Վրաց-ռուսական սահմանին բեռնատար մեքենաների վարորդների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել, ինչի հետևանքով մեկ մարդ է մահացել: Տեղեկությունը հայտնում է «360» հեռուստաալիքը։

Այս մասին գրում է Sputnikarmenia-ն:
Նախնական տեղեկություններով՝ բախումն առաջացել է չեզոք գոտում՝ ռազմավարական ճանապարհի սահմանային անցումի մոտ։ Հաղորդվում է, որ վիճող կողմերը Ռուսաստանից կամ Վրաստանից չեն։
Հեռուստաալիքը հայտնում է, որ վրացի քննիչները դեպքի վայր են մեկնել: Վրաստանի ՆԳՆ-ն դեռ մեկնաբանություններ չի արել։
Ընդգծվում է, որ սահմանային անցակետն առայժմ փակ է ձնահոսքի վտանգի պատճառով: Դա էլ հանգեցրել է այնտեղ մի քանի հարյուր բեռնատարների կուտակմանը։
Աղբյուրի տեղեկություններով՝ ծեծկռտուքի արդյունքում բեռնատարների վարորդներից մեկը` ենթադրաբար թուրքական ծագում ունեցող, սպանել է հայ վարորդին։
Հավելենք, որ Վրաստանի ՆԳՆ-ն հայտարարել է, թե ՌԴ հետ սահմանի Վերին Լարսի անցակետից ոչ մի հաղորդագրություն չի ստացել բեռնափոխադրողների միջև ծեծկռտուքի մասին: «Մենք հաղորդումներ չենք ստացել վարորդների միջև ծեծկռտուքի կամ զոհերի մասին: Նման բան չկա», - Sputnik Georgia- ին ասել են նախարարության մամուլի ծառայությունից:
Վրաստանում և Ռոստովում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունները կապ են հաստատել այդ երկրների պատկան մարմինների հետ։ Տեղեկատվությունը, թե վրաց-ռուսական սահմանին թուրք վարորդը սպանել է հայ վարորդի, չի հաստատվել։ Այս մասին տեղեկացրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։


