▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Որպես ՀՀ քաղաքացի՝ Թուխիկյանից պահանջում եմ Թումանյանի հետ կապված բոլոր հարցերն ու հարցականները ներկայացնել.Կարինե Խոդիկյան

Երևանի Հովհաննես Թումանյանի թանգարանում օգոստոսին ներկայացվեց «Խավարում» խորագրով ցուցադրությունը, որը նվիրված էր բոլշևիկյան բռնաճնշումներին, ինչի արդյունքում մոտ 50 հազար հայ է զոհ գնացել, այդ թվում՝ Չարենցը, Բակունցը, Թոթովենցը, Զապել Եսայանը և շատ ուրիշներ: Բոլշևիկյան տեռորի զոհն են դարձել նաև «Ամենայն հայոց բանաստեղծ» Հովհաննես Թումանյանի երեք որդիները:

Ցուցադրությունը, սակայն, որը նախատեսված էր ներկայացնել մինչև ուշ աշուն, փակվել է։ «Զրպարտության հետևանքով ստիպված եղանք հավաքել ցուցադրությունը։ Որոշ մարդիկ դիմել են որոշակի կառույցների և, ենթադրում եմ, որպեսզի գործը գլուխ գա, դիմել են շանտաժի։ Օգոստոսի 26-ին ինձ զանգահարեց 60-70 տարեկան մի փոխգնդապետ (ինքն այդպես ներկայացավ) և խոսեց նույն բառապաշարով, ինչ Կոմունիստական կուսակցության ղեկավարը, ասաց՝ ձեր ցուցադրությունից դաշնակցական հոտ է գալիս»,- ասել է թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը՝ «Կենտրոն» հեռուստաընկերության եթերում։

Հայաստանի առաջադիմական միացյալ կոմունիստական կուսակցական ներկայացուցիչ Գեղամ Գալստյանն այս ամենի մեջ վրեժխնդրություն է տեսել.

-Չի՛ կարելի ազգային նեղ վրեժխնդրությամբ նայել այդ երևույթներին: Թուխիկյանի խոսքում նկատում եմ վրեժխնդրություն՝ դեպի իր պապերի անցյալը: Ավելի լավ է այլ հարցեր լուծենք: 26 տարիների ընթացքում եղածն ենք կերել, վաճառել, գողացել,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց նա:

Արձակագիր, դրամատուրգ Կարինե Խոդիկյանին էլ զարմացրել է կոմունիստների վրդովմունքը.

-Ինչո՞ւ եք վրդովվում, նա իրավունքների սահմաններում իր գործն է անում: Ամեն մի սերունդ պետք է կռիվ ունենա իր անցյալի ու ներկայի հետ: Մենք երևույթների մասին ենք խոսում.37 թիվն արդարացում ունի՞: Ես ուզում եմ հասկանալ՝ ի՞նչ է կատարվել: Օրինակ՝ իմ պապին ինչո՞ւ 12 տարի արտաքսեցին ու հայրս 13 տարեկանում դարձավ տան գլխավորը: Եվ, որպես ՀՀ քաղաքացի Թուխիկյանից պահանջում եմ Թումանյանի հետ կապված բոլոր հարցերն ու հարցականները ներկայացնել,-նշեց նա:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին