«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանի՝ կառավարություն կատարած այցից առաջ կառավարության դիմաց նախագահականի անվտանգության աշխատակիցներն ու ոստիկանության ծառայողները ուժեղացված հսկողություն էին իրականացնում: Կառավարության բակում փորձում էինք իրավիճակը պատկերող լուսանկարներ եւ տեսանյութ ստանալ: Նախագահականի թիկնազորի անդամներից մեկը մոտեցավ եւ ասաց. «Մի՛ նկարի»: Նախ, խնդրեցինք ասել, թե ով է ինքը եւ ինչո՞ւ է պահանջում, որ նկարահանում չիրականացնենք: Ասաց, որ պարզապես քաղաքացի է եւ շարունակեց. «Չենք խոչընդոտում, քեզ ընգերական խորհուրդ ենք տալիս, չնկարե՛ս»:
Դուք ասում եք, որ քաղաքացի եք եւ եկել եք ընկերական խորհո՞ւրդ եք տալիս:
Հա, լավ չի՞, լավ չի՞:
Անվտանգության աշխատող ե՞ք:
Չէ, անվտանգության աշխատող չեմ: Քո անունն ի՞նչ ա:
Գրած է բեյջիս վրա՝ Մուրադյան Տիրայր:
Կարդալ էլ չգիտեմ է: Տիրա՞յր:
Այո: Դուք նախագահականի թիկնազորից չե՞ք:
Չէ ապե, вулканизаторщик եմ:
Նախագահականի вулканизаторщик թիկնապահը այնուհետեւ պահանջեց, որ իրեն չնկարենք եւ փորձեց հիմնավորել, որ առանց թույլտվության ենք նկարահանում: Նրան պարզաբանվեց, որ կառավարության բակը հանրային տարածք է, եւ որ դրա համար թույլտվություն ստանալու կարիք չկա, որից հետո նրան մոտեցան կառավարության անվտանգության աշխատակիցները, թեւանցուկ արեցին եւ զրուցելովի փոքր հետ տարան:
Երբ արդեն կառավարության շենքի ներսում էինք եւ լրագրողներով սպասում էինք Սերժ Սարգսյանի ժամանմանը, նույն вулканизаторщик-ը մտավ կառավարության շենք, մոտեցավ լրագրողների խմբին եւ իր բջջային հեռախոսը պարզեց մեզ վրա: Նկարահանում անելուց հետո արագ հեռացավ եւ կանգնեց նախագահականի թիկնազորի անդամների կողքին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում