Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին Արցախի Հանրապետության Նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
«Հարգելի՛ պարոն Սահակյան,
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Արցախի Հանրապետության Նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
Պետական կառավարման մարմինների ժողովրդավարական եւ սահուն ձեւավորման ընթացքը վկայում է Արցախի ժողովրդի ազատ ապրելու օգտին կատարած ընտրության անշրջելի բնույթը: Դա մարդու հիմնարար իրավունքները եւ ազատություններն անշեղորեն իրագործելու ուղին է: Այդ ճանապարհին Արցախի աննկուն եւ քաջարի ժողովրդի ստեղծած հանրապետությանն ապագայում եւս սատարելու եւ աջակցելու են Հայաստանի պետական բոլոր կառույցները եւ աշխարհասփյուռ ողջ հայությունը:
Վստահ եմ, որ Դուք շարունակելու եք Ձեր ազնիվ ծառայությունը մատուցել Արցախին՝ հանուն մեր ընդհանուր առաջընթացի եւ բարօրության: Խաղաղասեր եւ հերոսական մեր ժողորվրդի արշալույսները թող մշտապես խաղաղ լինեն»,-ասված է Հանրապետության Նախագահի շնորհավորական ուղերձում»:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հուլիսի 19-ին, Արցախի Ազգային ժողովը հատուկ նիստում 28 կողմ ձայնով Բակո Սահակյանին ընտրել է հանրապետության նախագահի պաշտոնում: Հատուկ նիստին մասնակցել է 32 պատգամավոր: