▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վերակառուցվենք ինքներս ու վերակառուցենք մեր փոխհարաբերություններն աշխարհի հետ

ՎԱՐՊԵՏԻ ԴԱՍԵՐԻՑ

«Երրորդ ուժին», չգիտեմ որ ուժին ապավինելու-չապավինելու մասին զրույցները կարող են չլինել և չեն լինի, եթե սեփական ուժ ունենանք: Ապավինելը մոռանանք: Մեզ պառակտող այս զրույցներն էլ մոռանա՛նք. Մթնոլորտն ավելի է անմարդկային դարձնում:

Պարզապես չապավինենք ոչ մեկի՛ն. Վերակառուցվենք ինքներս ու վերակառուցենք մեր փոխհարաբերությունները աշխարհի հետ: Հուսախաբությունից է ծնվում ատելությունը /ատելությունը չորացնում է մեր հոգիները/: Ուզում ենք, չեն տալիս, հիասթափվում ենք, ատում ենք: Մենք մե՛ր շահերն ունենք, ուրիշներն էլ՝ իրե՛նցը: Եթե չենք հասունացել այս մտքի համար, կմնանք նույն բախտի տերը:
Ռուսիան Թուքիայի հետ բարեկամություն է հաստատում, մենք նեղանում ենք: Իսկ եթե նրանց շահերը բռնու՞մ են…

Վրաստանը եղբայրություն չի անում: Իսկ եթե իր շահերին չի գալիս…
Քաղաքականությունը սիրելով-ատելով չէ. ու՞մ շահը կբռնի մերին, ի՞նչ պատճառով կընդունեն կամ կմերժեն մեր բարեկամությունը:

Մեզ չեն սիրում…Իսկ մենք ու՞մ ենք սիրում: Մեզ չեն գնահատում…Իսկ մենք ու՞մ ենք գնահատում…

Մեր թևատակին ընկնող չկա, ոտքի ել ու քայլիր, եթե կարող ես:

«Ռուսաստանը շա՛հ ունի, որ մնում է աղետյալ գոտում»: Հայտնությու՛ն, գյու՛տ: Ի՞նչ ես կուրծքդ  ծեծում, պարո՛ն, ինչու՞ ես կոկորդ պատռում: Իսկ ինչու՞ չպետք է ունենա: Իսկ ինչու՞ ողորմություն ստանանք…

Ազատվե՛նք, բուժվե՛նք ապավինելու հիվանդությունից: Մեր ուժը չի պատի բոլորին ատել: Ատելությունն էլ խավար ազգի հատկություն է, մենք՝ լուսանա՛նք…

Պատմությանը նայենք: Առավել քան երկու դար, մենք լողում ենք հսկա մի նավի ետևից, որի անունն է Ոուսիա: Լողում ենք, հուսալով, որ վերջապես ձեռք կպարզեն և մեզ կբարձրացնեն տաղտակամած:
Չպարզեցի՛ն…

Սա այսպ՛ս է: Բայց երբ մեզ կոտորել են, ձգվել ենք հյուսիս, մեր լավն ու վատը փնտրել ենք այնտեղ: Այո՛, սին հույսեր, այո՛, հիասթափություններ, բայց այդ ժողովրդի հետ կապված ենք հազար թելոերով: Քայլի նպատակն ու արդյունքը պետք է հստակ լինեն; Ի՞նչ նպատակով ենք հայ ժողովրդին բորբոքում Ռուսիայի դեմ: Հակառուսական հիստերիան ինչի՞ համար Է: Արդյո՞ք դրանով նպաստում ենք քաղաքական մեր կշիռն ավելացնելուն, թե՞ կրքերով ենք հասունացնելու մեր պետական միտքը: Նեղության մեջ, և ինչու միայն նեղության, մարդ թշնամի՞ է ավելացնում, թե՞ բարեկամ փնտրում:

Անգլիան ու Ֆրանսիան, հզոր Գերմանիան, գերհզոր Ամերիկան, նույն ինքը Թուրքիան փնտրում են Ռուսիայի բարեկամություն ը: Մենք ինչու՞ և ինչո՞վ ենք թշնամանում…

Ժամանակին Քրիստափոր Միքաելյանն է ասել՝ «Ռուսասկան արքունիքը երբեք չի ունեցել հայերին փրկելու ծրագիր»:

Չի՛ ունեցել, չունի՛ և, կարծում եմ, չի՛ ունենալու: Վերջապես, մեր քեռին չէ՛: Շնորհակալ ենք, որ կործանելու հատուկ ծրագիր էլ չունի: Չնայած, ով գիտե…Աշխարհում ամեն բան փոխվում է: Ինչևէ, կապրենք կտեսնենք:

Համենայնդեպս, ճիշտ կլիներ Ռուսիայի հետ հանաքներ չանել: Անդրկովկասը դեռ նրա ազդեցության ոլորտն է և, բնականաբար, նրա համար միևնույն չէ, թե ինչ է կատարվում այստեղ: Հայաստանի նկատմամբ նա հատուկ քաղաքականություն չի վարելու: Մեծ տերությունների համար Անդրկովկասը քաղաքական նշանակություն ունեցող աշխարհագրական ամբողջություն է:

Հիմա Ադրբեջանը, բնական ձգտումով, շուռ է եկել դեպի թուրքիան: Վրացիները, հույսը դրած իրենց ծովի վրա, փաստորեն մեզ խաղից դուրս են համարում: Մենք պարտավոր ենք վարել մե՛ր սեփական քաղաքականությունը: Մենք պարտավո՛ր ենք թույլ չտալ մեր երկու հարևաններին և հատկապես նրանց, ովքեր շահեր ունեն այստեղ, մեզ միջոց դարձնել իրենց գործարքների մեջ:

ՍՈՍ ՍԱՐԳՍՅԱՆ

Բանաստեղծ Լևոն Բլբուլյանի ֆեյսբուքյան էջից

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին