Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան` մասնակցել բուհի հիմնադրման 95-ամյակի կապակցությամբ կազմակերպված հոբելյանական միջոցառմանը: Կրթության և գիտության բնագավառներում ունեցած վաստակի, ինչպես նաև բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար Հանրապետության Նախագահը համալսարանի մի խումբ աշխատակիցների բուհի հոբելյանի առթիվ պետական բարձր պարգևներ է հանձնել, շնորհել նաև վաստակավոր մանկավարժի կոչում: Սերժ Սարգսյանը շնորհավորել է ՀՊՄՀ պրոֆեսորադասախոսական կազմին, ուսանողներին, շրջանավարտներին, ինչպես նաև բուհի ղեկավարությանը համալսարանի հիմնադրման 95-րդ տարեդարձի կապակցությամբ՝ մաղթելով նորանոր ձեռքբերումներ և բեղմնավոր աշխատանք: Իր շնորհավորական խոսքում Նախագահ Սարգսյանը ևս մեկ անգամ ընդգծել է այն կարևոր դերը, որ ունի մանկավարժական կրթական հաստատությունը յուրաքանչյուր երկրի կյանքում: «Մեկ անգամ ևս ցանկանում եմ սրտանց շնորհավորել այն մարդկանց, ովքեր այժմ պարգևատրվեցին մեր հայրենիքի բարձր պարգևներով: Իհարկե, պարգևները հանձնվեցին իրենց օրինական տերերին, բայց համոզված եղեք, որ սա գնահատական է նաև ամբողջ կոլեկտիվին: Ես խորապես համոզված եմ, որ դուք ամեն ինչ անելու եք, որպեսզի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հիմնադրման 100-րդ տարեդարձը բոլորս դիմավորենք շատ մեծ ձեռքբերումներով: Հավատացեք, իրոք, ձեր աշխատանքը չափազանց կարևոր է, և այդ աշխատանքը գնալով է՛լ ավելի մեծ կարևորություն է ստանում ժամանակակից աշխարհում: Կրկին սրտանց շնորհավորում եմ բոլորիդ համալսարանի 95-րդ տարեդարձի կապակցությամբ: Եվ քանի որ յուրաքանչյուր հոբելյան, յուրաքանչյուր տարեդարձ նոր սկիզբ է առաջիկա ձեռքբերումների համար, բոլորիդ մաղթում եմ բեղմնավոր աշխատանք»,-ասել է Սերժ Սարգսյանը:
Սարգսյանն այցելել է համալսարանի թանգարան, որտեղ արխիվային նյութերի միջոցով ներկայացված է բուհի ստեղծման պատմությունը, ինչպես նաև համալսարանի ներկայիս գործունեությունը: Սերժ Սարգսյանը Երևանի քաղաքապետի, կրթության և գիտության նախարարի, բուհի ռեկտորի, ՖԻԴԵ-ի նախագահի և Հայաստանի շախմատի ֆեդերացիայի ներկայացուցիչների ուղեկցությամբ շրջել է հանրապետությունում շախմատի ուսուցիչներ պատրաստող միակ ուսումնական հաստատության՝ մանկավարժական համալսարանի «Շախմատ» գիտահետազոտական նորաբաց ինստիտուտում, ծանոթացել ինստիտուտի գործունեության համար ստեղծված պայմաններին և ծրագրերին: Ինստիտուտը գործում է ՀՊՄՀ կազմում՝ որպես առանձին ստորաբաժանում: Գիտահետազոտական այս հաստատության կազմում ներգրավված են գիտության տարբեր բնագավառների առաջատար մասնագետներ, ովքեր հետազոտություններ են իրականացնելու շախմատի հոգեբանական, սոցիոլոգիական, կրթական և այլ հիմնախնդիրների շուրջ: «Որպես Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ, ուրախ եմ և շնորհակալ, որ դուք հատուկ ուշադրություն եք դարձնում շախմատին և միշտ հանդես եք գալիս նոր նախաձեռնություններով: Եվ պատահական չէ, որ այսօր մեզ հետ է մեր բարեկամ ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը, բոլորովին պատահական չէ, որ մեր փորձը հետաքրքրություն է ներկայացնում այլ երկրների համար, իսկ սա առնվազն նշանակում է, որ մենք ճիշտ ճանապարհ ենք բռնել: Ուզում եմ հավատալ, որ սա լինելու է շարունակական»,- «Շախմատ» գիտահետազոտական նորաբաց ինստիտուտ այցի կապակցությամբ ասել է Սերժ Սարգսյանը: