Ռուսահպատակ հայ գործարար Լևոն Հայրապետյանի կալանքը եկարաձգված է մինչև դեկտեմբերի 15-ը: Հայրապետյանի պաշտպանները թեև մինչ այդ արդեն հանդես էին եկել միջնորդությամբ, որ պատրաստ են շատ խոշոր գումար գրավ վճարել Հայրապետյանի գրավով ազատ արձակման համար ու հայտնել էին, որ եթե հարկ լինի կբերեն նաև ռուս մի շարք հեղինակավոր անձանց գրավոր երաշխավորությունը, այնուամենայնիվ, ուսական իրավապահ համակարգը մնաց անդրդվելի` պատճառաբանելով, որ ազատ արձակման դեպքում վերջինս կօգտագործի իր ֆինանսական հնարավորություններն ու կապերը ի վնաս նախաքննության:
Սա կարող է խոսել միայն մի բանի մասին. Լևոն Հայրապետյանի կալանավորումը պատահական չէր ու այստեղ դժվար թե առանց Կրեմլի հավանության նման անդրդվելիություն ցուցաբերվեր: Ի վերջո այստեղ խոսքը ոչ թե հասարակ մի քաղաքացու կամ ներգաղթյալի մասին է, ում կարելի է նույնիսկ կանացի խալաթ հագցնել, այլ մի մարդու, որ ռուսական պետական վերնախավի շատ ներկայացուցիչների հետ ունի ջերմ հարաբերություններ, ազդեցիկ է, տիրապետում է լուրջ ֆինանսական ռեսուրսների ու կապերի:
Չխախտելով հանդերձ անմեղության կանխավարկածը, անշուշտ չենք կարող նաև չբացառել այն տարբերակը, որ Հայրապետյանն հնարավոր է ինչ որ մասնակցություն ունեցած լինի "Բաշնեֆթ"-ի հետ կապված մեքենայություններին: Սակայն եթե նույնիսկ դա այդպես է, ապա դժվար թե վերջինս միայնակ գործած լինի. գոնե նմանատիպ հանցագործությունների հայտնի պատմությունները հուշում են այն մասին, որ սովորաբար այդ դեպքերում գործում է շղթա, որը ունենում է իր "տանիքը" պետական ամենաբարձր մակարդակով: Ու սա աչքի առաջ ունենալով և հաշվի առնելով նաև ռուսական օլիգարխիկ համակարգի բուրգը, այդ շղթայում դժվար թե Լևոն Հայրապետյանը լինի առաջանգծային: Ավելի շուտ հակառակն է` նա ամենաթույլ օղակն է կամ թույլ օղակներից մեկը: Ստացվում է, որ Հայրապետյանն ուղղակի այս գործի շրջանակներում Կրեմլի համար պետք է հանդիսանա "լեզու" ավելի վեր կանգնածներին բացահայտելու համար, իսկ ավելի պարզ ասած այն մարդուն կամ մարդկանց բացահայտելու համար, ովքեր գուցեև "թռել են Պուտինի գլխից": Եթե դա այդպես է ապա այստեղ պետք է խոսել զուտ ռուսական ներ-բարձրագույն պետա-օլիգարխիկ զտման մասին: Ի դեպ այս գործով ավելի ազդեցիկ մեկը հիմա ցմահ է նստած բուն ռուսական վերանխավից:
Սակայն կա նաև այլ հարց: Հայրապետյանը ղարաբաղցի է ու ամեն կերպ աջակցում է Ղարաբաղին: Վերջին սահմանային լարվածությունը, դրանից առաջ Ղարաբաղի` որպես խաղաքարտ ասպարեզ բերվելը Նազարբաևի կողմից Աստանայի հանդիպմանը և այլ դեպքեր, ակամա հուշում են, որ կա նաև զուտ քաղաքական կամ ռեգիոնալ-քաղաքական բաղադրիչ Հայրապետյանի կալանավորման, ասել է թե ժամանակավորապես, լիակատար կամ հարաբերական չեզոքացման գործում, որի ընթացքում արդեն Կրեմլը կիրականացնի այն, ինչ նախատեսել է Ղարաբաղի հարցում: Սա ինչ որ տեղ ահազանգ կարող է լինել հայերի համար, որ Մոսկվայի պլանները Ղարաբաղի հարցում կամ այնքան էլ հայանպաստ չեն:
Մյուս կողմից էլ, գոնե հայկական կողմի հակազդեցությունը սահմանային լարվածությանը հաշվի առնելով, Մոսկվան հասկանում է, որ Ղարաբաղը համահայկական համազգային մի հարց է Հայոց Ցեղասպանության նման, որի գոնե հարաբերական ոչ-հայանպաստ լուծումը կարող է հավիտենապես հայ ժողովրդի համար ռուսին դարձնել ատելի: Իսկ հայ ժողովուրդ ասածը դա նախ և առաջ Հայկական Սփյուռքն է իր վիթխարի հնարավորություններով ու ռեսուրսներով: Այ իսկ եթե նույն Ղարաբաղի հարցը լուծվի գոնե հարաբերական հայանպաստ դիրքերից, ապա նույն հաջողությամբ կարող ենք ասել, որ Պուտինը հավիտենապես կշահի հայ ժողովրդի անկեղծ սերն ու վստահությունը:
Անշուշտ նաև զուտ ռոսւական իշխանական տեսանկյունից Հայրապետյանի հանդեպ նման վերաբերմունքը կարող է լինել ուղերձ ուղղված ողջ ռուսահայ վերանխավին գռեհիկ ասած` "տեղում խելոք լռվելու":
Ինչ էլ լինի, Լևոն Հայրապետյանի գործը կարող է նաև շատ արագ լուծվել: Ու այդ դեպքում ամոթով կմնան բոլոր նրանք, ովքեր այս փուլում կատարյալ լռություն են պահպանել: Չէ որ Հայրապետյանը և Հայաստանի և ռուսահայ համայնքի և Ղարաբաղի և Հայ Առաքելական Եկեղեցու համար շատ լավ բաներ արել է, իսկ այժմ, գոնե ձևական աջակցության զորակցության խոսքեր չի լսում: Ասենք նույն մեր կամ ղարաբաղյան իշխանությունները կամ նույն Գարեգին Բ-ն ոնց են վաղը մյուս օրը Լևոն Հայրապետյանի աչքերին նայելու կամ առավել ևս "փող ուզելու" եթե այսօր իր համար դժվար պահին ուղղակի թքած ունեն ու որևէ կերպ չեն փորձում մարդուն օգնել, ավելին փորձում են Հայաստանում կոծկել հանրային ընդվզումը: Ի դեպ, Կրեմլը եթե մերժեր էլ ՀՀ նախագահի միջնորդությունը, ապա դժվար թե մերժեր կաթողիկոսի միջնորդությունը գոնե ամբողջ աշխարհի հայերին սիրաշահելու համար թեկուզ մասամբ կբավարարեր կաթողիկոս Գարեգին Բ-ի միջնորդությունը: Իսկ վերջինս այնպես է պահում իրեն, ասես ոչ շքանշան է տվել Հայրապետյանին, ոչ վերցրել է նրա բավական մեծ գումարների նվիրատվությունները: