Armtimes.com-ը գրում է. Համբուրգում կայացած ԵԱՀԿ արտգործնախարարների հանդիպման եւ ԼՂ հակամարտության վերաբերյալ Մինկի խմբի համանախագահող երկրների ներկայացուցիչների հայտարարության մասին կայքը զրուցել է ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի հետ.
- Պարոն Բաբայան, ինչո՞ւ Համբուրգում չկայացավ Նալբանդյան-Մամեդարյով հանդիպումը, հայկական կո՞ղմն է հրաժարվել հանդիպումից:
- Հայկական կողմը երբեւիցե չի հրաժարվել որեւէ կառուցողական երկխոսությունից, եթե այդ հանդիպումը տեղի չի ունեցել, արտառոց դեպք չէ: Ընդհանրապես, ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ հանդիպումները նախօրոք են ծրագրվում, եւ դրա մասին հայտարարվում է եւ ունենում է առարկայական քննարկումների տեսք: Համբուրգյան հանդիպումն արտգործնախարարների հանդիպում էր, ուրիշ ենթատեքստ ունի: Ադրբեջանի պահվածքը տանում է նրան, որ այդ հանդիպումները դառնում են ավելի հազվադեպ, եւ սրա մեղքը միմիայն Բաքվինն է, որովհետեւ չի կարելի գալ համաձայնության՝ այս կամ այն քայլը կատարելու, հետո կոպտորեն խախտել այն, հերոսացնել մարդասպաններին, հայտարարել, որ Երեւանն էլ է ադրբեջանական քաղաք:
- Ադրբեջանի արտգործնախարարը նախապես համաձայնություն էր տվել 3+2 ձեւաչափով հանդիպմանը, եւ երեկ հանդիպման չկայանալու համար մեղադրում էր հայկական կողմին, ի՞նչ կասեք այս մասին:
- Եթե Ադրբեջանն ինչ-որ բան հայտարարում է, դա չի նշանակում, որ այն ճիշտ է: Հայտարարում են նաեւ, որ Երեւանն էլ է ադրբեջանական, ի՞նչ է, ասենք՝ այդպե՞ս է: Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչքան ենք լուրջ վերաբերվում այդ պետությանը... Ինչ բացասական խոչընդոտ կա, միմիայն Բաքվի կողմից է, սա փաստ է:
- Համբուրգյան հանդիպումից հետո Մինսկի խմբի համանախագող երկրների ներկայացուցիչները հայտարարությամբ են հանդես եկել՝ կոչ անելով, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները ճկունություն ցուցաբերեն եւ վերադառնան բանակցությունների սեղանին: Հայտարարության մեջ նաեւ ասվում է, որ բանակցություններում առաջընթաց չարձանագրվելու դեպքում, բախումների հավանականությունը շարունակելու է աճել, եւ կողմերը կրելու են դրա ամբողջ պատասխանատվությունը: Սրանով չե՞ն ակնարկում, որ էսկալացիայի դեպքում իրենք որեւէ պատասխանատվություն չեն կրելու եւ միակ մեղավորները լինելու են երկու կողմը:
- Հասկանալի է նման հայտարարությունների դիվանագիտության տրամաբանությունը. կոչ են անում բոլորին, բայց պարզ է, որ ագրեսիայի հետեւում կանգնած է Ադրբեջանը, եւ այն մեսիջ է Ադրբեջանին, բայց մյուս կողմից հավասարության նշան դնելու ժամանակն արդեն սպառվել է: Չի աշխատում էֆեկտիվորեն, պետք է հասցեական եւ կոշտ հայտարարություններով հանդես գան: Եթե Ադրբեջանն է մեղավոր, Ադրբեջանին դիմեն, եթե հայկական կողմերն են մեղավոր, հայկական կողմերին մեղադրեն, բայց չի կարելի հավասարության նշան դնել, եթե մի պետությունում զինծառայողի գլուխ են կտրում, եւ ցույց են տալիս ամբողջ հեռուսատեսությամբ, նշանակում է՝ ինչ-որ ձեւով արդարացվում, ներվում է նման պահվածքը. ժամանակն է, որ ավելի հասցեական հնչեն կոչերը:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում