցած` աղջիկը, որի քունը տանում էր և որը սկզբում չէր զգացել ծնողների լարվածությունը, լաց եղավ:
-Հարկավոր չէ նյարդայնացնել երեխային,-գրգռված նետեց հայրը:
Մայրը լուռ գրկեց աղջկան:
Նրանք սկսեցին բարձրանալ բլուրն ի վեր, լապտերիկով լուսավորելով ճանապարհը: Երկար կանգնելուց և աճող տագնապից նրանց ոտքերն ասես բամբակյա լինեին, իսկ վերելքն անվերջանալի էր թվում: Աղջիկը , մոր մեջքին տաքացած, թմրել էր: Երկօրյա տպավորություններից ու հուզմունքներից նա այնպես էր հոգնել, որ չէր զգում սեփական մարմինը:
-Թանկագինս, մենք արդեն վերևում ենք,-շշնջաց մայրը:
Ոտքերի տակ հարթ ճանապարհ էր. վերելքն ավարտվել էր:
-Կարծես այդպես է,- արձագանքեց հայրը, և նրա ձայնն ասես տարրալուծվեց գիշերային խավարում:
-Լապտերիկով լուսավորիր,- կրկին շշնջալով խնդրեց մայրը:
-Հիմա:
Հայրը լապտերիկի լուսաշեղբով կտրատեց խավարը: Շուրջը ոչինչ չկար:
-Ինչ-որ դաշտեր են:
-Այո: Դաշտեր:
Շենք հիշեցնող ոչինչ չկար: Եթե աչքերը լարեին խավարի մեջ, ոտքերի տակ կարելի էր տարբերել միայն ճանապարհի ժապավենը, որը հեռուներ էր տանում:
-Մի՞թե մեզ խաբեց,- հարցրեց մայրը: Նրա դողացող ձայնում հնչում էր հուսահատությունը:
Հազիվ քարշ տալով ոտքերը, ընտանիքը քայլեց դաշտի միջով: Դա նման էր երազի. քայլ ես անում, բայց տեղից չես շարժվում: Ժամանակ առ ժամանակ հայրը լապտերիկով լուսավորում էր չորսբոլորը, սակայն ճառագայթը կորչում էր անթափանց մթության մեջ: Վերջապես նա ասաց.
Ճար չկա, սպասենք մինչև լուսաբաց:
Տեղավորվելով ճամփեզրին, ընտանիքը պատրաստվեց գիշերել դաշտում: Ցուրտը թափանցում էր մինչև ոսկորները: տաք էր միայն աղջկա համար, որը պինդ քնած էր` սեղմված մոր կրծքին: Ծնողները ցածրաձայն խոսում էին: Մեկ անգամ, երբ աղջիկը շրջվեց քնի մեջ, մայրն այտով հպվեց նրա մազերին: Եվ նա քնի միջից լսեց, թե հայրն ինչպես կամացուկ շշնջաց:
-Քեզ համար ծանր է ինձ հետ: Առանց քեզ երևի կկորչեի…
Անցավ շատ ժամանակ, և աղջիկն արթնացավ, որովհետև արդեն լույս էր: Նա պառկած էր լայնարձակ դաշտում, խոտերի մեջ: Վերից նրան էր նայում հայրը:
-Իսկ ու՞ր է մայրիկը:
Հայրը քնքշորեն գրկեց դստերը և փափուկ ձայնով ասաց.
-Դեհ, շարունակենք մեր ուղին:
-Իսկ մայրի՛կը:
Նա լուռ ու թախծոտ տարուբերեց գլուխը, և աղջիկը հասկացավ, որ մոր մասին հարցնել չի կարելի: Նրան թվաց, թե հայրը գիշերվա ընթացքում մի տեսակ միանգամից կռացել է, ծերացել: «Ուրեմն հարկավոր է, որ ես ուրախ լինեմ երկուսիս փոխարեն»,-մտածեց աղջիկը:
Այդ օրը, երբ քայլում էին ճանապարհով, հայրը նրան շատ բաների մասին պատմեց: Իրենց գլխավոր նպատակը,- Դղյակը գտնելը,- իհարկե, շատ կարևոր է, ասում էր նա, սակայն պակաս կարևոր չէ ուղին, որով իրենք գնում են դեպի այդ նպատակը: Դուստր զգում էր, որ հոր խոսքն ուղղված է ոչ այնքան իրեն, որքան չքացած մորը: Եվ էլի նրան թվում էր, թե ինքը բավական մեծացել է: Մոր մասին աղջիկն այլևս չէր հարցնում. նա հասկացել էր, որ կան բաներ, որոնց մասին չեն խոսում:
Որոշ ժամանակ անց նա հանկարծ նկատեց, որ իրենք դուրս եկան նույն այն փողոցը, որով գնում էին սկզբում:
-Հայրիկ, նույն փողոցն է,-գոչեց աղջիկը, քաշելով հոր թևը: Վերջինս նայեց չորսբոլորը և տարակուսած պատասխանեց.
-Այո՞: Ինչ-որ չեմ մտաբերում:
Հոր կերկերուն, անկամ ձայնից աղջիկը մեկ անգամ ևս զգաց, թե ինչպես է նա ծերացել: Եվ դիտմամբ բարձրաձայն, որպեսզի ոգևորի նրան, շարունակեց.
-Նայիր, ահա այն բլիթավաճառի խանութը, որտեղ դու ճանապարհի մասին հարցրիր:
Հիշու՞մ ես:
-Բլիթավաճառի խանու՞թը,- հարցրեց նա, ապարդյուն լարելով հիշողությունը:
-Դե, իհարկե, նայիր,-մատով ցույց տվեց աղջիկը: Խանութի ապակու ետևում նա տեսավ նույն այն գանձապահուհուն, որը նրան «լավիկ» անվանեց:
-Բարի օր, մորաքույր,-կանչեց նա, մտնելով խանութը:
-Բարով եկաք,-պատասխանեց գանձապահուհին:
-Հիշու՞մ եք, ինչպես ձեզանից բլիթ գնեցինք,-հարցրեց աղջիկը:
-Իսկապե՞ս: Այդ ե՞րբ,-զարմացավ կինը:
-Ինչպե՞ս թե: Ես կանգնած էի ա՜յ այստեղ, մայրիկիս կողքին…-Սկսեց բացատրել աղջիկը:
-Ա՜խ, իսկապես, նույն աղջիկն է,-զարմացավ գանձապահուհին:-Ինչպե՜ս ես մեծացել: Այն ժամանակ դու… հինգ տարեկան էիր, ճի՞շտ է: Իսկ ու՞ր է մայրիկդ:
Չիմանալով ինչ պատասխանել, աղջիկը նայեց հորը, իսկ վերջինս լուռ բռնեց նրա ձեռքը և դուրս բերեց փողոց: Նա սարսափած նայեց սեփական արտացոլմանը դռան ապակու մեջ և իր առջև տեսավ մոտ տասը տարեկան մի աղջկա: Զարմանալի ոչինչ չկա, մտածեց աղջիկը, չէ՞ որ հայրիկն այնպե՜ս ծերացած է: Եվ մոր մասին հիշողություններն էլ են խամրել, ջնջվել: Հոր հետ նրանք շարունակեցին քայլել, և արդեն պարզ չէր, թե ով է ում ձեռքը բռնած առաջնորդում` տղամարդը աղջկա՞ն, թե աղջիկը տղամարդուն:

