▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զանգվածային ծեծկռտուք Երևանի կենտրոնում. բերման ենթարկվածների մեջ կան նաև մարզերի բնակիչներ

Ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում օրեր առաջ Ալեք Մանուկյան փողոցի 17 շենքի դիմացի այգում տեղի ունեցած վիճաբանություն-ծեծկռտուքի փաստով: 

shamshyan.com-ի տեղեկություններով, սեպտեմբերի 24-ին թիվ 1 Համալսարանական հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ «աջ գոտկատեղի և նստատեղի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:   Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պեետ Արման Պապյանի գլխավորությամբ:   Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Գեղարքունիքի մարզի բնակիչ, 19-ամյա Նարեկ Ա.-ն է:  

Մինչ բժիշկները նրան բուժօգնություն էին ցուցաբերում, ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի ծառայողները՝ համագործակցելով ոստիկանության Կենտրոնական բաժնի ու ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողների հետ, համատեղ նշված այգուց խուլիգանություն կատարելու կասկածանքով ոստիկանության Մարաշի բաժանմունք են բերման ենթարկել Գեղարքունիքի մարզի բնակիչներ, 20-ամյա Հայկ Պ.-ին, 25-ամյա Հարություն Հ.-ին, 20-ամյա Արման Ս.-ին, Լոռու մարզի բնակիչ, 38-ամյա Էրիկ Ե.-ին, Գեղարքունիքի մարզի բնակիչ, 29-ամյա Շահեն Ա.-ին, Երևանի բնակիչ, 28-ամյա Դորիկ Վ.-ին, Արմավիրի մարզի բնակիչ, 19-ամյա Նարեկ Պ.-ին, Գեղարքունիքի մարզի բնակիչ, 30-ամյա Գարիկ Հ.-ին, Երևանի բնակիչ, 30-ամյա Դավիթ Մ.-ին և Գեղարքունիքի մարզի բնակիչ, 28-ամյա Արգիշտի Վ.-ին:  

Ոստիկանները պարզել են, որ վերջիններս նշված այգում բացահայտ անհարգալից վերաբերմունք են ցուցաբերել հասարակության նկատմամբ, կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը, որի ժամանակ Նարեկ Ա.-ն ստացել է մարմնական վնասվածք, իսկ բերման ենթարկված Արման Ս.-ի գլխի հատվածում առկա է եղել արյունոտ, պատռված վերք:   Ոստիկանները դեպքի վայրի զննությամբ հայտնաբերել են արյունոտ դանակ, իսկ Հայկ Պ.-ի մոտից խուզարկությամբ հայտնաբերվել է ծալովի դանակ:   Բերման ենթարկվածները այնուհետև բաց են թողնվել:  

Փաստի առթիվ ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննական բաժանմունքի հետաքննիչի որոշմամբ նշանակվել են դատատեխնիկական և դատաբժշկական փորձաքննություններ:

Այլ կայքերից և տելեգրամ-ալիքներից վերահրապարակումների սկզբնաղբյուրը նշվում է. Դրանցում տեղ գտած մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին, որը կհրապարակվի անմիջապես
Պատահարներ ավելին