Life.panorama.am-ը գրում է, որ զրուցել է հայտնի հաղորդավար Արամ Չախոյանի հետ, ով երկար տարիների հեռուստատեսային գործունեությունից հետո վերջին տարիներին այլևս չի ներկայանում որևէ հեռուստատեսությամբ:
Արամ, այս շրջանում ինչո՞վ եք զբաղված:
Արդեն վեց տարի է` «Տոսպա» ռադիոընկերության տնօրենն եմ. մեզ մոտ բացառապես լրատվական ծրագրեր են, մենք չունենք երաժշտություն, զվարճալի ծրագրեր, հիմնական շեշտը դնում ենք լրահոսի եւ մասնագիտական կարծիքների վրա: Մենք այն քիչ ռադիոընկերություններից ենք, որ ի սկզբանե բարդ, բայց մեր կարծիքով հետաքրքիր ճանապարհ ենք ընտրել, իհարկե, կարող ենք մի քանի հարյուր սիրված երգեր հավաքել, իրար հետեւից տեղադրել, ընթացքում գովազդ դնել, զվարճալի հաղորդումներ, բայց մենք դա չենք ուզում, մեզ համար դա հետաքրքիր չէ: Բացի այդ, զբաղված եմ երկու ռադիոծրագրերով՝ «Օգտակար առավոտ» եւ հեղինակային «Տետատետ» հաղորդումներով: «Տետատետ» ծրագիրը հարցազրույցի ժանրում է, փորձում եմ հրավիրել տարբեր ոլորտների հետաքրքիր մասնագետների, ովքեր կկարողանան նոր բացահայոտւմներ անել: Այս ռադիոհաղորդման նպատակն է ոչ թե բացահայտել հյուրին ռադիոլսողի համար, այլ հյուրի օգնությամբ հնարավորինս հետաքրքիր ներկայացնել այս կամ այն ոլորտը, երեւույթը, իրադարձությունը:
Արամ, երկար տարիների հաջող գործունեությունից հետո ինչո՞ւ հեռացաք հեռուստատեսությունից:
Արդեն որքան ժամանակ է, ինչ ոչ մի գործունեություն չեմ ծավալում հեռուստատեսությունում, որովհետեւ այն, ինչ այսօր տեսնում եմ հեռուստատեսությամբ, ինձ չի գրավում: Այն, ինչ կցանկանայի անել հեռուստատեսությամբ, կարծես թե չի հետաքրքրում այսօրվա հեռուստադաշտին: Իմ հետաքրքրությունները տարածվում են գիտակրթական, ճանաչողական բնույթի հաղորդումների շրջանակներում, որոնք մեր օրերում, այսպես ասած, հարգի չեն եւ մեր հեռուստաընկերությունները դրա անհրաժեշտությունը չեն զգում: Ես չեմ ուզում հեռուստատեսություն կրկին մտնել շոու-ծրագրեր կամ զվարճալի հաղորդումենր անելու համար:
Իսկ հեռուստադիտողի կողմից մոռացվելու վախ չունե՞ք:
Ես շատ անկեղծ պետք է ասեմ, որ ինձ մոտ ոչ մի զգացողություն չկա, թե ես ինչ-որ մի բան բաց եմ թողնում, կամ դուրս եմ մնացել հեռուստադիտողի ուշադրության դիտակետից: Ավելին ասեմ՝ այսօր ինձ համար ավելորդ ուշադրությունն ու ճանաչվածությունը դժվարություն է, որովհետեւ դա մարդուն պարտավորեցնում է: Հեռուստադիտողը, էկրաններին տեսնելով որեւէ հաղորդավարի, կամ հայտնի մարդու՝ ունի իր պատկերացումները նրա մասին, ինչը տվյալ «հայտնի» մարդուն ստիպում է անընդհատ լինել զգոն, որպեսզի մշտապես արդարացնի իր հանդեպ եղած պատկերացումները: Ես խուսափում եմ ճանաչված լինելուց, ռադիոն իմն է, այստեղից ես սկսել եմ իմ ճանապարհը, այստեղ ես ինձ լավ ու ազատ եմ զգում: Հիմա, երբ հետ եմ նայում հեռուստատեսային գործունեությանս, հասկանում եմ, որ այն, ինչ կցանկանամ անել, ինձ ավելի հեշտ է իրականացնել ռադիոյում, քան հեռուստատեսությունում: Ռադիոընկերության ձեւաչափը ավելի լայն է, ճկուն եւ ընդարձակ ինձ համար:
Իսկ գոնե հետեւո՞ւմ եք մեր հեռուստաընկերությունների այսօրվա աշխատանքներին:
Մի քանի հեռուստաընկերություններ կան, որոնք ըստ իս իրենց ծրագրային ցանկում ունեն հաղորդումներ, որոնք ինձ որպես հեռուստադիտողի հետաքրքիր են: Խոսքը ճանաչողական, ուսումնական բնույթի հաղորդումների մասին է: Այսօր գրեթե բոլոր հեռուստաընկերությունները տալիս են նորություններ, որոնք քիչ, թե շատ վատ չեն աշխատում, տալիս են զվարճալի ծրագրեր, որոնց մեջ մտնում են նաեւ սերիալները, որոնք կոչված են հեռուստադիտողի ժամանցը ապահովելուն, բայց հեռուստաընկերության երրորդ՝ կրթող նշանակությունը այսօր աչքաթող է արվում: Մեր հեռուստաընկերությունների ճնշող մեծամասնությունը հեռուստատեսության այդ երրորդ առաքելությունը չեն ուզում, կամ գուցե ճիշտ չեն համարում կատարել, որն ինձ համար առաջնային հարց է:
Արամ, երբեւէ չե՞ք մտածել անձամբ որեւէ նման հեղինակային հաղորդմամբ ներկայանալու մասին:
Ես իմ տեսակով չեմ սիրում խնդրել: Իմ կյանքն այնպես է դասավորվել, որ ես կարողացել եմ մասնագիտորեն լավ աշխատել եւ կոպիտ ասած, իմ տեղը բոլորը գիտեն: Կարծում եմ, ինձ ներկայացնելու կարիք չկա, բոլորն էլ գիտեն ինձնից ինչ կարելի է սպասել: Ես 12 տարի աշխատել եմ հեռուստատեսությունում, որից 7 տարին ուղիղ եթերով փորձել եմ հեռուստադիտողի հետ առավոտը սկսել: Այսինքն՝ ինձ համար ցանկացած ձեւաչափում հեռուստատեսային աշխատանքում դժվարություններ չկան: Եթե ես պետք լինեմ, ինձ կարող են գործնական առաջարկ անել:
2013-ին վթարի ենթարկվեցիք, որը բավականին ծանր կերպով անդրադարձավ Ձեր առողջության վրա, հիմա վերջնականապես ապաքինվե՞լ եք:
Ես ապաքինվել եմ 98.5 տոկոսով: Ճիշտ է, այն 1.5 տոկոսը, իհարկե, զգացնել է տալիս վթարի հետեւանքները, բայց, այնուամենայնիվ, ես ինձ լիարժեք առողջ եմ զգում, ոտքի վրա եմ, գտնվում եմ աշխատանքային եւ հասարակական ակտիվ պրոցեսում: Այսինքն, Փառք Աստծո, ոչնչից չեմ նեղվում: Իհարկե, վթարը մոտ 1-1.5 տարի ինձ հետ գցեց լիարժեք գործունեությունից, բայց հիմա Փառք Աստծո, ի ուրախություն ինձ, հարզատներիս, ինչու ոչ նաեւ ռադիոլսողներիս՝ վերադարձել եմ նորմալ կանոնավոր կյանքիս:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում