Մի պահ պատկերացնենք, որ հետևելով ֆեյսբուքյան ակտիվի կոչերին՝ իշխանությունները ՀՀ-ից վտարում են ռուսական 102-րդ ռազմաբազան, աքսորում են բոլոր մալոկաններին և Ռուսաստանի հետ դադարեցնում բոլոր տեսակի դիվանագիտական շփումները...
Ասենք վրացու կողմից որևէ ծանր հանցագործությունից հետո վտարում են բոլոր իձեներին և շվիլիներին...
Պարսիկների կողմից հանցագործությունից հետո խարույկի վրա այրում են այաթոլլային...
Ադրբեջանի կողմից ցանկացած սահմանային միջադեպից հետո դեպի Բաքու են մղում հայկական զինվորական ստորաբաժանումները...
Պատկերացնու՞մ եք, թե որտեղ գլորված կլիներ Հայաստանը, եթե մեր ռեակցիան նմանատիպ դեպքերում համահունչ լիներ ֆեյսբուքում հնչած կոչերին...
Դժվար է, չէ՞, պատկերացնել: Որովհետև պետությունը անգամ ամենասահմռկեցուցիչ ոճրագործության դեպքում պետք է առաջնորդվի զրո էմոցիաների և զսպվածության բանաձևով: Ու սա գիտակցում ենք բոլորս, և, չնայած դրան, ֆեյսբուքում ոչ ադեկվատ քայլերի կոչ ենք անում... Հանցագործության մասին ընդամենը մակերեսային պատկերացումներ ունենալով՝ գլոբալ քաղաքական վերլուծություններ ենք անում և դատավճիռներ հրապարակում...
Մենք դեռ չգիտենք՝ ինչու՞ սարսափելի ձևով սպանվեց մի ամբողջ ընտանիք: Միգուցե սա ահաբեկչությու՞ն է: Այս դեպքում գնահատականներն ու պատժի մեխանիզմները բոլորովին տարբեր են: Միգուցե այդ տականքը ազգայնական հողի վրա՞ է սպանել: Սա ենթադրում է բոլորովին այլ իրավական ընթացակարգ: Միգուցե նա հոգեկան հիվանդ է կամ դրդապատճառները դուրս են այս պահին մեր ենթադրած որևէ պատճառից... Միգուցե սպասե՞նք՝ նախքան վերպետական - համամարդկային - միջմոլորակային հայտարարություններ անելը: Միգուցե մի քիչ սառը՞ դատենք և զսպենք էմոցիաները՝ նախքան այդ տականքի հայտնաբերումն ու հանցագործության իրական պատկերը ստանալը...
Աղոթում եմ զոհերի հոգիների հանգստության և փոքրիկի առողջության համար...
Հիշեցնենք, որ այսօր ողբերգություն է տեղի ունեցել Գյումրիում` Մյասնիկյան փողոցի տներից մեկում, որտեղ սպանել էին ընտանիքի 6 անդամներին: Տվյալ ողբերգության հետևանքով ծանր վիրավորվել է ընդամենը մի քանի ամսական մի երեխա, ում տեղափոխել են հիվանդանոց: Երեխային արդեն վիրահատել են:
Կարդացեք նաև` Ոստիկանությունը որոնում է դաժան սպանության մեջ կասկածվող ռուս զինվորականին