▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մի սիրիահայ աղջկա պատմություն

Շողիկ Չուլջյանն Արցախում ապրում է արդեն 7 ամիս, աշխատում է ԼՂՀ ԿԱ զբոսաշրջության եւ պատմական միջավայրի պահպանության պետական վարչությունում: Մինչ այդ նա ապրում էր Սիրիայի Հալեպ քաղաքում, աշխատում ու ստեղծագործում էր: Ի դեպ, նա շատ լավ նկարում է, ծրագրեր ու սպասելիքներ ունի ապագայի հանդեպ: Սիրիահայ այս աղջկա հայրենիք վերադառնալու առիթն ուրախալի չէ, պատերազմն է, որը խառնեց հայուհու բոլոր քարտերը, միգուցե փոխեց նաեւ ճակատագիրը:

-Այդ ռոմանտիկ, ուժեղ երեւակայությամբ հայուհուց փորձեցի պարզել, թե Երեւանի փոխարեն ինչո՞ւ ընտրեց Ստեփանակերտը, ի՞նչ էր կորցրել ու ի՞նչ գտավ:

- Սրանից մի երեք տարի առաջ, որպես զբոսաշրջիկ եղա Արցախում, եւ մարդկանց ջերմությունը, ընտանեկան ավանդույթները, մարդկային պարզ հարաբերությունները, մեծ տպավորություն թողեցին, սիրեցի երկիրը, ու երբ ժամը հասավ Հալեպից դուրս գալու, հոգեպես ճնշված ու մի տեսակ աշխարհաքաղաքական խաղերից անարգված, ես որոշեցի հենց այստեղ գալ, որտեղ մարդկանց շրջապատում ես ինձ ավելի հանգիստ ու ավելի ընդունված կզգամ, քան ասենք մոդեռն, գեղեցիկ շենքերում ու փողոցներում:
Հիշում եմ, թե ոնց առաջին անգամ իբրեւ զբոսաշրջիկ չկամությամբ եկա Արցախ, երբ ընկերներս պատրաստվում էին գալ, սկզբից հրաժարվեցի երկար ճանապարհ կտրել գալ, ցանկալի չէր, երեւի ճակատագրական էր, որ ի վերջո տեղի տվեցի ընկերներիս համոզումներին, ընդունեցի հրավերն ու եկա, ինչն իմ կյանքում թերեւս անկյունադարձային նշանակություն ունեցավ:
Երբ պահը եկավ եւ որոշեցի գալ Արցախ` շատերն ասում էին, որ կփոշմանեմ, բայց փորձեցի, քանի որ ինձ համար կյանքում կարեւորը որոշումն իրականացնելն է: Եթե նույնիսկ փոշմանեմ, այդ դեպքում ստիպված չեմ լինի ամբողջ կյանքս ինձ խարազանել չփորձելու համար: Չգիտեմ ինչ, բայց մի բան կար, որ ինձ այստեղ բերեց:

-Պատկերացումներդ ի՞նչ չափով արդարացվեցին:

Մարդկանց վերաբերմունքի, ջերմության առումով սպասելիքներս արդարացան: Շատ լավ մարդկանց հանդիպեցի, որ ինձ շրջապատեցին ջերմությամբ ու հոգատարությամբ եւ օգնեցին ինձ առաջին օրերին: Նաեւ հույս ունեի, որ գործ կգտնեմ, ինչը նույնպես արդարացվեց: Մի ասացվածք կա, ասում են քաջերին կյանքը պարգեւատրում է, ես փորձեցի քաջություն անել ու կարծես թե ճիշտ ճանապարհի վրա եմ: Միակ բանը որ նեղում է ինձ` դա տեղի բարբառն է, որը կարծես թե պատնեշի պես լինի, որ չհասկանալով չեմ կարողանում լրիվությամբ ինտեգրվել շրջապատում: Բարբառի չիմացությունը չի թողնում լրիվությամբ հասկանալ դիմացինին, նրա մտածելակերպը, մանավանդ, որ խոսակցականում շատ են օգտագործվում ռուսերեն բառեր, բայց հույս ունեմ, որ դա էլ կհաղթահարվի:

-Կա՞ն բաներ, որ Ձեզ համար զարմանալի ու անսպասելի են:


Ինձ համար զարմանալի ու մի տեսակ անընդունելի է, որ մարդկանց մի մասի մոտ իշխում է երկիրը հնարավորության դեպքում թողնելու գաղափարը: Ասենք` ինձ համար անհասկանալի է, որ ծնողը երեխային ռուսերենի կամ անգլերենի ուսուցման է տալիս` կարծես էն գլխից երեխայի մոտ ծրագիր դնելով, որ ուրիշ երկրում ապրելու դեպքում երեխան լեզվի խնդիր չունենա: Մինչդեռ պետք է երեխայի ապագան կապել հայրենիքիդ ապագայի հետ, եւ ամեն ինչ անել, որ այդ ապագան գեղեցիկ լինի:

-Համատեղելի՞ են արդյոք Շողիկ Չուլջյանի եւ Արցախի ապագան:

-Կյանքն ինձ այնպիսի մի դաս է տվել, որ ես այլեւս հեռահար ծրագրեր չեմ կազմում ու նպատակներ չեմ դնում, քանզի մեկ օրվա մեջ այնպես են փոխվում խաղաքարտերը, պլանները: Ապրում եմ միայն ներկայով ու շատ մոտ ապագայով: Կարող եմ ասել միայն, որ դեռ մեկ տարի ես այստեղ եմ ապրելու:
Մյուս կողմից պետք է ասեմ, որ առաջին անգամ Արցախ այցելությունն այնպիսի ազդեցություն էր գործել, որ կապվածություն էր առաջացել, ու եթե անգամ Արցախում չապրեի, ապրելու էի Արցախով, ասել է թե` անպայման ամբողջ կյանքս պարտավորված էի զգալու ինչ-որ բան անել Արցախի համար:

-Իսկ խորհուրդ կտայի՞ք որեւէ մեկին հարազատներից, ընկերներից, հետեւել Ձեր օրինակին, գալ ու ապրել Արցախում:

-Այո, նրանք, ովքեր վստահ եմ, որ աշխատանք կունենան, ովքեր այնպիսի մասնագիտություն ունեն, որի կարիքն Արցախն ունի, անշուշտ ասել եմ, կասեմ, որ իրենք էլ գան, ու փորձեն հաստատվել այստեղ:

karabakh-open.info

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին