Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ բնապահպանական տեռոր է կիրառում։ Լրագրողների հետ հանդիպմանն ասել է Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության նախագահ, ԶՊՄԿ-ի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանը`անդրադառնալով ադրբեջանցի «բնապահպանների» կողմից Արցախի հանքագործական ընկերությունների գործունեությանն ուղղված բողոքին։ Թշնամու կողմից բնապահպանական թեզերը Հայաստանի նկատմամբ օգտագործվելու մեջ Ջհանյանը տեսնում է հենց հայերի մեղավորությունը։
«Երբ որ մենք ինքներս թույլ ենք տալիս, որ այդ կեղծ թեզերը անընդհատ շահարկվեն, մի օր էլ շատ ճիշտ ձևով օգտագործվելու է դա թշնամու կողմից` ինչպես Լաչինի դեպքում»,–պարզաբանել է նա։
Խոսքն այն շահարկումների մասին է , թե իբր Հայաստանում բնապահպանական առումով կատաստորֆիկ իրավիճակ է։ Իրականում, Ջհանյանի կարծիքով, ի տարբերություն տարածաշրջանի այլ երկրների ու հատկապես Ադրբեջանի, Հայաստանի ու Արցախի տարածքում գործող հանքավայրերում բնապահպանական ծրագրերն իրականացվում են եվրոպական չափանիշներին համապատասխան։
«Կամ Վրատսանի օրինակը եթե դիտարկենք, Հայաստանում կա բնապահպանության նախարարություն (ՀՀ շրջակա միջավայրի նախարարւոթյուն,–խմբ.), Վրաստանում դա վարչության մակարդակի մի կառույց է։ Այսինքն` Հայաստանում այդ առումով շատ ավելի մեծ ջանքեր են ուղղված, որ բնապահպանական նորմերը պահպանվեն»,–ասել է նա։
Միևնույն ժամանակ Ջհանյանը չի ժխտում, որ խնդիրներ կան, ինչը, նրա խոսքով, բնական է, քանի որ ցանկացած մարդկային գործունեություն հանգեցնում է բնապահպանական խնդիրների։ Նրա դիտարկմամբ, սակայն, դրանց ազդեցությունը մարդկանց վրա պետք է լինի զրոյական, իսկ բնության վրա`մինիմալ։
«Այդ ուղղությամբ մեծ քայլեր ու ջանքեր են ուղղված և՛ ոլորտի, և՛ պետության կողմից»,–ընդգծել է Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության նախագահը։
Ջհանյանը կարծում է, որ առանց հանքարդյունաբերության Հայաստանի գոյատևումը անհնար է. «Առաջնահերթ պետք է լինի տնտեսական աճը, բայց պահպանելով բնապահպանական նորմերը։ Հայաստանն առանց հանքերի չի կարող զարգանալ»։
Ջհանյանը նշում է, որ Հայաստանում կա միջազգային ստանդարտներին համապատասխանող մեկ հանքագործական կազմակերպություն. «Դա Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է, իսկ երկրորդ այդպիսի կազմակեպություն պետք է լիներ Ամուլսարը, բայց բոլորս գիտենք, թե ինչ պատահեց Ամուլսարի հետ»: