▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քաղաքապետարանը պարզաբանել է, թե ինչու են մանկապարտեզում երեխաներին կապել աթոռներից

Երեւանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը «ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում արձագանքել է այսօր համացանցում տարածված լուսանկարներին, որտեղ երեւում է, որ երեխաները կապված են աթոռներից: Նրա խոսքով՝ նշված մանկապարտեզում 2015 թվականից գործում է նախաներառական 3 խումբ, ուր հաճախում է 24 տարբեր ծանր խնդիրներ ունեցող երեխա: Երեխաներից 14-ն ունեն հենաշարժողական խնդիրներ եւ մանկապարտեզ են գալիս իրենց անվասայլակներով:

«Մանկապարտեզի ներսում այս երեխաների առօրյան կազմակերպվում է «Արբես» առողջապահական կենտրոնի տրամադրած հատուկ նստարաններով, որոնք ունեն ամրացնող հատուկ հարմարանքներ»,- գրել է Տիգրան Վիրաբյանը՝ հավելելով, որ յուրաքանչյուր խմբում ներառված ութ երեխայի հետ աշխատում է երկու հատուկ մանկավարժ, երկու օգնական, ինչպես նաեւ՝ նեղ մասնագետներ: «Բազմամասնագիտական խումբը բաղկացած է հմուտ եւ փորձառու 18 տարբեր մասնագետներից: Մանկապարտեզի նախաներառական մասի գործունեությունը վերահսկվում է ոլորտում մասնագիտացած «Արբես» առողջության կենտրոնը»,- շեշտել է քաղաքապետի տեղակալը: Նրա խոսքով՝ պարբերաբար մանկապարտեզ այցելող միջազգային առողջապահական կառույցների ներկայացուցիչները դրական են գնահատում հաստատության փորձը:

Տիգրան Վիրաբյանը գրել է, որ հարցի վերաբերյալ որոշակի տարակարծություն լինելու պատճառով՝ Երեւանի քաղաքապետարանը առաջիկայում կկազմակերպի նեղ մասնագիտական քննարկում, որի ընթացքում կքննարկվեն մեթոդաբանությանն առնչվող հարցեր:
«Հորդորում ենք խիստ զգայուն այս հարցի վերաբերյալ գնահատականներ հնչեցնելիս՝ լինել ծայրահեղ զգույշ, հաշվի առնել մասնագետների լայն խմբի կարծիքը, հարգել նախաներառական խմբերում ընդգրկված երեխաների եւ նրանց ծնողների զգացմունքներն ու իրավունքները»,- սոցիալական ցանցում գրել է Վիրաբյանը:

Հիշեցնենք, որ այսօր համացանցում տարածվել էին մանկապարտեզում կապված երեխաների լուսանկարներ: Ֆեյսբուքյան օգտագտերերից մեկը գրառում էր կատարել՝ նշելով, որ չի կարող լռել եւ չարձագանքել Երեւանի թիվ 92 մանկապարտեզի նախաներառական խմբում կիրառվող վարքի կառավարման մոտեցումներին։ 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին