A1plus.am-ը գրում է. ԱԺ-ում այսօր «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը կրկին պնդեց իր մտահոգությունը, որ պետք է պատգամավորների հետ հանդիպեն ՀՀ եւ ԼՂՀ իշխանությունները՝ քննարկելու շփման գծում առկա լարվածությունը:
ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը հայտարարեց, որ որեւէ մեկն այստեղ պակաս հայրենասեր չէ ու նման հարցեր բարձրացնելը ուղղակի ջուր լցնել է Ադրբեջանի ջրաղացին: ԱԺ մյուս փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն իր կողմից նշեց, որ ինքը դեմ է, որ ԼՂՀ իշխանությունները գան ՀՀ ԱԺ ու հաշվետվություն ներկայացնեն. «Դուք պետք է գնաք ԼՂՀ՝ նրանց հետ հանդիպման, ինչն էլ արել եք»:
Ի պատասխան Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, որ կույր ու համր պետք է լինել՝ չտեսնելու, որ նոր իրողության մեջ ենք հիմա. «Ով լռում է ու միջոցներ չի գործադրում, հենց նրանք են Ադրբեջանի ջրաղացին ջուր լցնում»:
Իսկ Հերմինե Նաղդալյանն ավելացրեց. «Իմ սիրելի գործընկերուհուն ուզում եմ հիշեցնել Էդուարդ Շարմազանովի այն ակնարկը, որ ձայն բարձրացնելը չի ավելացնում ձեր հմայքը: Այդ ակնարկը տարածվում է ինչպես Նաիրա Զոհրաբյանի, այնպես էլ ձեզ վրա: Հենց այնպես տարածքներ հանձնել կամ խաղաղապահներ բերել չի լինի: Շնորհիվ մեր քաղաքականության եւ զինված ուժերի՝ ԼՂՀ–ում խաղաղությունը պարտադրվում է Ադրբեջանին: Ձեր անհանգստությունը, տիկին Փոստանջյան՝ եթե ձեր ձայնը չբարձրացնեք, ապա տարածքները հանձնելու են, անտեղի են: Բոլոր անհրաժեշտ տեղեկատվությունը դուք կունենաք: Եւ պետք չէ բաց դուռը ջարդելով ներս մտնել»:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում և տեսանյութում