Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովայի առաջարկով Հայաստան ժամանած առաջատար մասնագետները` Անհետաձգելի մանկական վիրաբուժության և վնասվածքաբանության գիտահետազոտական ինստիտուտի վերակենդանացման բաժանմունքի վարիչ, պրոֆեսոր Վալերի Ամչիսլավսկին, Ռուսաստանի մանկական կլինիկական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Վալենտին Պալմը և նույն հիվանդանոցի մանկական նյարդաբանության բաժանմունքի վարիչ Ելենա Իլյինան ժամանումից անմիջապես հետո այցելեցին վեց ամսական Սերյոժա Ավետիսյանին։ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի ղեկավարությամբ անցկացվեց շուրջ երկու ժամ տևողությամբ հերթական կոնսիլիումը` ռուս և հայ առաջատար մասնագետների, ինչպես նաև երեխային երկու օր առաջ վիրահատած պրոֆեսորի` Սանկտ Պետերբուրգի Պոլենովի անվան նյարդավիրաբուժության գիտահետազոտական ինստիտուտի մանկական կլինիկայի ղեկավար, անվանի նյարդավիրաբույժ Վիլյամ Խաչատրյանի մասնակցությամբ։
Բժշկական կենտրոնի մանկական վերակենդանացման բաժանմունքի վարիչ Աննա Չոբանյանը ներկայացրեց փոքրիկի բուժման ընթացքը, կատարված հետազոտությունների, բժշկական միջամտությունների հաջորդականությունը:
Երեխային զննելուց հետո, խորհրդակցության ընթացքում ռուս մասնագետները գոհունակությամբ փաստեցին, որ կատարվել են երեխայի բուժման համար անհրաժեշտ բոլոր միջոցառումները:
«Բարձր ենք գնահատում թե՛ սարքավորումները, թե՛ բժշկական օգնության որակը»,-նշեց Ռուսաստանի մանկական կլինիկական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Վալենտին Պալմը: Անհետաձգելի մանկական վիրաբուժության և վնասվածքաբանության գիտահետազոտական ինստիտուտի վերակենդանացման բաժանմունքի վարիչ, պրոֆեսոր Վալերի Ամչիսլավսկին ասաց, որ այս փուլում կարևոր է երեխայի առողջական վիճակի կայունացումը, ինչպես նաև հետագա բարդացումների չեզոքացումը, որը կհանգեցնի ուղեղի գործառույթի վերականգնմանը:
«Մենք պետք է հասկանանք, որ այս պահին պետք է ձգտենք ոչ թե մեծ, կարդինալ փոփոխությունների, այլ աստիճանական դրական զարգացումների»,-նկատեց մասնագետը` հավելելով, որ կարևոր է նաև երեխայի կենսական նշանակության գործառույթների կայունացումը:
Ռուս և հայ մասնագետների մասնակցությամբ այսօր կհրավիրվի ևս մեկ կոնսիլիում` երեխայի բուժման հետագա ընթացքը և անհրաժեշտ միջոցառումները քննարկելու նպատակով:
Փոքրիկի առողջական վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր։
Հիշեցնենք, որ հունվարի 16-ին հեռախոսակապի միջոցով կոնսիլումին մասնակցել են նաև Քլիվլենդի (ԱՄՆ), Իսրայելի, Ֆրայբուրգի (Գերմանիա), Մոսկվայի, Սանկտ Պետերբուրգի, աշխարհի լավագույն կլինիկաների մասնագետները: Կյանքին սպառնացող բարդությունները, ինչպես նաև երեխայի հետագա խորը հաշմանդամության վտանգը կանխարգելելու նպատակով մասնագետները համատեղ որոշում են կայացրել կատարել գլխուղեղի փորոքների դրենավորում: Նշենք, որ կոնսիլիումին մասնակցած արտասահմանյան բոլոր մասնագետները շարունակում են հետաքրքրվել երեխայի վիճակով։
Այս օրերին փոքրիկ Սերյոժա Ավետիսյանի առողջական վիճակին մշտապես հետևում է նաև ՌԴ բժշկական գիտությունների ակադեմիայի անհետաձգելի մանկական վիրաբուժության և վնասվածքաբանության գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն, Ազգային բժշկական պալատի նախագահ, անվանի մանկաբույժ, պրոֆեսոր Լեոնիդ Ռոշալը` հաճախակի զանգահարելով նախարար Արմեն Մուրադյանին։ Ինչպես նա, այնպես էլ իր կողմից առաջարկված մասնագետները հեռակապի միջոցով ակտիվորեն մասնակցում են կազմակերպվող միջազգային կոնսիլիումներին։