▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ստիպված եմ արտագաղթել երկրից, քանզի Հ1-ը ճիշտը խոսելու համար ազատել է ինձ աշխատանքից. Մենուա Մեհրաբյան

«Նախ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ձեր կայքին, քանի որ միակ լրատվամիջոցն էր, որը ցանկացավ լսել իմ տեսակետը՝ խնդիրը հանրության համար ավելի մատչելի պարզաբանելու նպատակով, քանի որ մինչև այսօր հանրությանը հայտնի էր միայն Հանրայինի ներկայացրած պարզաբանումը: 2015 թվ.-ի հունիսի 9-ին ազատվել եմ աշխատանքից և առ այսօր չեմ կարողանում նոր աշխատանք գտնել: Մեր հայրենակիցներից շատերի պես շուտով արտագաղթելու եմ: Ամիսներ շարունակ լռելուց հետո` նախքան հայրենիքը լքելը, որոշել եմ հանրությանը ներկայացնել, թե ինչու են ինձ իրականում ազատել Հանրային հեռուստաընկերությունից, առավել ևս, որ իմ փաստարկներն ավելի ծանրակշիռ են, քան` իրենցը: Առհասարակ, իմ նախկին ղեկավարությունն իր դեմքը փրկելու համար պատրաստ է ամեն ինչի»,-Asekose.am-ի հետ զրույցում ասաց սպորտային մեկնաբան, Հանրային հեռուստաընկերության արդեն նախկին աշխատակից Մենուա Մեհրաբյանը:

Վերջինիս խոսքով` դեռ մանկուց զբաղվել է ֆուտբոլով և երազել է ֆուտբոլային մեկնաբանի աշխատանքի մասին: 2012 թվ.-ից սկսած` աշխատում էր Հանրային հեռուստաընկերությունում որպես սպորտային մեկնաբան, ինչպես նաև «Առաջին լրատվականի» մարզական բաժնի հաղորդավարն էր, թեև ղեկավարության փոփոխությունից հետո նա զրկվել էր այդ աշխատանքից այն պատճառաբանությամբ, թե իր արտաքինն էկրաններին երևալու հնարավորություն չի տալիս:

«Սկզբնական շրջանում մի փոքր դժվար էր, որովհետև սիրում էի նաև այդ աշխատանքը, սակայն ինձ համար առաջնայինը հենց ֆուտբոլային հանդիպումները մեկնաբանելն էր: Իմ ծավալած գործունեության ընթացքում 2014թվ.-ի սեպտեմբերից սկսեցի մեկնաբանել նաև Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի խաղերը: Պետք է նշեմ, որ մինչ այդ էլ ինձ երբեմն քննադատում էին գերզգացմունքային մեկնաբանության համար, սակայն 6 տարեկանից լինելով ֆուտբոլի ասպարեզում (զբաղվել եմ պրոֆեսիոնալ ֆուտբոլով) և տիրապատելով խաղին՝ ամենայն մանրամասնությամբ, ըստ իս, մասնագիտական կարծիք արտահայտելու իրավունք ունեմ: Առավել ևս, երբ մեկնաբանում ես հավաքականիդ խաղերը, աշխատանքդ կատարելուց բացի` նաև երկրպագու ես:

Ինչևէ, 2014թ.-ին Հանրային հեռուստաընկերությունն իր ֆինանսական միջոցներով ինձ օպերատորի հետ միասին գործուղեց Դանիա` ազգային հավաքականի խաղը մեկնաբանելու: Քանի որ արդեն բավական երկար ժամանակ էր, ինչ շարունակվում էր մեր հավաքականի անատամ խաղը, հանդիպումը մեկնաբանելիս քննադատությամբ հանդես եկա, որի միջոցով արձանագրում էի այն ամենը, ինչ կատարվում էր խաղադաշտում և մեր ֆուտբոլային աշխարհում: Միաժամանակ նշեմ, որ խորքային քննադատությամբ հանդես չէի եկել, որն ուղղված կլիներ մեր հավաքականի և ֆուտբոլի ֆեդերացիայի աշխատանքին: Ի վերջո, ես օդաչու չեմ, եւ ոչ էլ խառատ  և ֆուտբոլի մասին կարծիք արտահայտելու իրավունք ունեմ, պարզապես մեզ մոտ առողջ քննադատությունները հաճախ ընկալվում են որպես ստվեր և ցեխ գցելու միջոց»,-նշեց Մենուա Մեհրաբայանը` հավելով, որ այդ շրջանում խնդիրներ իր և Հանրային հեռուստատեընկերության միջև դեռևս չէին ծագել: Ավելին, ըստ մեկնաբանի, իր կատարած աշխատանքը հեռուստաընկերության ղեկավարությունն արժանացրել էր ուշադրության: Դանիայից վերադառնալուց հետո էլ որևէ բողոք կամ նկատողություն իր հնչեցրած մտքերի համար չէր ստացել:

Մենուայի պնդմամբ` խնդիրները ծագեցին այն ժամանակ, երբ իրեն կրկին գործուղեցին հավաքականի հերթական հանդիպումը մեկնաբանելու: Հատկանշականն էլ այն էր, որ այս անգամ ֆինասական ծախսերը հոգում էր ոչ թե Հանրանին հեռուստաընկերությունը, այլ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, ինչն էլ ըստ Մենուայի` խնդրի առաջացման գլխավոր պատճառն էր.

«Պորտուգալիա մեկնելիս ավիատոմսերը և հյուրանոցում մնալու ծախսերը ֆինանսավորվել էին ֆեդերացիայի կողմից, ըստ այդմ էլ` Հանրային հեռուստաընկերությունը որոշակի կախվածություն ուներ ֆեդերացիայից: Այդ պահից էլ սկսվեցին  հեռուստաընկերության կողմից ինձ ուղղված քննադատությունները, թեպետ շարունակում էին վստահել հավաքականի հանդիպումների մեկնաբանումը: Իրավիճակը սրվեց, երբ այս տարի մարտ ամսին մեկնեցի Ալբանիա` մեկնաբանելու Հայաստան-Ալբանիա հանդիպումը:

Որպես հայ, որպես ֆուտբոլասեր, որպես մեկնաբան, պարզապես չէի կարող անտարբեր լինել հավաքականի նկատմամբ: Հանդիպումը գերզգացմունքային վարեցի, ինչը դժգոհություններ առաջացրեց Հայաստանում: Միաժամանակ հնչում էին նաև գովեստի խոսքեր, որոնց համաձայն` առաջին մեկնաբանն էի, ով չվախեցավ և եթերում քննադատեց հավաքականի խաղը և մարզչի գործողությունները: Բացի այդ եթերում նաև նշել էի, որ նման խաղով մենք անելիք չունենք Եվրոպայի առաջնությունում, և մեր հավաքականը տապալվել է:

Ինչևէ, վերադարձա Ալբանիայից և Հանրային հեռուստաընկերության ղեկավարության կողմից անմիջապես դժգոհության և քարկոծման արժանացա: Անուններ չեմ նշում, որովհետև բոլորն էլ գիտեն, թե ովքեր են ներկայիս ղեկավարները: Ըստ ղեկավարության` հիմնական պատճառն այն էր, որ քննադատությամբ սկսել եմ փչացնել Հանրայինի և ֆեդերացիայի հարաբերությունները, ինչը սակայն հետագայում ժխտվել էր հենց ֆեդերացիայի կողմից: Ղեկավարությունիցս ստացա գրավոր նկատողություն, թեև չեմ կարող հստակ նշել, թե դա ինչի համար էր` քննադատությա՞ն, թե՞ զգացմունքայնության: Ամեն դեպքում ինձ ասել էին, որ շատ վատ եմ մեկնաբանել հանդիպումը, սակայն այդ կարծիքին չէի, պարզապես էությամբ այնիպիսին եմ, որ միշտ արդարության եմ ձգտում և ասում եմ այն, ինչ կա: Ինչպես նաև արգելեցին ֆեյսբուքյան իմ էջում գրառումներ կատարել, քանի որ ըստ Հանրայինի` իրենց և իմ տեսակետները չէին համընկնում:  Բայց չէ՞ որ սա իմ անձնական տիրույթն է և, բացի այդ, ֆուտբոլային առումով իմ տեսակետը չէր կարող ոչ մի կերպ համապատասխանել հեռուստաընկերության տեսակետի հետ, միանշանակ: Նշեմ նաև, որ Հանրային հեռուստաընկերությունն իր պայմանագրի մեջ հատուկ կետ է մտցրել, ըստ որի` իրենք լուրջ հսկողության են ենթարկում իրենց աշխատակիցների սոցիալական ցանցերի էջերը»:

Սակայն գրավոր նկատողությամբ խնդիրը հանգուցալուծում չէր ստացել, որոշ ժամանակ անց Մենուա Մեհրաբյանը ռուսական Sports.ru կայքի կողմից հարցազրույց տալու առաջարկ էր ընդունել.

«Կայքին տված հարցազրույցի միջոցով ներկայացրել եմ հայկական ֆուտբոլի պատկերն այնպիսին, ինչպիսին այն կա, սակայն Հանրային հեռուստաընկերության ղեկավարության կողմից դա ընդունվեց որպես սուր քննադատություն, այն դեպքում, որ չէի ներկայացրել հավաքականի և ֆեդերացիայի ներքին խնդիրները և խոհանոցը, որին լավ տիրապետում էի, ինչպես նաև չէի խոսել Հանրային հեռուստաընկերությունից: Հասկանալի է, որ նման դեպքում դժգոհություն կարող էր առաջանալ ֆեդերացիայում, ինչը, սակայն, չէր եղել: Համենայն դեպս, անձամբ ինձ,  ֆուտբոլի ֆեդերացիայից ոչ ոք այդ առումով ոչինչ չէր ասել, չէր դժգոհել: Ղեկավարությունն ինձ հայտնեց, որ նման հարցազրույց տալուց առաջ պետք է համապատասխան թույլտվություն ստանայի իրենց PR բաժնից… Ինձ` տվածս հարցազրույցի համար խիստ նկատողություն արեցին, որից հետո էլ նույն օրը ներկայացրեցին նաև իմ բացակայությունները (1 ամսվա ընթացքում 5 օր բացակայել էի ) և աշխատանքից ազատելու հրաման տվեցին:

Ի դեպ, «Ֆուտբոլ 365» կայքը փորձել էր Հանրային հեռուստաընկերությունից իմ ազատման վերաբերյալ պաշտոնական մեկնաբանություն ստանալ, ինչին ի պատասխան նշել էին, որ անպարտաճանաչ, հաճախ բացակայող, աշխատանքին լուրջ չվերաբերող աշխատակից եմ, ինչը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը, պարզապես Հանրայինը փորձել է փրկել իր դեմքը, սակայն բոլորն էլ գիտեն, թե ինչու եմ ազատվել աշխատանքից: Ես ազատվել եմ ճիշտը խոսելու, խնդիրները բարձրաձայնելու և հավաքականի անատամ խաղը քննադատելու համար:

Բացի այդ հաստիքով նաև լրագրող էի, ով «Առաջին լրատվականի» մարզական թողարկման համար այս կամ այն նյութը պատրաստելու նպատակով էր միայն բացակայում աշխատավայրից, քանի որ պատասխանատու էի նաև նկարահանումների համար (չունեինք առանձին լրագրող և նկարահանումներն անում էին մեր մեկնաբանները): Ավելացնեմ նաև, որ ես ներկայացրել էի փաստաթուղթ, որը վկայում էր, որ նկարահանման պատճառով էի բացակայել, ինչը սակայն կրկին հերքվել էր ղեկավարության կողմից: Ավելին` նրանց առաջարկել էի հարցումների միջոցով պարզել արդյո՞ք բացակայածս օրերին լուսաբանել եմ այս կամ այն միջոցառումը, ինչն անել չցանկացան, որովհետև ինձ աշխատանքից ազատելու պատճառ էր հարկավոր… Հանրայինը ցույց տվեց, որ նույնիսկ փոքրիկ ճնշման դեպքում պատրաստ է հրաժեշտ տալ իր լավագույն աշխատակիցներից մեկին: Մինչդեռ կոչ եմ անում Հանրայինին՝ մնալ ինքնուրույն կառույց և ցանկացած պարագայում ամուր պահել լավագույն աշխատակացիներին»:

Մենուայի խոսքով` ներկայումս աշխատանք չի կարողանում գտնել հենց Հանրայինի միջամտության պատճառով.

«Գրեթե համոզված եմ, որ երբ պոտենցիալ գործատուները փորձում են իմ մասին տեղեկություն ստանալ, Հանրայինի ղեկավարությունն ինձ այնպես է ներկայացնում, որ որևէ հեռուստաընկերություն չի ցանկանում ինձ աշխատանքի ընդունել: Նշեմ նաև, որ ես Հանրայինից ազատվել եմ իմ դիմումի համաձայն, քանի որ ինձ ասել էին, որ հակառակ դեպքում իրենք դա կանեն, իսկ ես գիտակցում էի, որ դա մեծ հետք կթողնի իմ հետագա աշխատանքային գործունեության վրա:

Խոսքս ամփոփելիս, ցավով, պետք է նաև հավելեմ, որ վերջերս Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանը ԱԺ-ում նշել է, որ Հանրայինը  չունի լավ հաղորդավարներ և մեկնաբաններ… Չեմ կարող հասկանալ, թե խոսելուց առաջ ինչ է մտածել Ռուբեն Ջաղինյանը, սակայն վիրավորել է իմ գործընկերներին, ովքեր աշխատում են Հանրային հեռուստաընկերությունում. դա առաջին հերթին հարված էր հենց իր աշխատակիցներին, քանի որ Հանրայինում կան բանիմաց, գործին լավ տիրապետող հաղորդավարներ եւ մեկնաբաններ: Պարզապես հորդորում եմ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահին և ղեկավարությանը՝ հարգել և գնահատել իրենց աշխատակիցներին` անկախ այն բանից, թե որ կառույցն ինչպես կքննադատի տվյալ աշխատակցին: Խնդրում եմ չվարվել այնպես, ինչպես ինձ հետ, որովհետև սա կյանք է և ամեն ինչ կարող է լինել, իսկ ո՞վ է ասել, որ իրենք անթերի են աշխատում, կարող եմ բազմաթիվ խնդիրներ բարձրաձայնել, բայց դա չեմ անի… Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իմ այն գործընկերներին, որոնց հետ այս տարիների ընթացքում աշխատել եմ Հանրային հեռուստաընկերությունում: Նրանց մաղթում եմ մասնագիտական հետագա հաջողություններ եւ վերելքներ:

Հիմա խիղճս հանգիստ կարող եմ հեռանալ Հայաստանից, արդեն դիմել եմ ռուսական լրատվամիջոցներին, շուտով մեկնելու եմ Մոսկվա, կփորձեմ հարմարվել նոր միջավայրին…Գործս արել եմ հսկայական սիրով, հսկայական նվիրվածությամբ, յուրաքանչյուր խաղի մեկնաբանության մեջ ներդրել եմ հոգիս, փորձել եմ անել այնպես, որպեսզի վայելեմ ժողովրդի հարգանքը: Ուրախ եմ, որ հասել եմ դրան, քանզի այսօր կարող եմ վստահ և գլուխս բարձր, որ ժողովրդի մեծ մասի կողմից գնահատված եմ: Ցավով եմ լքում հայրենիքս, այստեղ թողնում եմ ընտանիքս, երեխաներիս, ծնողներիս, ընկերներիս, հարազատներիս, բայց չգնահատված լինելու և կյանքը շարունակելու խնդիր կա: Եթե մինչև Մոսկվա մեկնելս գործնական առաջարկություն լինի հայկական հեռուստաընկերությունների կողմից, ապա ուրախ կլինեմ մասնագիտական գործունեությունս շարունակել Հայաստանում»,-իր խոսքը եզրափակեց Մենուա Մեհրաբյանը:

Հեղինակ` Լիլիթ Հակոբյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին