«Ադրբեջանը չպետք է անպատիժ մնա: Այդ երկրին զսպելու համար Մինսկի խմբին, ՄԱԿ-ին ուղղված բոլոր կոչերն անիմաստ են: Դա այն երկիրը չէ, որ կհարգի միջազգային պարտավորությունները: Եթե հարգող լիներ՝ կհարգեր 1994 թվականի Բիշքեկի զինադադարը»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Արա Պապյանը՝ հավելելով.
«Ռուսաստանն էր, որ մեզ համոզեց կնքել զինադադար՝ ասելով, որ խաղաղության երաշխավոր կլինի: Եթե այն ժամանակ Ռուսաստանը դա չաներ, գուցե պատերազմը վերջացնեինք այլ դիրքերում: Իսկ հիմա Ռուսաստանն իրեն այնպես է պահում, ոնց որ պարզապես այդ համանախագահ երկրներից մեկն է: Չեմ խոսում համանախագահող մյուս երկու երկրի մասին. թե՛ Ֆրանսիան, թե՛ ԱՄՆ-ը պետք է ավելի կոշտացնեն իրենց դիրքորոշումը։ Ճիշտ է՝ որոշակի թիրախային հայտարարություններ կան, բայց, եթե սրանց չհաջորդեն պատժամիջոցները, ապա Ադրբեջանի վրա սա որևէ ազդեցություն ունենալ չի կարող»:
Նրա խոսքով՝ եթե Ադրբեջանը չպատժվի, ապա ավելի է լկտիանալու ու քայլ առ քայլ սրելու է հակամարտությունը.
«Ադրբեջանի ուժն իր վաճառած նավթի և գազի քանակության մեջ է: Եվ, եթե մենք չենք կարող ինչ-ինչ պատճառներով կանխել արդյունահանությունը, գոնե արտահանումը պետք է կանխենք: Նավթի վաճառքից ստացված գումարն ուղղված է ոչ թե ժողովրդի բարեկեցությանը, այլ մահաբեր զենքի գնմանը»,-ընդգծեց Արա Պապյանը:
Առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հիմնադիր, հրամանատար Վովա Վարդանովի կարծիքով էլ՝ պետք է օգնենք, որպեսզի զենք վերցնեն լեզգիները, թալիշներն ու մյուսները:
«Մենք այդ երկիրը պետք է դարձնենք Կովկասի Շվեյցարիա.այնտեղ նրանք չաղ են, բախտավոր, բայց բազմալեզու: Սա մեր ուժերի սահմանում է»,-նկատեց հետախույզը:
Անի Կարապետյան