Այսօր դեկտեմբերի 21-ն է. ըստ մայաների հին օրացույցի, Հինգերորդ արևի դարաշրջանի երկար հաշվարկի շրջափուլի ավարտն է, որը սկսվել է մ.թ.ա. 3114 թվականի օգոստոսին: Այդ ամսաթվին օրացույցն ավարտվում է, ինչը սնահավատներին ու հոռետեսներին հիմք է տվել կարծելու, որ դրանով մայաները կանխատեսել են «աշխարհի վերջը»: «Հայկական ժամանակ»-ը գրում է, որ այս խորհրդավոր օրվա մոտենալուն մոլորակի բնակչության զգալի մասը վախով է սպասել: Տարբեր գնահատականներով՝ Երկիր մոլորակի բնակչության 10-20 տոկոսը հավատում է «աշխարհի վերջին» և տարբեր կերպ պատրաստվում է դրան: Ոմանք կուտակում են երկարատև պահպանման ժամկետ ունեցող սննդամթերք, ջուր, մոմեր, լուցկի և այլն, ոմանք, դրա փոխարեն, ալկոհոլ են օգտագործում և «անջատվում», իսկ ոմանք էլ փորձում են հանգստացնող դեղահաբեր ընդունել: Օրինակ, Մոսկվայում անցկացված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ վերջին շաբաթվա ընթացքում կտրուկ մեծացել է հանգստացնող հաբերի պահանջարկը: Այդ կերպ ՌԴ մայրաքաղաքի բնակիչները փորձում են ցրվել «աշխարհի վերջի» մասին մտորումներից: Իսկ ահա Իտալիայում, դեղահաբերի փոխարեն, շատերը նախընտրում են եկեղեցի գնալ: Օրինակ, իտալական «La Repubblica»-ն պարզել է, որ վերջին օրերի ընթացքում եկեղեցիներում մեծ հերթեր են կուտակվել, քանի որ հազարավոր հավատացյալներ ցանկանում են «աշխարհի վերջից» առաջ մեղքերին թողություն տալ: Ինչպես միջազգային լրատվամիջոցներն են տեղեկացնում, աշխարհի բազմաթիվ երկրներում հիմնարկների շատ աշխատակիցներ տարբեր պատճառաբանաթյուններով այսօր չեն ներկայանալու աշխատանքի: Ընդ որում, բազմաթիվ օրինակներ կան, թե ինչպես են տարբեր երկրներում աշխատակիցները գործատուներից պահանջել դեկտեմբերի 21-ից առաջ վճարել իրենց աշխատավարձերը: Ուշագրավ մի հանգամանք ևս. ինչպես փաստում են ավիատոմսերի վաճառքով զբաղվող էլեկտրոնային կայքերը, մասնավորապես «Skyscanner»-ը, վերջին շրջանում, ողջ աշխարհում կտրուկ նվազել է ետադարձ տոմսերի վաճառքը: Մասնագետները սա կապում են աշխարհի վերջի հետ. ըստ ամենայնի տոմս գնողները ետադարձի փողը խնայում են «էն կինքումը» մանր-մունր ծախսերի համար:
Ինչ վերաբերում է Հայաստանին, երևանի խանութներում «ՀԺ» անցկացրած ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Հայաստանում գրեթե բոլորը հավատում են աշխարհի վերջին: Սրա մասին է վկայում այն, որ մարդիկ վերջին դրամներն են ծախսում սնունդ, խմիչք, ըմպելիքներ ձեռք բերելու համար: Մեծ պահանջարկ ունեն հատկապես չփչացող այնպիսի ապրանքներ, ինչպիսիք են՝ բաստուրման, սուջուխը, չրեղենը, ապխտած երշիկները և այսպես շարունակ: Թերթի խմբագրությունում ոմանք պնդում են, որ սա ոչ թե աշխարհի վերջի, այլ հայկական Ամանորի նախապատրաստություն է:
Բայց եթե ուշադիր ուսումնասիրեք մարդկանց դեմքերի ու աչքերի արտահայտությունը, կհամոզվեք, որ այդ ապրանքները չեն կարող գնվելիս լինել ուրախ առիթով: Էնպես որ՝ Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ:
Շնորհավոր «աշխարհի վերջ»
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Մամուլ more
more
more
more
more
more
more


