Ազգային ժողովի պատգամավորները չեն կարողանում դուրս գալ շենքից։
NEWS.am–ը հայտնում է, որ ԱԺ արտահերթ նիստը շուրջ 40 րոպե է՝ ավարտվել է, սակայն պատգամավորները շարունակում են մնալ շենքում, քանի որ քաղաքացիները բողոքի ակցիա են իրականացնում ԱԺ–ի դիմաց։

ՀՀԿ–ական պատգամավոր Միհրան Պողոսյանը լրագրողների հարցին ի պատասխան, թե արդյոք չի կարողանում դուրս գալ շենքից, նշեց. «Իսկ դուք կարողանո՞ւմ եք դուրս գալ»։
Գալուստ Սահակյանն էլ սկզբում հայտարարեց, որ ցանկության դեպքում կարող է դուրս գալ խորհրդարանից, ապա ավելի ուշ նկատեց. «Բոլոր մուտքերը փակել են, ինչպե՞ս դուրս գամ»։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը հավաք է անցկացնում ԱԺ-ի մոտ:
Այստեղ հավաքվել են մեծ թվով քաղաքացիներ՝ իրենց բողոքն արտահայտելով «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ անելու նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունելու որոշման դեմ։
Հիշեցնենք նաև՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ միացման միջոցով դիմել է քաղաքացիներին ու ասել՝ Հենց հիմա հավաքվում ենք ԱԺ-ի մոտ։


