▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պարադոքսալ հանդուրժողականություն

Վերջին տարիներին ՀՀ իրականության մեջ ստեղծագործական ինքնատիպությանը փոխարինման է եկել ընդօրինակման "ինքնատիպությունը": Բանն այն է, որ մեզանում առաջադիմական հայացքներ ունենալը հաճախ կախվածության մեջ է դրվում միջազգային մակարդակում շրջանառություն ստացած որոշ հասկացություններ ընդօրինակելու և պատեհ ու անպատեհ առիթով օգտագործելու հանգամանքից: Ասվածը բացառություն չէ նաև հանդուրժողականություն եզրի պարագայում, որը մեզանում կարծես դարձել է յուրահատուկ արժեքային բրենդ:

Մեր հանդուրժող այլասերները, պարզվում է, հանդուրժողական են այնքանով, որքանով դիմացինի վարքագիծը համընկնում է իրենց պատկերացումներին ու մոտեցումներին: Ավելին, դիմացինից հանդուրժողական վերաբերմունք "աղերսողները" վայրկյանն անգամ բաց թեն թողնում, որպեսզի Չինգիս Խանին վայել արշավանքներ սկսեն նրանց դեմ, ովքեր չեն կիսում իրենց տեսակետը: Հանդուրժողական են կոնկրետ երևույթի, բայց անհանդուրժ՝ այդ երևույթը քննադատողների հանդեպ, այն էլ՝ ռացիոնալ քննադատության պարագայում:

Այս ընտրողական կամ կեղծ հանդուրժողականությունն ապացույցն է այն բանի, որ մերօրյա Հայաստանում բազմաթիվ "այլասերներ ու տոլերանտներ" ոչ այլ ոք են, քան անազնիվ դոգմատիկներ ու մոլեռանդներ: Ավելին, բացահայտ այլատյացներից հանդուրժողականները տարբերվում են սոսկ նրանով, որ հանդուրժողականության հագուստի տակ կարողանում են հմտորեն քողարկել իրենց այլատյացությունը:

Ժամանակին Վոլտերն ասում էր, թե "ես կարող եմ լինել Ձեր տեսակետի համառ թշնամին, սակայն պատրաստ եմ կյանքս զոհել հանուն այն բանի, որ կարողանաք Ձեր տեսակետն արտահայտել": Մեզանում, ավաղ, հանդուրժողակաները "յուրացրել" են Վոլտերի խոսքերի առաջին հատվածը և "հուղարկավորել"՝ երկրորդը:

Արմեն Սարգսյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին