▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մինչ ոստիկանները որոնում են Արզականում կնոջը սպանած տղամարդուն, նա հերթական սպանությունն է կատարել Բալահովիտում

Հետևեք նաև Asekose.am-ին՝ տելեգրամում։

Այսօր՝ օգոստոսի 30-ին, հերթական սպանությունն է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 08:45-ի սահմաններում ՀՀ  ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ  Բալահովիտ գյուղում մի տղամարդ դանակը ձեռքին հարձակվել է մարդկանց վրա և կան տուժածներ:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, մինչ ոստիկաններն ու քննիչները կժամանեին դեպքի վայր, «Աբովյան» բժշկական կենտրոնից ահազանգ է  ստացվել, որ ժամը 09:40-ի սահմաններում մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, իսկ մեկ հոգի էլ տեղափոխվել է դանակահարված վիճակում:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Սյունիքի  մարզի բնակիչ, 34-ամյա Սոս Գևորգյանն էր, իսկ վիրավորը, ով հիվանդանոց է տեղափոխվել  «ձախից գոտկային շրջանից կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ, Հրազդան քաղաքի բնակիչ, 32-ամյա  Արթուր Մանուկյանն է:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածն ու վիրավորը դանակահարվել են Բալահովիտ գյուղի  8-րդ փողոցի 1-ին նրբանցքի 1-ին հասցեում գործող  «Հիդրոշինարար 5» բաց բաժնետիրական ընկերության շինարարական կազմակերպության տարածքում:

Նշված սպանությունը կատարելու և  մարմնական վնասվածքներ պատճառելու կասկածանքով որոնվում է Արզական գյուղի բնակիչ, 46-ամյա  Զորիկ Մելքոնյանը:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝  Զ. Մելքոնյանը օգոստոսի  27-ին  Արզական գյուղում սպանել էր իր կնոջը, ապա դանակի բազմաթիվ հարվածներ հասցրել իր հարևաններին ու դիմել փախուստի:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ Զ. Մելքոնյանին և հանցագործության գործիք սուր կտրող- ծակող առարկան հայտնաբերելու  ուղղությամբ:
 
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, օգոստոսի 27-ին սպանություն էր տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին