«Այսօր դեռ լիարժեք հանրապետություն չունենք, այն նոր պետք է հիմնադրենք՝ նախորդ փորձերից դասեր քաղելով ու անսխալ: Այն իրոք պետք է պատկանի յուրաքանչյուր հայի»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը:
Անդրադառնալով թանկացումներին՝ նկատեց.
«Դրանք այս քաղաքական համակարգի հետևանքով են: Ոչ ոք այն չի կարող զսպել, եթե չփոխենք երկրի քաղաքական կառուցվածքը: Պետք է ուշադրություն դարձնենք բոլոր այն իրադարձություններին, որոնք նախորդեցին թանկացումներին՝ «Պետական պարտքի մասին» օրենքի մեջ փոփոխություն, աճող պետական պարտք, որն ամեն ամիս աճում է ու պահանջում հարկային բեռի ավելացում, ինչն էլ հանգեցնում է գնաճի: Ունենք ահռելի արտագաղթ ու ծերացող բնակչություն՝ 11 տոկոսից ավելի: Սա ճգնաժամ է»:
Ինչ վերաբերում է «Ելք» դաշինքի կողմից հունվարի 19-ին բողոքի երթ կազմակերպելուն, որը կանցնի «Ո՛չ թանկացումներին և հարկային բեռի ավելացմանը» կարգախոսի ներքո ու դրան «Երկիր Ծիրանի»-ի միանալուն, Զարուհի Փոստանջյանը նկատեց.
«Եթե դիտարկենք իրենց կողմից հրապարակված տեքստը, ապա այն հայտարարություն է, քաղաքական պահանջներ, լուծումներ չկան: Պետք է փոխվի համակարգը, ոչ թե հետևանքի համար պայքարեն: Գուցե փոքրիկ փոփոխություն լինի, բայց հարցը չի լուծվի: Առայժմ քաղաքական օրակարգ չեմ տեսնում: Եթե թանկացումներից խոսում է նաև Սերժ Սարգսյանը, ով այս համակարգի հեղինակներից է, ապա սա քաղաքական օրակարգ չէ: Սերժ Սարգսյանն ու ընդդիմությունը չեն կարող խոսել նույն խնդրի մասին»:
Անի Կարապետյան