Րաֆֆի Հովհաննիսյանը ուղերձ է տարածել, այն ներկայացնում ենք ստորեւ․
«Մեր սերունդը տապալում է պատմական իր բաժին առաքելությունը։
Մեծախոս, ինքնահավան, ամենագետ եւ մանրահոգի՝ հանրային ասպարեզի բնակիչների զգալի հատվածը՝ գլխավոր նազարից մինչեւ հերթապահ գործիչներ, վերլուծաբաններ եւ իրավապաշտպաններ, շարունակում են իրենց պատրանքային, իշխանապաշտ եւ խղճուկ գործունեությամբ արհամարհել Հայաստանի ազգային շահն ու պետական հեռանկարը։
Մեր իրավունքի գիտակցման ու հետապնդման հրամայականի փոխարեն ապավինում են օտարների ողորմածությանը, դաշնակցի, միջազգային հանրության բարյացակամությանը, նայում իրենց իսկ հարմարությանը՝ զիջելու, չքմեղանալու, արդարանալու եւ կամա-ակամա համահեղինակը դառնալու հայրենի տարածքների թշնամական բռնազավթման, հազարավոր ոսկե երիտասարդների զոհաբերման, Հանրապետության ինքնիշխանության ու կշռի կորստյան։
Չհամախմբվեցինք, սեւ-սպիտակ խաղացինք՝ հայրենազրկման տմարդի ու հարատեւ արշավանքներին չդիմացանք։ Ազգովի չունեցանք ուժ եւ արժանապատվություն՝ նոր, արտահերթ, ներդաշնակ, կուռ իշխանակարգ բերելու, մեր լավագույն ուստրերին ու դուստրերին կառափնարան ուղարկեցինք։
Առաջին հերթին՝ նա ուղարկեց, նա հանձնեց՝ հունվարից սեպտեմբեր, եւ այդպես շարունակ։ Ինքնակամ, անխիղճ, անհոգի։ Ըստ էության՝ անքարտեզ։
Հիմա արդեն, երեք տասնամյակ անց, վերադարձել ենք նախկին գոյավիճակին (status quo ante)`շրջափակումներ, անջատումներ, խափանումներ, ազգաոչնչացման կանխամտածված սպառնալիքներ։
Ոչ ոք չի կարող հավաստել՝ ամենասարսափելին, աննկարագրելին անցե՞լ է, թե՞ դեռ նոր է գալու։ Ամեն դեպքում պետք է աչքի առաջ վատագույնի սպասելիքն ունենալ, փոխել ինքներս մեզ, փոխել այս գաղջ իրականությունը: Քանի դեռ անհուսալիորեն ուշ չէ, քանի դեռ ամբողջը չի հանձնվել, քանի դեռ մենք տակավին կանք։
Օրհասական վիճակները կանխելի են, ոչ միայն՝ հետադարձով դատապարտելի։
Այսօրվա համապետական ճգնաժամը նույնքան ներքին հանցաղբյուր ունի, որքան՝ արտաքին բաղադրիչ։
Առանց ներսի ու դրսի հեքիաթային փրկիչների փնտրտուքի՝ մենք պարտավոր ենք համահայկական ջիղով, մտքով ու բազկով վերականգնել Հայաստանի կենտրոնաձիգ պետականությունը, մեր ամբողջականությունն ու պատմական առաքելությունը:
Պատերազմի գլխավոր մեղսագործները պետք է գտնեն իրենց արդարադատությունը, ներքին դավաճաններն՝ իրենց դատավճիռը։
Բայց այժմ եւ դրան զուգահեռ՝ մեզ հարկավոր է ուղղվել, սրբագործվել, ուշքի գալ եւ խոնարհաբար ինքնամաքրվել՝ անհատապես ու հավաքականորեն։
Որովհետեւ ետեւը կորուստներ ու ավեր են, դեմը՝ երկար, խստաշունչ ձմեռ՝ լի տեւական գոյապայքարի մարտահրավերներով։
Հերթական «հետո»-ն մեզ պետք չէ։ Մենք գալիք նոր փորձություններից առաջ պիտի վերագտնենք մեր բռունցքն ու ողնաշարը, սիրտն ու ոգեղենը հայկական։
Ահա այստեղ է, ով խաղաղատենչ ժողովուրդ, որ ճշմարիտ այլընտրանք պարզապես չկա»։