Ucom ընկերության կառավարման ողջ օղակը՝ բոլոր տնօրենների գլխավորությամբ, ինչպես նաև տեխնիկական ողջ անձնակազմը աշխատանքից ազատման դիմումներ են գրել։
armlur.am-ն է գրում այս մասին ու նշում, որ կայքին հասած տեղեկությունների համաձայն՝ խոսքը շուրջ 5 տասնյակ մարդկանց մասին է։
Վերջիններս ազատման դիմումներ են գրել և վերջնականապես որոշել դուրս գալ Ucom ընկերությունից։
Asekose.am-ը մանրամասներ և պարզաբանումներ կփորձի ներկայացնել առաջիկայում
Այս պահի դրությամբ հայտնի է դարձել, որ կան տարաձայնություններ և պատճառն այն է, որ սեփականատերերն ուզում են Ucom-ի տնօրենի պաշտոնին նշանակել Անդրեյ Պյատախինին, որն այս պահին ղեկավարում է Beeline ընկերությունը:
2019 թվականի դեկտեմբերի 30-ին հայտնի դարձավ, որ Ucom-ը դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով` «Վեոն Արմենիա» ընկերությունը (ապրանքանիշը «Beeline») գնելու նպատակով:
ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը փետրվարի 11-ին լրագրողներին հայտնեց, որ երկու ամսից պարզ կլինի` Beeline–ին թույլ կտան վաճառել բիզնեսը Հայաստանում, թե ոչ։
Մինչև 2015 թվականին Orange Armenia–ն ձեռք բերելը ընկերությունում աշխատել է մոտ 800 մարդ։ Դրանից հետո Ucom–ն ընդունել է Orange–ի աշխատակիցներին, և ընկերությունում սկսել է աշխատել 1200 մարդ։ Այսօր այդ թիվը 1600–ի է հասել։
«Այս աշխատատեղերը պահպանելու համար մենք ուզում ենք հնարավորինս շատ ծառայություններ վերցնել մեզ վրա և ոչ թե պատվիրել դրանք կողքից։ Դա է պատճառը, որ մեզ համար շատ կարևոր են մարդկային ռեսուրսներն ու Beeline–ի ենթակառուցվածքը», – ասել էր Ucom–ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։
Beeline ապրանքանիշով գործում է Veon ընկերությունը, որի գլխամասային գրասենյակն Ամստերդամում է։ Ամենամեծ բաժնետերը LetterOne ընկերությունն է, որի սեփականատերը ռուսաստանցի խոշոր գործարարներ են` Միխայիլ Ֆրիդման, Գերման Խան և Միխայիլ Կուզմիչև։
Ի դեպ, ընկերությունների միավորման դեպքում հաշվի է առնվելու անգամ ԱԱԾ կարծիքն այդ հարցի շուրջ, ինչը նախատեսված է օրենքով։