Անցավ բավականին ժամանակ,- ոչ այն է` մի քանի ժամ, ոչ այն է` մի քանի տարի,- և հայրը դստեր հետ հայտնվեց պահեստ հիշեցնող մի վիթխարի շենքի դռան առջև:
-Ահա վերջապես և մեր Դղյակը,-ասաց հայրը:-Որքա՜ն երջանիկ կլիներ մայրդ: Միայն ափսոս, որ չափազանց ուշ է:
Աղջիկը,-ոչ, արդեն համարյա հասուն օրիորդ,-խոր շունչ քաշելով հակաճառեց.
-Կյանքում ոչինչ չափազանց ուշ չէ, հա՛յր: Մի՛ տխրիր:
-Այո՛, ճշմարիտ ես,- պատասխանեց հայրը:- Դեհ, սպասիր ինձ այստեղ: Գնամ իմանամ ինչն ինչոց է:
-Հայրի՛կ, թող օձիքդ ուղղեմ:
Օրիորդը հայացքով ուշադիր տնտղեց հորը, ինչ-որ տեղ ինչ-որ բան ուղղվեց, հարթեց, և հայրը, կորամեջք, մտավ շենք, որի պատերը չունեին և ոչ մի լուսամուտ:
Դուստրը հայացքով ուղեկցեց նրան, հետո, շրջվելով դեպի փողոց, նայեց շուրջը: Մայթի վրա երեխաները քարկտիկ էին խաղում, հակառակ կողմում, ծառերի ստվերում, շշնջում էին սիրահարները, հեռվում, գետակի մոտ, նստած էին ձկնորսները:
Ի՞նչ ես անում այստեղ,-ետևից հնչեց ջահել, զրնգուն ձայնը: Շրջվելով, օրիորդը տեսավ ամուր, մարզիկի կազմվածքով մի պատանու, որը, ոտքերը լայն բացած, կանգնած էր մայթեզրին և ուրախ ժպտում էր: Օրիորդն անսպասելի հուզմունք զգաց` պատանու աչքերն այնքան պարզ էին, լույսով լեցուն, որ կարծես տեսանելի էր նրա հոգու խորքը:
-Հորս եմ սպասում:
-Իսկ որտե՞ղ է նա:
Հենվելով շենքի պատին, նրանք սկսեցին զրուցել: Պատանին բարձրաձայն քրքջաց.
-Դղյա՞կ: Անհեթեթություն: Աշխարհի երեսին գոյություն չունեն դղյակներ:
-Դու վիրավորում ես հորս,-բացականչեց օրիորդը, և աչքերը լցվեցին արցունքով: Նրան այնքա՛ն դուր եկավ այդ պատանին, բայց հիմա պատրաստ էր ատել նրան: Նրա աչքերում արցունք տեսնելով, պատանին միանգամից լրջացավ.
-Ներիր ինձ, խնդրում եմ: Ես միտք չունեի վիրավորելու: Պարզապես ինձ թվում է, որ դու, այդքան ջահել, գլուխդ չպետք է լցնես անհեթեթ ցնորքով:
-Հայրս ամբողջ կյանքում փնտրում է այդ Դղյակը: Մենք այնքան ենք քայլել, այնքա՜ն ենք քայլել…
-Սակայն դա նրա՛ կյանքն է: Իսկ դու իրավունք ունես այլ կերպ ապրելու, ինչպես ցանկանաս: Գնանք ինձ հետ, զբոսնենք նավակով: Մեզ` ջահելներիս համար, ծովից լավ բան չկա:
Օրիորդը սրբեց արցունքները և բացասաբար տարուբերեց գլուխը.
-Ոչ, ես չեմ կարող հորս մենակ թողնել այստեղ:- Ասաց և մտածեց. վերջ, այս պատանուն այլևս չեմ տեսնի, և նրա սիրտը կծկվեց ցավից: Իսկ պատանին հանկարծ ամուր բռնեց նրա ձեռքը և առաջարկեց.
-Ահա թե ինչ: Գնա ներս և որոնիր հորդ: Այդպես ավելի լավ է, քան ցցվել այստեղ չգիտես որքան: Ես կսպասեմ:
Օրիորդն իրեն հանկարծ անչափ թեթևացած զգաց: Նրա լացակումած դեմքը լուսավորվեց երախտապարտ ժպիտով, և նա պատասխանեց պատանու ձեռքսեղմումին: Եվ վազքով նետվեց դեպի շենքի դուռը:

Ներսում կիսամութ էր: Մուտքի մոտ, սեղանի վերևում, երևում էր սպիտակ ցուցանակը, որի վրա գրված էր «Գրանցում», բայց այնտեղ ոչ ոք չկար: Սանդուղքը վերև էր տանում, և օրիորդը սկսեց բարձրանալ փայտե աստիճաններով, ձեռքով հենվելով մաշված բազրիքին: Վերելքն ավարտվեց պատի մոտ, որից վեր` էլի սանդուղք կար: Նրա ետևում նորից պատ էր և նոր սանդղահարթակ: Եվ էլի, և էլի: Օրիորդը համառորեն բարձրանում էր վեր ու վեր: Նա զգում էր, որ յուրաքանչյուր աստիճան իրեն ավելի ու ավելի էր հեռացնում դրսում սպասող պատանուց: Նրան արդեն թվում էր, թե ոչ մի ԴՈՒՐՍ ընդհանրապես գոյություն չունի: Կա միայն այս անվերջանալի սանդուղքը, և ուրիշ ոչինչ: Սակայն, ի վերջո, օրիորդը հայտնվեց ինչ-որ դռան առջև: Նա ձեռքը քսեց դռան փայտյա մակերեսին, հետո ականջով հպվեց ու լսեց:
Նրան թվաց, թե մարդկային ձայներ է լսում, ավելի ճիշտ` միայն հոր ձայնը: Այնքան ծանոթ այդ ձայնը ինչ-որ մեկին հպարտությամբ պատմում էր իր` դստեր մասին: Եվ պարզ էր, որ պատմողը երբեք չէր հոգնի այդ մասին խոսելուց:
Օրիորդը ժպտաց և հրեց դուռը:

-Հայրիկ,-քնքշորեն կանչեց նա և առավել ուժգին հրելով` պատրաստվեց անցնել շեմքը, և քիչ մնաց ընկներ, հազիվ հասցնելով կառչել բռնակից:
Դռան ետևում ոչինչ չկար` ո՛չ սենյակ, ո՛չ պատեր, ո՛չ երկինք: Դատարկություն: Օրիորդը նայում էր Ոչնչի մեջ: «Դատարկությունը նույնիսկ տեսնել հնարավոր չէ», անցավ նրա մտքով: Եվ նա գիտեր, թե շրջվելով` չի տեսնի սանդուղքը, որն իրեն այստեղ բերեց:

 Թարգմանությունը՝ Գուրգեն Խանջյանի

Տեքստի թվայնացումը՝ Աշոտ Գաբրիելյանի

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին