Միակ թերացումս եղել է մեկ տեղում, որ նեղ թայֆայական շահեր առաջ չեմ տարել, ուստի չէի կարող ի սկզբանե համարվել կարեւոր գործունեություն ծավալած պատգամավոր։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանն՝ անդրադառնալով ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությանը, թե Հովսեփյանը ո՛չ անցյալում, ո՛չ ներկայում չի կարող հպարտանալ բուռն պատգամավորական գործունեությամբ։
Նա, մասնավորապես, նշել է.
«Այսօր պարոն Սիմոնյանը իր խոսքում անդրադարձել է ինձ, որպես լուռ, ոչինչ չանող եւ հպարտանալու պատճառ չունեցող պատգամավորի , ով աչքի չի ընկել պատգամավորական գործունեությամբ։ Նշել է նաեւ, որ միգուցե կարող եմ հպարտանալ հասարակական գործունեությամբ, բայց ոչ պատգամավորական։
Պարո՛ն Սիմոնյան , վստա՛հ, այն օրենքները, որոնք ես եմ բերել իմ նախաձեռնությամբ, վերաբերում են չափազանց մեծ շահառուների եւ դրանք կիրառվում են ընդունման օրից եւ այսօր էլ առիթ եմ ունեցել հատուկ շնորհակալության արժանանալ զոհվածի ծնողներից մեկից։ Չհաշված կրթության մեջ արված անհամեմատ մեծ աշխատանքս, որը ո՛չ նախարարությունը կարող է հերքի , ո՛չ ԱԺ–ն։ Գրավոր դիմումներիս քանակը գերազանցում են վստահ եմ ողջ ԱԺ պատգամավորների գումարային 50+%–ինը, ինչը կարող եք պարզել քարտուղարությունից։ Մարզային այցելություններս չունի մրցակցության անգամ համեմատական եւ որեւէ պատգամավոր չի կարող ասել կամ ապացուցել ու հաստատել, որ իմ չափ այցելել է ողջ հանրապետության մարզեր, Արցախ եւ զբաղվել բոլոր խնդիրներով։ Ի դեպ, 99 % սեփական միջոցներով՝ աշխատավարձով։ Գործունեությանս ոլորտները չի սահմանափակվում միայն կրթությամբ, ինչը կփաստեն քաղաքացիները։
Այո՛, միակ թերացումս եղել է մեկ տեղում, որ նեղ թայֆայական շահեր առաջ չեմ տարել, ուստի չէի կարող ի սկզբանե համարվել կարեւոր գործունեություն ծավալած պատգամավոր ։ Դեմ եմ եղել ու շարունակում եմ դեմ լինել բոլոր ապազգային, հակահայ ծրագրերին։ Պատերազմի ժամանակ, թե պատերազմից հետո առանց ամաչելու կարող եմ նայել թե՛ զոհվածի ծնողի, թե՛ գերեվարվածի ծնողի, թե՛ վիրավոր զինվորի աչքերի մեջ։ Թե կարող եք ու ձեր ԴՈՒԽԸ այդքան հերիքում է` դուք էլ նույնն արեք։
Պահանջս է՝ անհարկի չվկայակոչել անունս, քանի որ ես անկախ այն բանից, որ դուրս եմ եկել խմբակցությունից, երբեք անվանական որեւէ մեկին անդրադարձ չեմ կատարել եւ չեմ կատարելու։
Մոնթեն ժամանակին ասել է «Իմ կենացը մի՛ խմեք, իմ գործը շարունակեք»։ Հիմա ես եմ ձեզ ասում նույնը՝ մեջբերելով Մոնթեին Խաղաղություն ձեզ։ Ուրախ եմ, որ հայ եմ…
Հիշեցնենք, որ այսօր ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը գնահատական էր հնչեցրել, որ «Իմ քայլը» լքած պատգամավորներ՝ Սոֆյա Հովսեփյանը, Գոռ Գեւորգյանը, Վարդան Աթաբեկյանը ո՛չ անցյալում, ո՛չ ներկայում չեն կարող հպարտանալ բուռն պատգամավորական գործունեությամբ։
«Սոֆյա Հովսեփյանը միգուցե կարող է հպարտանալ որպես հանրային գործիչ իր աշխատանքով, բայց մնացածի պարագայում՝ ոչ»,– ասել էր ԱԺ փոխնախագահը։