ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են հունվարի 6-ին անչափահասի նկատմամբ սպանության փորձ կատարելու մի շարք հանգամանքներ, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը: Մեղադրյալի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։
2016 թվականի հունվարի 6-ին՝ ժամը 21:20-ին, «Արաբկիր» ԲԿ-ից ահազանգ է ստացվել, որ Կոմիտասի պողոտայից «կրծքավանդակի և վերին վերջույթների բազմաթիվ կտրած վերքեր» ախտորոշմամբ բժշկական կենտրոն է ընդունվել 1999 թվականի ծնված Ղազանչյանը:
Օպերատիվ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ անչափահասին սպանելու դիտավորությամբ նրա մարմնի կենսական կարևոր նշանակություն ունեցող հատվածներին սուր կտրող-ծակող առարկայով բազմաթիվ հարվածներ են հասցվել Շախսուվարյան փողոցի շենքերից մեկի բակում՝ 2016 թվականի հունվարի 6-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում։ Հարվածների հետևանքով պատանուն պատճառվել է կյանքին վտանգ սպառնացող մարմնական վնասվածքներ՝ կրծքավանդակի երկկողմանի բազմաթիվ կտրած-ծակած վիրավորումների, երկկողմանի հեմոպնևմոթորաքսի, պերիկարդի և սրտի ձախ փորոքի թափանցող վիրավորումների, ձախ թոքի բազմաթիվ կույր և միջանցիկ վիրավորումների ձևով։
Դեպքի առթիվ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ հունվարի 11-ին որոշում է կայացվել Ս.Մուրադյանին ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին։ Նույն օրը քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է և հայտարարվել հետախուզում։
Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին ձեռնարկել անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական գործողությունները՝ հետախուզվողին հայտնաբերելու ուղղությամբ։ Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Սպանության փորձ` անչափահասի նկատմամբ. հայտարարվել է հետախուզում
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet