Տավուշի սահմանին հուլիսյան ռազմական գործողությունների ժամանակահատվածում, երբ ՀՀ վարչապետի տիկին, հասարակական գործիչ Աննա Հակոբյանը լուսանկարներ հրապարակեց զինվորական հագուստով, հասարակության մի հատված սկսեց քննադատել Աննա Հակոբյանի այդ կերպարը: Քաղաքացիներն առավել սևեռվել էին վարչապետի տիկնոջ այն հրապարակման վրա, որտեղ վերջինը խաղաղության կոչով էր հանդես եկել և հայտարարությանը կցել էր զինվորական հագուստով լուսանկար:
Այսօր «Ազատություն» ռ/կ-ի եթերում անդրադառնալով այդ հարցին՝ Աննա Հակոբյանն ասաց. «Այո, առաջիկայում կրկին պատրաստվում եմ հանդես գալ զինվորական կերպարով: Հասարակության կողմից ընկալվել-չընկալվելու հարցը չեմ հասկանում: Չնայած հասկանում եմ, որովհետև քննարկման առարկա շատ է դառնում, շահարկումներ էլ շատ են լինում, բայց առաջին հերթին ուզում եմ հիշեցնել, որ ես միակ կինը չեմ, որ զինվորական համազգեստ է կրել... Որոշ ուժեր շատ են սիրում ամեն դետալ մեծ աղմուկի վերածել և յուրաքանչյուր քայլի հետևում քննարկումներ հրահրել՝ ի վնաս ինձ և իմ ամուսնու»: