▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարդան ՊԵՏՐՈՍՅԱՆ. «Կարիքից դրդված հայրենիքը լքելը ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԽՆԴԻՐ ՉԷ. ԴԱ ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆ Է»

Ամեն տարի  հայ հանդիսատեսի մի կայուն հատված արդեն  կարոտած սպասում է այն դերասանին, ով բեմում բարձրացնում  և  հումորով է համեմում այն բոլոր ցավալի խնդիրները, որոնք այդ հանդիսատեսինն են: Սպասվածը չհոգնած և կայտառ Վարդան ՊԵՏՐՈՍՅԱՆՆ է, ով երկար տարիներ ապրում է Ֆրանսիայում, բայց սփյուռքի մաս չի դառնում: Իսկ ինչպե՞ս է դա հաջողվում: Այս և այլ հարցերի շուրջ ASEKOSE.am-ի թղթակիցը զրուցել է Վարդան Պետրոսյանի հետ:

 -   Պրն Պետրոսյան, երկար տարիներ ապրել եք Փարիզում, բայց այդպես էլ չեք ձուլվել սփյուռքահայությանը: Ո՞րն է  սփյուռքին չձուլվելու Ձեր դեղատոմսը:

-    Չգիտեմ՝ կարող եմ արդյոք դեղատոմսեր առաջարկել սփյուռքահայ չդառնալու համար և ասել, թե որն է դրանում լավը կամ վատը… Ֆրանսիայում ապրել եմ Հայաստանը սրտումս ունենալով, բայց ոչ որպես հիվանդագին մի երազ, ոչ որպես կորցրած, ավարտված մի բան: Փորձել եմ գնացածս օրվանից անընդհատ ներկա մնալ Հայաստանի կյանքում: 1992-ին գնացի, բայց  93-ին արդեն իմ առաջին վիդեոֆիլմը դուրս եկավ, դրան հաջորդեցին մյուսները: Բանն այն է, որ արմատներս այստեղ ուժեղ են եղել, ընտանիքս՝կինս, տղաս, այստեղ էին: Ես գնացի առանց կամուրջներ վառելու: Հիմա էլ իմ ընտանիքը կրում է մեր ծնողներից եկած ուժեղ ժառանգությունը, կապվածությունը՝ պատմությանը, հողին, խոսել ու խոսում ենք հայերեն: Ձուլվելու հարցը մեզ մոտ այնպես է դրված, որ անգամ քննարկման ենթակա  չէ: Հետո, միգուց, ես ուշ գնացի Հայաստանից՝ 33 տարեկան հասակում, երբ արդեն կայացած հայ էի:  

Մարդը գնում և շատ արագ ձուլվում է, հատկապես, բարձր մշակույթ ունեցող երկրին, քանի որ ինքն իրեն ավելի ստորադաս է զգում: Երեխաները սովորում են տեղի դպրոցներում և որքան հնարավոր է՝ արագ դառնում այդ բարձր մշակույթի կրողները: Իրենք՝ որպես զարգացող մի փոքրիկ, երրորդ երկրի ներկայացուցիչ, իրենց ցածր են գնահատում: Իսկ ձուլվելու համար հենց նման բաներ են պետք:  Ինչպես նաև, նոր բառ հորինեմ, հոգսափոխ են լինում: Աստիճանաբար սկսում են ապրել այն երկրի խնդիրներով, որտեղ ապրում են ու խորթանում են այն հոգսերից, որով ապրում է իրենց երկիրը: Իսկ ինձ հետ սա տեղի չունեցավ, որովհետև ես տարեկան մի քանի անգամ Երևան եմ եկել, գնալով այդ մի քանի ամիսը դարձել է արդեն կես տարի: Եվ երբ հիմա Փարիզ եմ գնում, ֆրանսիական հոգսերը ինձ համար երկրորդական են դառնում:

 

 -    Մեկ անգամ նշել եք, որ արդեն ավելի քան  տասնհինգ տարի է ցանկանում եք մշտական բնակություն հաստատել Հայաստանում, սակայն չի հաջողվում: Ի՞նչն է խանգարում Ձեզ:

-     Մի շարք հանգամանքներ կան: Նախ երկիր փոխելը գնալ-գալու պես հեշտ չէ: Ամբողջ ընտանիքը այստեղ հիմնովին բերելը հեշտ բան չէ: Օրինակ, 16 տարեկան աղջիկս նոր պետք է սկսի համալսարանական կրթություն ստանալ: Չեմ հավատում, որ Հայաստանի համալսարաններից որևէ մեկը այսօր կկարողանա բավարարել նրա պահանջները և հետաքրքրությունները, որոնք շատ մեծ են: Սա պախարակելու համար չեմ ասում. կրթական համակարգի անկումը ամբողջ աշխարհում է: Աղջկաս բերել և մտահորիզոնի մեծացման տարիքում փակել, փոքրացնել՝ ճիշտ չի լինի… Բացի կրթությունից, գոյություն ունեն նաև փոխհարաբերությունների որակ և որքանո՞վ ճիշտ կլինի կտրել ընտանիքս այդ ամենից և բերել այստեղ…  Վերցնենք կնոջս տարբերակը, նա Ֆրանսիայում պրոֆեսիոնալ դերասան է, իր դպրոցն ունի, աշխատում է Փարիզի ամենահայտնի ռեժիսորների, դերասանների հետ: Ու այդ ամենը գնալով զարգանում է: Ինչպե՞ս թողնել այդ ամենն ու այստեղ գալ:

Իմ օրինակով՝ տարվա կեսը անցկացնում եմ Հայաստանում, ինտենսիվ աշխատում ոչ միայն Երևանում, այլև հյուրախաղերի եմ մեկնում Գյումրի, Վանաձոր, Արցախ, Թեհրան,  Նոր Ջուղա և դրանց զուգահեռ պատրաստում երկրորդ, երրորդ ներկայացումներս: Այդպիսի ինտենսիվությունից հետո անպայման պետք է որոշակի հանգիստ` արածին ետադարձ հայացք գցելու, ամփոփելու, կարդալու և  ստեղծագործելու համար: Ֆրանսիայում դա հնարավոր է: Ես այնտեղ ունեմ հանգիստ աշխատելու հնարավորություն: Վերադարձը հեշտ չէ նաև ֆինանսական առումով: Այստեղ տուն տեղափոխելը շատ դժվար է՝ սկսած գրադարանից, վերջացրած հագուստեղենից:

 

  -   Եվ, վերադառնալով Հայաստան, կրկին Ձեր բեմը լցնում եք առատ հանդիսատեսով: Ըստ Ձեզ՝ ինչո՞վ է պայմանավորված Ձեր հանդիսատեսի առատությունը:

-  Այն,  ինչ ես անում եմ, հետաքրքրում է հանդիսատեսին՝ միայն դրանով: Նրանց հետաքրքիր է՝ ինչ եմ ես ասում: Բեմում  բարձրացվում են հարցեր, որոնք նրան հարազատ ու ցավագին են: Քաղաքական երգիծանքի լեզվով քննարկվում են մեր դարդուցավի հետ կապված խնդիրներ, որոնք պատկանում են նրան: Նա բեմում տեսնում է զվարթ, կայտառ և առողջ ու ոչ թե՝ փտած մի մարդու: Նա տեսնում ու ճանաչում է ինքն իրեն, իր մեջ եղած հիվանդությունները: Տեղի է ունենում ախտորոշման պրոցես, որից անմիջապես հետո՝ ինքնաբուժումը:

 

-  Իսկ ի՞նչ միտումներ եք նկատում այդ հանդիսատեսի և Ձեր հայրենիքի՝ Հայաստանի տարբեր ոլորտներում, օրինակ՝ կրթությունում:

-   Ցավոք սրտի, ամբողջ աշխարհում զարգացման պրոցեսները միագիծ չեն ընթանում՝ եկու քայլ գնում ես առաջ, մեկ քայլ հետ գալիս: Եթե համեմատելու լինենք 20-30 տարի առաջվա հետ՝զարգացումներ, ինչ խոսք, շատ կան, բայց կան նաև հետընթաց զարգացումներ: Դրանք   կապված նաև համաշխարհային ճգնաժամի հետ, բայց տեսնում ենք նաև հետնթաց զարգացումներ՝ մեր իսկ բարքերի դեգրադացիայի հետևանքով:   Օրինակ՝ ինչպես, որ ես եմ  տեսնում, ամբողջ աշխարհում կրթական համակարգը կամաց-կամաց դեգրադացվում է և փլուզվում: Սա տեղի է ունենում նաև Հայաստանում: Տարիներ առաջ  մենք որդեգրեցինք տասներկումյա դպրոցական կրթության ծրագիրը, որը Ֆրանսիայում արդեն խայտառակություն էր համարվում, քննադատվում էր, իսկ մենք դա հոտընկայս ծափահարություններով ընդունեցինք: Իմ օրինակով կարող եմ ասել: Որտեղ, որ ես եմ սովորել, այն մարդիկ, ովքեր ինձ դասավանդել են, բոլորովին ուրիշ էին, եկող սերդի մասնագետները՝ ավելի ցածր որակի են: Մենք անընդհատ զիջելով ներքև ենք իջել: Բանակ չգնալու համար կրթություն ենք  ստանում,  օժիտի դիպլոմ ստնալու համար կրթություն ենք ստանում…

-  Հայտնի է, որ որպես արտիստ ՝Ձեր ունեցած հաջողություններին հասել եք ոչ հեշտությամբ: Ի՞նչ եք կարծում՝ մերօրյա հայ երիտասարդ արտիստը  հնարավորությունի ունի՞ հայրենիքում կայանալու և հաջողությունների հասնելու՝ թեկուզև դժվար ճանապարհով:

- Ուժեղ կամքի տեր երիտասարդը, ինչ խոսք, ունի: Մեր ժամանակներում շատ ավելի բարդ վիճակ էր: Շատ դժվար էր առաջ գնալը, եթե դու չուենիր կուսակցական  պաշտպան: Ինձ ռադիո և հեռուստատեսություն չէին թողնում: Շատ հաճախ մեծ-մեծ խոսում են այն ժամանակների մասին, բայց հեշտ չէր մաքուր խղճով մնալ և առաջ գնալ: Բազմաթիվ տաղանդներ ոտնատակ եղան, գնացին, իսկ բազմաթիվ ապաշնորհներ, մեկենասներ ունենալով, դարձան չափանիշներ, մինչդեռ չունեին դրա իրավունքը: Հիմա էլ հեշտ չէ, բայց դա չի նշանակում, որ պետք է փնովել դրությունն ու ոչինչ չանել: Այսօր շատ ավելի մեծ հնարավորություններ կան: Երբեք էլ հեշտ չի եղել առաջ գնալը: Թող ոչ ոք չմտածի, թե Շառլ Ազնավուրի համար հեշտ է եղել:

 

 -Այսօր շատ հայեր լքում են հայրենիքը՝ աշխատանք և ապրելու առավել բարեկեցիկ պայմաններ փնտրելով դրսում: Ընդունելի՞ է Ձեզ համար այն  արդարացումը, որ դա արվում է կարիքից դրդված:

-   Դա դժբախտություն է մեր երկրում…Դա աշխատավարձի պակասն է, որը կոռուպցիոն համակարգի, տնտեսական մենաշնորհի  հետևանքն է:  Սա խնդիր չէ, սա ողբերգություն է: Իսկ իշխանական ուժերին ձեռնտու է ունենալ հացի փշուրին կարոտ հասարակություն, որովհետև այդպիսի հասարակությանը հեշտ է կառավարել ու կաշառել: Իսկ ի՞նչ անի մարդը այդ չնչին աշխատվարձով, սովից մեռնի՞: Ես իսկապես հասկանում եմ այդ մարդկանց: Նրանք գնում են օտար երկրներ, աշխատանք գտնում, կայանում, մասնագետ  են դառնում:

 

- Առաջիկայում հայաստանյան նախագահական ընտրություններն են: Մասնակցելու՞  եք:

- Հայաստանի վերջին մի քանի ընտրություններին չեմ մասնակցում՝ ոչ նախագահական, ոչ էլ խորհրդարանական և ոչ էլ բոյկոտում եմ: Ինձ համար ավելի մեծ ծաղրուծանակ, քան ամբողջ աշխարհում այսօրվա ժողովրդավարական ընտրություններն են, չկա: Այդ ծաղրուծանակը մեկ այլ բառով կոչվում է խաբեություն: Թեկնածուները գալիս են խոստումներ տալով և հենց առաջին իսկ քայլերով դրժում այդ խոստումները:

 

- Իսկ այսօրվա հայաստանյան քաղաքական դաշտում կա՞ որևէ գործիչ, ում գաղափարները Ձեզ համար ընդունելի են:

- Պատանի հասակից եղել եմ Պարույր Հայրիկյանի մեծ երկրպագուն: Սովետական ժամանակներում, երբ մենք երիտասարդներով սրճարաններում սուրճ էինք խմում, Պարույր Հայրիկյանը նստած էր բանտում՝ նստած էր ազատության համար: Նա իր ամբողջ կյանքը տվեց Հայաստանի անկախության համար:

 

 - Կցանկանայի՞ք հենց նրան տեսնել Հայաստանի  ապագա նախագահի պաշտոնում:

 - Երբ Պարույր Հայրիկյանը առաջին նախագահական ընտրություններում իր թեկնածությունը առաջադրեց, ես նրան ընտրեցի: Ցավոք, իմ ընտրյալը երբեք չի ընտրվել…  Այժմ տպավորություն ունեմ, որ նա մեծ քաղաքականությունից  դուրս է եկել… միգուցե սխալվում եմ… շատ կուզեի այդպես լիներ…

 Հարցազրույցը՝ Սեդա ՀԵՐԳՆՅԱՆԻ 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին