▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Միակ հորդորս է` մեզանից «որոշներն» իրենց այս պատվական տղի հետ չնույնացնեն

Դավիթ Մաթևոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Ասում եմ`մկան տարի է, համացանցն էլ անընդհատ առնետի /մկան/ պես վանդակներում ու ծակերում փակված լինելու ակնարներ է անում: ՄԻ իրոք պատվական ՄԿԱՆ հիշեցի: Արտաշ մկանը: ՄԻԱԿ հորդորս է` մեզանից "որոշները" իրենց այս պատվական տղի հետ չնույնացնեն, թե բա` հայ է, հայ ենք: Ահա պատմությունը հայերեն: Թարգմանել է Լիլիթ Գալստյանը:

Վիլյամ Սարոյան
ՀԱՅ ՄՈւԿԸ
Այսպիսով, մի ժամանակ կար չկար մի մուկ կար։
Ապրում էր իր սեփական աշխարհում, իր բազմաթիվ եղբայրների ու քույրերի, կես եղբայրների ու կես քույրերի, քառորդ եղբայրների ու քառորդ քույրերի, բազմաթիվ ընկերների ու նաև մի քանի թշնամիների հետ, բայց մի օր մուկ բռնողը բռնեց նրան։ (Մկներն էլ, բոլորի նման, թշնամիներ ունեն։ Հրաշալի մի մուկ կարող է ատել մի ուրիշ հրաշալի մկան, որովհետև ինքն էլ կարող է ՈՒԶԵԼ կամ նախանձել մյուսի մորթու երանգին, որն այնքան էլ թուխ չէ կամ էլ, ասենք, մի փոքր կարմրին է տալիս)։
Այս տղան, որ բռնվել էր, անուն չուներ, բայց անձնավորություն էր: Հպարտ մուկ էր նա։ Երբեմն՝ կոպիտ, իսկ մեկ-մեկ էլ կարող էր նույնիսկ կատաղել։ Թեև անուն չուներ, բայց ՄՅՈՒՍ ՄԿՆԵՐԸ նրա մասին մտածում էին որպես Արտաշի։ Թե ինչու՝ ոչ ոք չգիտեր։ Բայց անունը ճիշտ նրա համար էր։ Լավ, եթե ուզում ես ճշմարտությունն իմանալ, այդ դեպքում իմացիր, Արտաշը նման չէր մյուս մկներին։ Նա հայ մուկ էր։
Բոլոր մկներին մի նպատակով էին բռնել։ Նրանք գազանանոցի օձերի համար էին պետք։ Ամեն երեկո գազանանոցում յուրաքանչյուր օձի մի մուկ էր հասնում, օձերը կենդանի ընթրիք էին նախընտրում։
Օձն իրեն լավ էր զգում, օձավարի, ու աշխարհում էլ ամեն ինչ լավ էր, երբ իր վանդակում դողում ու ծվծվում էր մուկը՝ գութ հայցելով։
Ամեն երեկո լվացված ու հարդարված օձի վանդակում մի բռնված մուկ էին գցում, ու օձը պիտի ընթրեր։
Մկներն այնքան ժամանակ չէին իմանում, թե ինչու են գազանանոցում, մինչև որ շատ էր ուշ լինում։ Ոչ ոք չէր կարող հետ դառնալ ու պատմել մյուսներին։
Եվ, ի վերջո, մի երեկո մեր Արտաշ մկանը գցեցին գազանանոցի ամենագեղեցիկ օձի՝ Ռալֆի վանդակը։ Անշուշտ, սա նրա գիտական անունը չէ, եթե գիտական անունն ես ուզում, ստիպված ես գիտնականներին դիմել։
Ռալֆը չորս ֆիթ երկարություն ուներ, դեղին, կարմիր ու սև նախշեր և, իրոք, իր տեսակի մեջ գազանանոցի ամենաօձ օձերից մեկն էր։ Ամեն երեկո, և այսպես տարին բոլոր, նա զմայլվել էր՝ նայելով դողացող ու գութ հայցող մկներին, իսկ հետո առանց որևէ ամոքիչ բառի, ողջույնի կամ ՀՐԱԺԵՇՏԻ, կամ էլ գնահատանքի որևէ խոսքի, Ռալֆը կերել էր մկներին։
Այդ երեկո էլ, երբ Ռալֆը տեսավ Արտաշին, ժպտաց՝ սպասելով, թե մեր մուկը պիտի դողա, ծվծվա ու գութ հայցի, այնպես, ինչպես, միշտ արել են բոլոր մկները։
Հենց այդ ժամանակ, բոլորովին անսպասելի, Արտաշն ըմբռնեց ամեն ինչ, նա հասկացավ, թե ինչ է կատարվում, թե ինչ է կատարվել այն օրից, երբ բռնվել ու գազանանոց է բերվել, ու նրա ցասումը ելավ ափերից։ Նա վիրավորված էր, այնքան վիրավորված, որ մոռացավ, որ ինքն էլ է մուկ մյուս մկների նման։
Նայեց օձին բացարձակ-մաքուր-հարյուր տոկոսանոց ատելությամբ, ատելությունից էլ ԱՌԱՎԵԼ՝ ցասումով։
Տեսնես օձն ու՞մ տեղն է դրել Արտաշին, իր հիմար ընթրիքին։
Արտաշն ուրիշ ծրագրեր ուներ։ Օրինակ, նրան շատ էր հետաքրքրում բարձրությունը։ Տեսնես բարձրությունն ինչքա՞ն է բարձր։ Մարդո՞ւց էլ է բարձր։ Շատ էր ուզում այս ամենը հասկանալ ու էլի՝ վեց թե յոթ բաներ։ Եվ ուրեմն նրան դուր չեկավ օձի ծրագիրը՝ կիսաժպիտ սպասումը, հետո դողը և այդպես մինչև վերջ։
Արտաշն այնպիսի ուժով նետվեց Ռալֆի վրա, որ օձն ապշահար եղավ ու անակնկալից շունչը կտրվեց։
Իսկ հետո Արտաշը մի այնպիսի՜ ուժով ցատկեց, ցատկեց բարձր, շատ բարձր, ինչպես չէր կարող ոչ մի մուկ։
Օձի վրա նետվելուն պես Արտաշը շրջվեց Ռալֆի գլխի կողմը, պրկեց չորս ոտքերն ու թրխկոցով ոստնեց ուղիղ Ռալֆի գլխին։
Այո, դա նվաստացուցիչ էր։ Շըրը՜խկ։
Ո՞վ էր այդ խենթ մուկը։ Թըրը՜խկ։
Իսկ միգուցե նա ամենևին էլ մուկ չէ՞ր։ Շըրը՜խկ։
Միգուցե նա ուղղակի նման է մկա՞ն։ Թըրը՜խկ։
Միգուցե նա օձերի ԻՍԿԱԿԱՆ թշնամին էր և շուտով պիտի ցույց տար, թե ինչպես կարող է աշխարհում ոչնչացնել ցանկացած օձի։ Շըրը՜խկ։
Արտաշը ցատկեց ու նորից իջավ ուղիղ Ռալֆի գլխին, մի անգա՛մ էլ։ Թըրը՜խկ։
Անշուշտ, հիմա միակ բանը, որ կարող էր անցնել Ռալֆի մտքով, լավ ընթրիքն էր։
Շըրը՜խկ։
Դա արդեն բոլորովին հուսահատեցնող էր։ Թըրը՜խկ։
Ռալֆի գլուխն արդեն վնասվել էր։ Շըրը՜խկ։
Եվ ամենավատն այն էր, որ հենց ուզում էր դաոնալ ա վրա պրծնել Արտաշին, չափից ավելի ուշ էր լինում։ Թըրը՜խկ։
Իսկ միգուցե գլուխը մի ուրիշ բանով էր ջարդվում, մկից մի տասն անգամ մեծ։ Շըրը՜խկ։
Անշուշտ, չափազանց հզոր թշնամու հարվածներ էին դրանք։ Թրը՜խկ։
Եվ այսպիսի տասնինը ուժգին հարվածներ ուտելուց հետո Ռալֆը որոշեց, որ բավական է, և որ լավ կլինի հնարավորին չափ շուտ մի ապահով տեղ գցի իրեն։
Այդպես էլ արեց:
Անմիջապես նետվեց հետնախուցն ու շրխկոցով փակեց դուռը։ Իսկ հետո գողունի դուրս նայեց՝ մի աժդահա գազան ակնկալելով, բայց նրա տեսածն ընդամենը Արտաշն էր, այն նույն չափի ու քաշի, ինչպես բոլոր մյուս մկները։
Ոչ միայն այդքանը, նա լսեց Արտաշին, բայց ոչ ծվծվացող ու գութ հայցող։ Նա լսեց հայհոյող Արտաշին, որն անկասկած այլևս այսպիսի խոսքեր ասելու կարիք պիտի չունենար։
Պատահմամբ այս ամենը՝ սկզբից մինչև վերջ, տեսել էր գազանապահներից մեկը։
Նա պապանձվել էր, կարկամել, ապշել ու հիացել։
Որքան որ գիտեր, իսկ նա հասկանում էր գործից, նախկինում երբեք այսպիսի բան չէր պատահել։
Մուկն իսկական կռիվ էր տվել օձի հետ՝ ազնիվ ու արդար կռիվ, ու հաղթել էր նրան։
Ու գազանապահը հանեց Արտաշին օձի վանդակից ու դրեց մի հրաշալի վանդակում, որն իրենն էր լինելու։
Դրանից հետո Արտաշը ցուցադրվում էր գազանանոցի այցելուներին, բայց ոչ որպես մուկ։
Գազանանոցում մկներ չեն ցուցադրվում, ցուցադրվելու համար չափից ավելի են սովորական։
Ցուցադրվում էր ինքը՝ Արտաշը, մկների մեջ ամենատաղանդավորը։
Եվ, խնդրում եմ, թող որ այս պատմությունը դաս լինի ինչ-որ մեկի համար, գուցեև քեզ համար, ինչ իմանաս։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին