▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զինծառայողների խոշտանգումների հարցով Ադրբեջանի դեմ գանգատներ են ներկայացվել ՄԻԵԴ

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով սպանված, իսկ այնուհետեւ գլխատված, անդամահատված զինծառայողների ընտանիքի անդամների անունից իրավաբան-իրավապաշտպանների խմբի կողմից ընդդեմ Ադրբեջանի գանգատներ են ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (այսուհետ` Դատարան):

Իրավաբան-իրավապաշտպանների խմբի անդամ Արտակ Զեյնալյանի խոսքով, դիմողներն իրենց խախտված իրավունքների պաշտպանության համար դիմել են Դատարան` զոհվածների նկատմամբ միջամտության հետեւանքով իրենց հանդեպ դրսեւորված անմարդկային վերաբերմունքի, զոհվածների անձնական կյանքի նկատմամբ հարգանքի, իրավական պաշտպանության միջոցների, ինչպես նաեւ ազգային հիմքով խտրականության չենթարկվելու իրավունքների խախտումները ճանաչելու խնդրով:

2016թ. ապրիլի 9-ին եւ 15-ին Դատարանը գրանցել է գանգատները եւ այդ մասին տեղեկացրել է դիմողների ներկայացուցիչներին: Դատարանը սեփական նախաձեռնությամբ գանգատներին տվել է անանունություն՝ սահմանափակելով այդ վարույթների շրջանակում ընդունվող որոշումների եւ այլ փաստաթղթերի հանրային հասանելիությունը: Այս հանգամանքով պայմանավորված՝ դիմողները եւ նրանց ներկայացուցիչները չեն կարող ապահովվել հանրությանը տեղեկատվության լիարժեք հասանելիությունը: Դատարանի ընթացակարգային կանոնների խախտումը դիտարկվում է իրավունքների չարաշահում եւ կարող է հանգեցնել ընդհուպ դատարանի կողմից դիմումների քննության դադարեցմանը:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ խնդրում ենք լրագրողներին եւ այլ անձանց զերծ մնալ գործերի մանրամասների վերաբերյալ զոհերի ընտանիքների անդամներին եւ նրանց ներկայացուցիչներին հարցեր առաջադրելուց, ինչպես նաեւ այլ աղբյուրներից ստացված, չճշտված տեղեկատվության հանրայնացումից՝ գործերի քննության ընթացքին չվնասելու նկատառումներով:

Հավաստիացնում ենք, որ դիմողների ներկայացուցիչները հանրությանն անհրաժեշտ տեղեկատվությունը բարեխղճորեն կտրամադրեն` իրենց նախաձեռնությամբ` Դատարանի ընթացակարգային կանոններին համապատասխան:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին