▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուսաստանի գրողների միությունը հատուկ մրցանակ է շնորհել Էդգար Կոստանդյանին

Սեպտեմբերի յոթին Ռուսաստանի գրողների միությունը Վենեդիկտ Երոֆեևի անվան հատուկ մրցանակ է շնորհել հայազգի արձակագիր Էդգար Կոստանդյանին` «Մարտուն պապը» պատմվածքի համար: Ռուս գրող Վիկտոր Դյուժևն այս մասին հարցազրույց է տվել ռուսական մամուլին` իր խոսքում կարևորելով Կոստանդյանի դերը հայ գրականության զարգացման և առաջխաղացման գործում:

«Լինել այսքան երիտասարդ և ունենալ ընթերցողների այդչափ մեծ բանակ, երևույթ է անգամ մեծ պետությունների համար, ուր մնաց երեք միլիոն բնակչություն ունեցող մի երկրի, որտեղ ըստ միջագային վիճակագրության, բնակչության միայն երեք տոկոսն է հետաքրքրվում գրականությամբ»:

Իսկ ՌԴ գրողների միության գործադիր մարմնի անդամ, արձակագիր Ստանիսլավ Կունյաևը, խոսելով «Մարտուն պապը» պատմվածքի մասին, ասել է. «Ավելի ապրող գրականություն լինել չի կարող, հիանալի պատմվածք է` թե կառուցվածքային առումով, թե խոսքի կուլտուրայով, թե հերոսների ճիշտ ընտրությամբ ու մեկնաբանմամբ, և թե վարպետորեն կառուցած երկխոսություններով: Պատահական չէ, որ նա հռչակավոր հայ արձակագիր Լևոն Խեչոյանի սանն է, ձեռագրից միանգամից պարզ է դառնում, որ մեծ դպրոց է անցել»:

Ի դեպ, սա հեղինակի միջազգային յոթերորդ և «Մարտուն պապը» պատմվածքի երկրորդ մրցանակն է:

Հիշեցնենք, որ եվրոպական EUROPEN մրցույթում պատմվածքն արժանացել է առաջին մրցանակի:

 

Հեղինակ՝

Արմինե Հոխիկյան

«Մարտուն պապը» պատմվածքը կարող եք կարդալ այս հղումով:

 


Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին