«ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության գործադիր տնօրեն պարոն Ռալֆ Յիրիկյանին և ընկերության ողջ աշխատակազմին
«Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնող խմբից
Հարգարժան պարոն Յիրիկյան,
«Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնությունը ողջունում և բարձր է գնահատում Ձեր պատրաստակամությունը՝ լինել աշխատակցի կողքին և հոգ տանել նրա բարօրության համար:
Դուք «ՎիվաՍել» ընկերության` hայաստանյան շուկա մուտք գործելու օրվանից բազմիցս հայտարարել եք Ձեր գլխավորած ընկերության կողմից «կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն» կրելու պատրաստակամության, նույնիսկ՝ հպարտության մասին:
Ամիսներ առաջ Դուք պաշտոնապես հայտարարեցիք, որ ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը կփոխհատուցի իր աշխատակիցների նոր ֆինանսական բեռը` կապված պարտադրված նոր կենսաթոշակային համակարգի հետ: Միևնույն ժամանակ Դուք հայտնել էիք Ձեր մտահոգությունը տվյալ համակարգի բացասական ազդեցությունների վերաբերյալ և առաջարկել, որ համակարգի ներդրումը լինի կամավոր, այլ ոչ թե պարտադիր, ինչի վերաբերյալ համապատասխան գրություն էիք ներկայացրել ՀՀ կառավարություն: Դրանով իսկ, ի տարբերություն այլ գործարարների, Դուք «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության անունից հստակ հայտնեցիք Ձեր դիրքորոշումը տվյալ օրենքի վերաբերյալ:
Այժմ, երբ ՀՀ սահմանադրական դատարանը, քննության առնելով ՀՀ ԱԺ պատգամավորների դիմումի հիման վրա՝ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 5, 7, 8, 37, 38, 45 և 86-րդ հոդվածների սահմանադրականության վերաբերյալ գործով դիմումի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը, հրապարակեց իր աշխատակարգային որոշումը, համաձայն որի մինչև գործի դատաքննության ավարտը կասեցվել է «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի և 86-րդ հոդվածի 3-րդ մասի գործողությունը, «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությանը հնարավորություն է ընձեռնվում, որպես գործատու, առանց որևէ պատասխանատվության ենթարկվելու վտանգի, չկատարել կուտակային վճարները: (Որոշման տեքստը՝ ԱՅՍՏԵՂ):
Ելնելով վերոնշյալից՝ դիմում ենք Ձեզ և հորդորում՝ հիմք ընդունել ՀՀ սահմանադրական դատարանի սույն աշխատակարգային որոշումը, ձեռնպահ մնալ դրանում նշված հոդվածների պահանջները կատարելուց, այն է՝ չկատարել Ձեր աշխատակիցների աշխատավարձերից որևիցե պահումներ կուտակային պարտադիր վճարների փոխանցման նպատակով:
Կատարելով կենսաթոշակային վճարումներ՝ Դուք կնպաստեք այս հակասահմանադրական և հակասոցիալական համակարգի կայացմանը:
Քանի որ Ձեր հայտարարությունը, առ այն որ ընկերությունը կփոխհատուցի իր աշխատակիցների նոր ֆինանսական բեռը, մեծ հասարակական հնչեղության է արժանացել, այժմ այդ նույն հասարակությունը հետաքրքված է, թե ինչպես է վարվելու «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությունը ստեղծված իրավիճակում:
Ուշագրավ է նաև այն փաստը, որ կենսաթոշակային վճարները չկատարելը ինքնին հանդիսանում է ևս մի քաղաքակիրթ պայքարի ձև այս համակարգի դեմ:
Կոչ ենք անում հավատարիմ մնալ Ձեր որդեգրած արժեհամակարգին, լինել աշխատակցի կողքին, ականջ դնել նրա ու հասարակ քաղաքացու պահանջին և սահմանադրական իրավունքներին, ինչպես նաև գործով ապացուցել Ձեր մտահոգություններն այս համակարգի նկատմամբ: