▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սաիդ Ավդալյան. «Եթե եզդիները հավաքական ուժով հանդես գան, ՀՀ կառավարությունը ստիպված շատ հարցերում կօժանդակի նրանց»

«Վերջերս եզդի ժողովուրդը շատ է բողոքում, որ Արագածոտնի մարզի որոշ գյուղերում այս տարի եզդիական դասագրքերը դուրս են շպրտվել, փոխարենը՝ պետպատվերով քրդերեն դասագրքեր  մտցրել և դպրոցներում դասավանդվում են քրդերեն, բայց Հայաստանում ոչ մի քուրդ չկա,  միայն մեկ ընտանիք կա»,- այս մասին ASEKOSE.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Աշխարհի եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանը՝ խոսելով Հայաստանում ապրող եզդիների խնդիրներից: Վերջինիս նշեց, որ իրենք այս կապակցությամբ դիմել են ՀՀ կառավարությանը և սպասում են պատասխանին:

Ազիզ Թամոյանի գնահատմամբ՝  այսկերպ փորձ է արվում հայաստանաբնակ եզդիներին քրդացնել, ինչը  շատ ցավալի խնդիր է: «Արհեստական ձևով այդ գյուղերի բնակիչներին համարում են քրդեր:  Ես համապատասխան փաստաթղթեր ունեմ, որ այդ տարածքում քուրդ չկա, ինչի՞ համար են քրդերեն պարապում և  եզդիական դասագրքերը դուրս շպրտում: Սա վտանգ է սպառնում եզդիների համար»,- ընդգծել է Աշխարհի եզդիների միության նախագահը:

Խոսելով Հայաստանի եզդիների, որոնք ապրում են հիմնականում գյուղերում,  սոցիալական  խնդիրների մասին՝ Ա. Թամոյանը նշեց, որ նրանք ունեն նույն խնդիրները, ինչ գյուղերում ապրող հայերը՝ ֆինանսական խնդիրներ, ոչ բարեկեցիկ կյանք, անասնապահության ոլորտի անկում և այլն: «Վիճակը լավ չի, աշխատանք չկա, փող չկա, անասնակերը թանկացել է, ինչի հետևանքով  անասունները վաճառվում են»,- նշեց Աշխարհի եզդիների միության նախագահը՝ խնդիրների շարքում առանձնացնելով արտագաղթը, հատկապես երիտասարդների շրջանում: Ա. Թամոյանը սա կապեց Հայաստանում աշխատանք չգտնելու հետ: «Մեր երիտասարդների քիչ մասը սովորում է  նաև բուհերում, բայց աշխատանք չեն գտնում ավարտելուց հետո և թողնում հեռանում են»,- հավելեց նա:

Անդրադառնալով ՀՀ կառավարությունից ստացած օժանդակությանը՝ նա շեշտեց, որ գոհ են կառավարությունից: «Կառավարության օժանդակության շնորհիվ մենք ունենք եզդիերեն ռադիոհաղորդում, թերթ, Հայաստանի 34 բուհերում դասավանդվում է եզդիերեն լեզուն, Ազգային ակադեմիայում եզդիների պատմությունը ուսումնասիրող հաստիք ունենք և այլն»,- նշել է Ա. Թամոյանը:  Իսկ ինչ վերաբերում է ամիսներ առաջ եզդի աղջիկների ամուսնության տարիքի հետ կապված  աղմուկին, վերջինս հիշեցրեց, որ այդ խնդիրը լուծվել է. եզդի աղջիկներին թույլատրվում է ամուսնանալ նաև սկսած 16 տարեկանից:

 Եթե Աշխարհի եզդիների միության նախագահը գոհ է  ՀՀ կառավարությունից, ապա Հայաստանի երիտասարդ եզդիների ասոցիացիայի  նախագահ Սաիդ Ավդալյանը՝ ոչ այնքան: Ըստ նրա՝ ՀՀ կառավարությունը եզդիերեն լեզուն դասավանդող  ուսուցիչների համար սահմանել է մոտ 10.000 դրամ աշխատավարձ, ինչի հետևանքով՝  եզդիերենի մասնագետները պակասել են: «Այսօր եզդի երիտասարդները ունեն իրենց մայրենի լեզվի պահպանման խնդիր, քանի որ չկան համապատասխան մասնագետներ եզդիերեն լեզվի. կառավարությունը բավականաչափ ցածր աշխատավարձ է սահմանել (կարծեմ 10.000 դրամ) եզդիերեն ուսուցիչների համար: Ով կհամաձայնի նման ցածր աշխատավարձով աշխատելու համար. իհարկե, ոչ մեկ»,- ASEKOSE.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց նա:

Ս. Ավդալյանի համոզմամբ՝ Ֆինանսական օժանդակություն կառավարությունը ցուցաբերում է ազգային փոքրամասնությունների համայնքներին, սակայն չկա վերահսկողություն այդ ֆինանսների օգտագործման առումով: Նա կարծում է՝  եթե եզդիները հավաքական ուժով հանդես գան, կառավարությունը ստիպված է լինելու շատ բաներում օժանդակել եզդիներին: Սակայն վերջիններս իրենցից այդ հավաքական ուժ չեն ներկայացնում, միահամուռ ու համախմբված հանդես չեն գալիս ինչ-որ հարցում և այլն:  «ՀՀ-ում եզդիները հավաքական են միայն ազգային ավանդույթների պահպանման հարցում, իսկ ինչ վերաբերում է քաղաքացիական հասարակության շրջանակներում ընթացող գործընթացներին, ապա այդ հավաքական ուժը այլևս չկա: Միգուցե, դա դրանից է, որ անտարբերություն կա ՀՀ իշխանությունների կողմից ազգային փոքրամասնությունների, մասնավորապես՝  եզդիների նկատմամբ: Անտարբերություն այն իմաստով, որ ամեն անգամ խորհրդարանական ընտրություններին եզդիներին դիտում են միայն ու միայն որպես էլեկտորատ, որի ձայները շահելու համար խոստումներ տալ ու հետո աչքաթող անել»,- նշել է նա:

Ըստ Ս. Ավդալյանի՝  Հայաստանում եզդի երիտասարդության առջև ծառացած ամենալուրջ խնդիրներից է հասարակության մեջ տարածված եզդիների ազգային ավանդույթների վերաբերյալ ձևավորված սխալ կարծրատիպերի ու մոտեցումների առկայության խնդիրը, որը անհապաղ լուծում է պահանջում: «Այս ամենը ձևավորվում է մեր ԶԼՄ-ների միջոցով, երբ մի լրագրող մի հոդված է գրում մի եզդի ընտանիքի մասին ու այդ հոդվածով ամբողջական պատկերացում տալիս ողջ ազգի վերաբերյալ, ինչը ճիշտ չէ, ու այստեղից սխալ կարծրատիպեր են առաջանում: Այսինքն` սա նաև մեր լրագրողների մեծ մասի լրագրողական էթիկային ու մասնագիտական գիտելիքներին չտիրապետելուց է գալիս»,- ընդգծեց Հայաստանի երիտասարդ եզդիների ասոցիացիայի  նախագահ:

Երիտասարդ եզդիների խնդիրների շարքում նա առանձնացրեց նաև այն, որ եզդիները չունեն գոնե մեկ պատգամավոր ներկայացուցչական մարմին հանդիսացող ԱԺ-ում, կառավարությունում և այլ մարմիններում, իսկ իշխանությունների կողմից ոչ մի շահագրգիռ մոտեցում առաջ չի քաշվում այս առումով: «Իշխանությունների կողմից չկա որևէ խրախուսանք ուղղված եզդի երիտասարդությանը ներգրավելու, գոնե, այնպիսի գործընթացներում, որոնք վերաբերում են հենց եզդիներին: Իհարկե, կան մարդիկ կամ աշխատանքային խմբեր, ովքեր զբաղվում են եզդիների վերաբերյալ հարցերով, բայց չէ՞ որ յուրաքանչյուր ազգ ունի իր ազգային ուրույն մենթալիտետը, ազգային խառնվածքը, դիմագիծը և այլն, հետևաբար այս ամենը ամենից լավ կարող է ներկայացնել տվյալ ազգի ներկայացուցիչը »,- ասաց նա:

Իսկ ինչ վերաբերում է եզդիների՝  հայ երիտասարդների և տեղի ազգային փոքրամասնությունների երիտասարդ ներկայացուցիչների հետ հարաբերություններին, Ս. Ավդալյանը նշեց, որ իրենց բարիդրացիական հարաբերությունների մեջ է նրանց հետ: Նա նաև ընդգծեց, որ չնայած երիտասարդ եզդիները Հայաստանում աշխատանք գտնելու խնդիր ունեն, այնուամենայնիվ, աշխատանք փնտրելիս ազգային խտրականության դրսևորումների չեն հանդիպում, ինչպես և՝ ժամանցի վայրեր այցելելիս, կրթություն ստանալիս և այլն: Վերջինիս, նույնպես, առանձնացրեց Հայաստանում ապրող երիտասարդ եզդիների արտագաղթը: «Եզդի ազգի հիմնական շարժիչ ուժը` երիտասարդությունը, արտագաղթում է: Արտագաղթի դեմն առնելու համար ողջ պետությունն է ելք փնտրում: Դրա միակ ելքը սոցիալ-տնտեսական պայմանների բարելավումն է, քանի որ արտագաղթողների ճնշող մեծամասնությունը սոցիալ-տնտեսական պայմաններից ելնելով են հեռանում»,- եզրափակեց Հայաստանի երիտասարդ եզդիների ասոցիացիայի  նախագահ Սաիդ Ավդալյան:

Նշենք, որ  Ազիզ Թամոյանի տվյալներով՝  այսօր Հայաստանում 60 հազար եզդի է ապրում:

Հեղինակ՝ Սեդա ՀԵՐԳՆՅԱՆ

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին