Եռյակի գործողությունների ժամանակավորապես դադարը վերջին օրերին քաղաքական դաշտում դարձավ առանցքային քննարկման թեմա:
Ուժերի ներսում առկա անհամաձայնությունը բարդացնում է Եռյակի հետագա քայլերը : Ոչ իշխանական ուժերի ներսում տիրող լարված հարաբերությունների ապացույցը Եռյակի վերջին օրերի հայտարարություններն են:
Ակնհայտ է, որ ի տարբերություն «ՀԱԿ»-ի և «Ժառանգության», ԲՀԿ-ն պահանջում է ոչ թե նախագահի հրաժարականը, այլ՝ հարյուր տոկոսանոց համամասնական ընտրակարգի անցում և այս մթնոլորտում տեղի է ունենում շահերի բախում:
ԲՀԿ քաղխորհրդի նիստից հետո ՀԱԿ-ը տարածեց հայտարարություն, որտեղ ասվում էր՝ անկախ շտաբերի ձևավավորումից , չդադարեցնել շարժումը Ազատության հրապարակում: Եթե հիշում ենք, ԲՀԿ-ն ընդհանուր առմամբ չէր նշել, որ երեք ոչ իշխանական ուժերի կողմից սկսած հանրահավաքները լճացման փուլում է: Այսքանից հետո ԲՀԿ-ն ակնարկ արեց, որ եթե իրենց գործընկերոջը չի բավարարում շարժման տեմպը, ապա կարող են առանձին հանրահավաքներ կազմակերպել Թատերական հրապարակում: Մասնավորապես Տիգրան Ուրիխանյանը լրագրողների հետ զրույցի ժամանակ ասել է. «Շարժմանը մասնակից քաղաքական ուժերից յուրաքանչյուրի և մասնավորապես ՀԱԿ-ի իրավունքն է՝ ինքնուրույն կազմակերպել ցանկացած զանգվածային միջոցառում` ցանկացած վայրում և ցանկացած պահի»:
Նման անվստահության և ներքին կոնսեսուսի բացակայության ֆոնին իշխանությունները սակայն ընդառաջեցին ոչ իշխանականների պահանջին՝ համաձայնվելով բանակցության սեղանի շուրջ նստել Եռյակի հետ: Մասնավորապես իշխանությունը պատրաստակամություն հայտնեց վերանայել ոչ իշխանականների առանցքային խնդիրը՝ Կառավարությանը ներկայացրած 12 կետանոց պահանջը:
Այս քայլով իշխանությունը ներքաղաքական իրադարձությունները տեղափոխում է բանակցային փուլ, որը սակայն Եռյակի ոչ բոլոր անդամներին է դուր գալու: Մասնավորապես խոսքը վերաբերվում է «ջղաձգվողների» մասին շատ խոսող կառույցին:
Մի կողմից Եռյակը հնարավորություն ունի հասնել իր կողմից առաջ քաշած հիմնական խնդրի լուծմանը, իսկ մյուս կողմից բանակցային ցործընթացները կառաջացնեն տարաձայնություններ Եռյակի ներսում, ընդհուպ մինչև պառակտում:Արման Ղարիբյան