▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սերժ Սարգսյանն Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել

 

 

Հանրապետության նախագահ, Ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ օգոստոսի 30-ին, հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ, որի օրակարգի շրջանակներում քննարկվել են «Պաշտպանության մասին» եւ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքների նախագծերը:

Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ նիստի սկզբում ընդգծելով, որ այսօրվանից մեկնարկում է սահմանադրական փոփոխություններով պայմանավորված կարեւորագույն օրինագծերի քննարկումների շարքը, նախագահը նշել է, որ օրակարգում ներառված նախագծերում դեռեւս շատ հարցեր կան, որոնք մանրակրկիտ, բազմակողմանի քննարկման եւ հստակեցման կարիք ունեն: Հանրապետության նախագահը հանձնարարել է վարչապետին՝ ապահովել շահագրգիռ բոլոր գերատեսչությունների մասնագիտական բարձր որակով մասնակցությունը այդ քննարկումներին, որպեսզի հետագայում որեւէ հարց չառաջանա այդ գերատեսչությունների կողմից օրենքով նախատեսված խնդիրների իրագործման հարցում:

Օրակարգի վերոնշյալ հարցերը խորհրդի անդամներին զեկուցել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Նախարարը ներկայացրել է քննարկվող իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը, ընթացիկ իրավիճակը, խնդիրները եւ օրինագծերի կարգավորման նպատակը:

Վիգեն Սարգսյանը նշել է, որ «Պաշտպանության մասին» օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության կազմակերպման իրավական հիմքերը, պաշտպանության ոլորտում պետական եւ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, պաշտոնատար անձանց, կազմակերպությունների՝ անկախ կազմակերպական իրավական ձեւից, զինված ուժերի եւ այլ զորքերի գործունեությունը, Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը մասնակցելու գործընթացում քաղաքացիների իրավունքները եւ պարտականությունները, ինչպես նաեւ զորահավաքային նախապատրաստության եւ զորահավաքի անցկացման հետ կապված հարաբերությունները:

«Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը մասնակցելու սահմանադրական պարտականության շրջանակներում քաղաքացիների զինվորական ծառայությանը նախապատրաստության, զինվորական ծառայության եւ պահեստազորային պատրաստության կազմակերպման եւ իրականացման, ինչպես նաեւ զինծառայողների, նրանց ընտանիքների անդամների ու զինծառայողներին հավասարեցված անձանց իրավական եւ սոցիալական երաշխիքների հետ կապված հարաբերությունները:

Պաշտպանության նախարարը խորհրդի նիստում ներկայացրել է նաեւ կառավարությունում եւ Ազգային ժողովում հիշյալ օրինագծերի քննարկումների ժամանակացույցը, ըստ որի շահագրգիռ բոլոր նախարարություններից արդեն ստացված եզրակացությունների հիման վրա մշակված նախագծերի քննարկումները կմեկնարկեն օգոստոսի 31-ին կառավարության նիստում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին