«Մեր մոտ ստեղծվել է մի արտառոց հոգեբանական իրավիճակ, երբ մեր ժողովրդի մի որոշակի հատված պատրաստ է մեր երկիրը թողնելու՝ ասելով, թե ավելի լավ է մենք գնանք, քան նախկինները գան։ Սա հոգեբանորեն անբացատրելի երևույթ է, որ ինչ ուզում է լինի, միայն թե նախկինները չգան »,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ասաց ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն, բանասիրական գիտությունների դոկտոր Վարդան Դևրիկյանը։ Նրա խոսքով, 2018 թվականին նախկինները պաշտպանություն ունեցող հայրենիքը փոխանցել են այսօրվա իշխանություններին, և հասկանալի չէ, թե ինչո՞վ են հանել ներկաների աչքը։ Ըստ նրա, հոգեբանական և գրականագիտական ուսումնասիրության առարկա է, թե ո՞ւմ հետ գործ ունի հայ ժողովուրդը՝ դավաճանի՞, թե՞՝ շիզոֆրենիկ թերուսի։
«Մեզ օր առաջ պետք է իշխանափոխություն։ Եթե մինչև Սյունիքի և Գեղարքունիքի այս վերջին դեպքերը, ես ինքս էլ մտածում էի, որ հայ ժողովուրդը կցուցաբերի հավաքական իմաստնություն, և կփոխվի իշխանությունը, բայց հիմա հասկանում եմ, որ մենք այդ ժամանակը չունենք. թուրքն ու ադրբեջանցին պատառ-պատառ են անելու մեր հայրենիքը։ ԱԺ երեկվա նիստը ցույց տվեց, որ իշխանափոխությունը պետք է տեղի ունենա օրերի ընթացքում։ Ամեն րոպեն ու ժամը վտանգում են մեր հայրենիքը»,- ասաց նա։ Վարդան Դևրիկյանի դիտարկմամբ, պարտություններ ու ճգնաժամային իրավիճակներ ամեն տեղ էլ լինում են, բայց այդ դեպքերում ճշմարտությունն է ասվում, իսկ Հայաստանի իշխանությունները կարծես Ալիևի փաստաբանները լինեն. նրանք դրսևորում են իբր կիրթ վարքագիծ։
«Փավստոս Բուզանդը, որ խոսում է Մուշեղ Մամիկոնյանի մասին, ասում է՝ նա այնքան էր սիրում մեր հայրենիքը, որ չէր համակերպվում մի կորեկի չափ տարածքի կորստի հետ անգամ։ Դա 5-րդ դարում էր ասվում։ Իսկ երեկ մարդիկ ասում են՝ հա դե, 3 կիլոմետր են տվել, դրա համար պատմությո՞ւն եք սարքում։ Սա ցույց տվեց, որ այդ մարդիկ արտերկրերում քարշ եկողներ են, որ 40-50 եվրոյանոց տոմսերով արտասահման գնացող մարդիկ են, նրանց համար երկիր չկա։ Եվ այդ պատճառով, մենք պետք է րոպե առաջ ազատվենք նրանցից։
Բացի այդ, այն, որ թուրքերն առաջ են եկել, դա Հայաստանի ռազմական ղեկավարության ապիկար քաղաքականության արդյունքն է։ Մենք այսօր հայտնվել ենք 90-ականների վիճակում։ Նախկինում մենք ունեինք կետային պաշտպանություն, այսինքն՝ մի կետից հսկվում էր տարածքը, իսկ հիմա ունենք գծային պաշտպանություն»,- ասաց նա։