▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քոչարյանի խիստ գնահատականները` Սերժ Սարգսյանի ու ԲՀԿ-ի հասցեին. «Ժողովուրդ»

Հայաստանյան իրականության վերաբերյալ «Վիկիլիքս»-ի հրապարակած փաստաթղթերից հերթականը պատմում է ամերիկացի դիվանագետների եւ Ռոբերտ Քոչարյանի հանդիպման մասին: Այն կայացել է ՀՀ-ում ԱՄՆ նախկին արտակարգ եւ լիազոր դեսպան Մարի Յովանովիչի խնդրանքով՝ 2009թ. սեպտեմբերի 25-ին: Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանում ընթացող քաղաքական գործընթացները՝ կենտրոնանալով գլխավորապես հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վրա: Քոչարյանը հստակորեն արտահայտել է իր դժգոհությունները՝ չվարանելով անգամ քննադատական խոսքեր հնչեցնել Սերժ Սարգսյանի ու Հայաստանի քաղաքական ուժերի հասցեին:

 

Քոչարյանն առաջին հերթին քննադատել է Սերժ Սարգսյանի նախաձեռնողականությունը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ՝ նկատելով, թե Սարգսյանը մեծ ռիսկի է գնում: Նրա համոզմամբ՝ հարաբերությունների կարգավորման  գործընթացի վերջում «Թուրքիան շարունակելու է ձգձգողական քաղաքականությունը եւ ոչ մի օգուտ Հայաստանին այդ ամենը չի բերելու»: Քոչարյանը զգուշացրել է, որ դրսի խաղացողները ոչ մի պարագայում իրավունք չունեն ճնշումներ գործադրել Սերժ Սարգսյանի նկատմամբ,  ինչը կարող է հակադարձ ազդեցություն առաջացնել: Ավելին՝ Քոչարյանի կարծիքով՝ եթե «այս պրոցեսը տապալվի, հայ հանրությունը դրա հիմնական մեղավոր է ճանաչելու Միացյալ Նահանգներին»: Ակնհայտ է, որ Ռոբերտ Քոչարյանն անուղղակիորեն սադրանքի է ենթարկել դեսպանին՝ մոռանալով, թե հայ հանրությունը հենց իրեն ինչերում է մեղավոր համարում: 

Քոչարյանը Սերժ Սրագսյանի՝ հայ-թուրքական  հարաբերությունների բարելավման  գործողությունները բավականին բացասական է գնահատել, ըստ նրա` դրանք  «հայությանը մանեւրներից զրկող քայլեր են»: Քոչարյանի համոզմամբ՝ իրավիճակն այնքան էլ աղետալի չէ Սարգսյանի համար, բայց նա կարիք չունի այսօրինակ բարդ ռիսկերի գնալ: «Հարաբերությունների բարելավման գործընթացի տապալումը խիստ հավանական է եւ սահմանի փակ մնալը միայն ու միայն կխամրեցնի Սարգսյանի նախագահությունը եւ Սփյուռքի հետ հարաբերությունները»,- նկատել է նախկին նախագահը` հավելելով,  որ ինքը միշտ էլ ուշադիր է եղել Թուրքիայի հետ կապերի վերագործարկման ուղղությամբ, բայց «երբեք դրան չէր գնա նման արձանագրություններով»: Ամերիկացի դիվանագետը փաստաթղթում հանդես  է գալիս առանձին մեկնաբանությամբ ու արձանագրում` «հաշվի առնելով նրա (Ռ. Քոչարյանի-խմբ) ու մեր գործակցությունը նախագահ եղած ժամանակ՝ կարող ենք վստահաբար պնդել, որ Թուրքիայի հետ հարաբերությունների շուրջ նրա պնդումներն իրականում անհամոզիչ են»:

Փաստաթղթղի հեղինակը տեղեկացնում է, որ Քոչարյանը հարց է բարձրացրել, թե ինչո՞ւ պետք է Թուրքիայի խորհրդարանը վավերացնի արձանագրությունները եւ հաստատի սահմանի վերաբացումը, երբ 1993թ-ին սահմանը փակելիս նման գործընթաց տեղի չի ունեցել: Քոչարյանի համոզմամբ՝ թուրքերը շահարկել են արձանագրությունները, եւ Սրագսյանն էլ ջանքեր է թափում կարգավորման գործընթացը հաջողեցնելու համար: Դրանով հանդերձ՝ «թուրքերը ձգձգում են, ինչն ուղղկիորեն վնասում է Հայաստանի շահերին: Եթե նրանք ուզում են հարաբերություններ հաստատել ու բացել սահմանը, ընդամենը պետք է ստորագրեն փաստաթուղթ, որն ասում է, թե ուզում են հարաբերություններ կառուցել ու ապա բացեն սահմանը»,- իր բարկությունն է արտահայտել Քոչարյանը:

Նա նաեւ ընդգծել է, որ   եթե ինքը լիներ երկրի նախագահը, վերջնաժամկետ կտար թուրքերին վերը նշված երկու քայլերի համար. «Այժմ թուրքերն են գործընթացի թելադրողը եւ մենք ոչ մի մանեւրի տեղ չունենք»: Նա նաեւ զգուշացրել է, որ Հայաստանը մտել է մի պերմանենտ  գործընթացի մեջ, որը «ռիսկային է ու կարող է ոչ մի արդյունքի չհանգեցնել»: Քոչարյանի պնդմամբ՝ ինքը զգալիորեն զարմացել է, երբ իմացել է, որ ԱԳ նախարար Է.Նալբանդյանը համաձայնել է ստորագրել պատմաբանների հանձնաժողովի մասին դրույթի տակ: Նախկին նախագահի կարծիքով՝ «պետք է ստեղծել լոկ միջկառավարական մի հանձնաժողով, որը կքննարկեր երկուստեք հիմնահարցերը` լայն դիապազոնով»: ԱՄՆ դեսպանի  բնորոշմամբ՝ վշտացած տեսք ստանալով, Քոչարյանն ավելացրել է, որ «հիմա Սերժ Սարգյսանը ստիպված է կատարել անպետք ու անցանկալի համաշխարհային շրջագայություն դեպի սփյուռքահայ համայնքներ՝ պաշտպանելու արձանագրությունները»:

Դեսպան Յովանովիչը հետաքրքրվել է Քոչարյանից, թե նա ի՞նչ կարծիք ունի տեղական ընդդիմության՝ արձանագրութունների հանդեպ ունեցած վերաբերմունքի շուրջ: Քոչարյանը նկատել է, որ հայաստանյան կուսակցությունները Սերժ Սարգսյանի համար  խոչընդոտ լինել չեն կարող: Նա կարծիք է հայտնել, որ Սերժ Սարգսյանը կարող էր խուսափել ՀՅԴ-ի բողոքից, եթե նրանց հետ խորհրդակցեր արձանագրությունների առանցքային կետերի շուրջ. «Երկու բառ հստակեցնելուց հետո դաշնակների քննադատությունը կարելի էր չեզոքացնել»: Հետաքրքիր է, թե այդ ո՞ր երկու բառի մասին է խոսքը: Հավանաբար, իր նախագահության շրջանում Քոչարյանը ՀՅԴ-ի աջակցությունը ստացել է հենց երկո՞ւ բառով: ԱՄՆ դեսպանը  զարմացել է, երբ Քոչարյանն արհամարհական ձեւով է արտահայտվել ԲՀԿ-ի մասին. «Դա մեկ մարդու կուսակցություն է, որը ոչինչ չունի ասելու»,- նշել է Քոչարյանը: Մ. Յովանովիչը ընդգծել է, որ  իր համար հատկապես զարմանալի է այս գնահատականը, քանզի հանրային ընկալումներով Քոչարյանը համարվում է ԲՀԿ թիկունքը եւ դեռ շարունակում է այդ կուսակցության գործերում ներգրավված լինել:

 

Հեղինակ` ՆԺԴԵՀ ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին