▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

էս ո՞ր անհայրենիք արարածի ձեռքն է գնացել հանել Հ1-ի «Հ»-ն, կամ` Մի խաթարեք մեր հոգևոր տարածքները

Ամիսներ առաջ, երբ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահն Ազգային ժողովի բարձր ամբիոնից խոստացավ, որ մաքրելու է եթերը, ու որակապես նոր հանրային հեռուստաընկերություն ենք ունենալու, գուցեեւ մատների վրա հաշվվող որոշ միամիտներ կամ հանրապետությունում մնացած վերջին լավատեսները հավատացին։ Իսկ մի քանի օր առաջ, ինչպես հարկ է մեզանում, «աստղային» համերգով, շամպայնով ու թիթեռնիկաֆրակավոր հայտնի «էլիտայի» ոսկե ներկայությամբ ազդարարվեց Հանրայինի նոր եթերաշրջանը։ Դե մենք «աստղային» համերգ ու հրավառություններից լավ ենք, ու բոլորովին էլ կարեւոր չէ, որ բեմի երկու կողմերում էլ նույն մարդիկ են, ու տարիներ շարունակ նույն, անփոփոխ ու տաղտկալի, նույնալար ու անբովանդակ երգերն են հնչում։ Գրեթե անիմաստ է դարձել նաեւ բարձրաձայնելը, թե այդ ֆոնոգրամայով «մշակութային տոները» որքան ծանր են նստում մեզ՝ հարկատուներիս վրա։ Հենց այն հարկատուների վրա, ում փողերով գործում է Հանրայինը, եւ որն օրենքով ամրագրված սրբազան պարտավորություն ունի' հեռուստատեսության ճանապարհով բավարարել հանրության տեղեկատվական, մշակութային, կրթական ու այլ պահանջները, այդ թվում անչառ ու անկողմնակալ տեղեկատվությունն ու իրազեկումը։ Հանրային հեռուստաընկերությունը, այնուամենայնիվ, նոր իմիջով (նրանք հաստատ այս բառը կօգտագործեին) սկսեց. Հանրայինի տարբերանշանից անհետացել էր «Հ» տառը, ու արդարացիորեն ես ու շատ-շատերը Հանրայինի էկրանի աջ անկյունում ճանաչեցինք ռուսական առաջին ալիքից մեզ քաջածանոթ 1-ը: Ինձ պես հազարներ, վստահաբար, նույն ընդվզումն ունեցան. էս ո՞ր անհայրենիք արարածի ձեռքն է գնացել հանել Հ1-ի «Հ»-ն։ Վստահաբար, այսպես պիտի մտածեր յուրաքանչյուրը, ում համար եթերի աջ անկյունից մեզ նայող «Հ»-ն սոսկ Հայոց այբուբենի տառը վայելելու հաճույք չէր, այլ հաճույքից անդին՝ ՀԱՅՐԵՆԻՔ-ՀԱՅԱՍՏԱՆԻ խորհուրդ, գուցեեւ մեր ենթագիտակցական շերտերում պատկանելության ու հպարտության զգացողություն։ Ինչո՞ւ ենք օտարում մեզնից մեր գիրը, ո՞ւմ ենք քծնում կամ հավասարվում, չեմ կարողանում զսպել վրդովմունքս ու փաստում եմ, որ ռուսական ալիքներում նույնիսկ բարձրախոսները «Ռ» տարբերանշանն ունեն։ Ու այդ նույն պահին Ֆրանսիայում գտնվող ՀՀ նախագահից հարցազրույց վերցնող Հանրայինի լրագրողի բարձրախոսին մերկ ու մենակ «1» թիվն է՝ ոչինչ չասող ու անհասցե։ Գուցեեւ մեծ պետությունների ու ազգերի համար սա ոչ էական մանրուք է, ուշադրության անարժան։ Բայց մեզ պես խոցելի, փոքր ածուների համար, որ օբյեկտիվորեն եւ ոչ, հայտնվել ենք արժեքների չքացման, սահմանների ոչնչացման ու տրոհման, անխուսափելի ու անդիմադրելի քաղաքակրթական հողմապտույտի մեջ, հայրենիքը լեզվով ու գրով է հայրենիք, մեր զինվոր-գրով, որ մեր գոյության կոդն է, ինքնապաշտպանությունը։ Կարող էի եւ այստեղ ավարտել զայրույթս՝ հուսալով, որ Հանրայինը կառավարման խորհուրդ ունի, եւ խոսքս տեղ կհասնի, բայց պարզվեց, որ բարեփոխումներն ու որակապես նոր իմիջ ունենալու Հանրայինի ղեկավարության խոստումը շարունակական է. գլխավոր պրոդյուսեր է նշանակվել ռուսական հեռուստաընկերություններից հրավիրված ոմն Կիսելյով։ Ես իսկապես խոսքեր չունեմ (մանավանդ, որ հանդուրժող եմ, հումանիստ եւ ժողովրդավար), եւ ինձ մնում է ներշնչվել ու միանալ մատների վրա հաշվվող մի քանի միամիտներին կամ հանրապետությունում մնացած վերջին լավատեսներին ու հավատալ, որ պրն Կիսելյովն արագորեն կյուրացնի ոսկեղենիկ հայերենը, չի խախտի «Լեզվի մասին» ՀՀ օրենքը (Հայաստանի պետական եւ պաշտոնական լեզուն հայերենն է) եւ, որ ամենակարեւորն է, «Հեռուստատեսության մասին» ՀՀ օրենքի համաձայն, կապահովի քաղաքական, տնտեսական, կրթական, մշակութային, մանկապատանեկան, գիտալուսավորչական, հայոց լեզվի եւ պատմության մասին հաղորդումներ ունենալու ՀՀ քաղաքացիների օրինական պահանջը։ Կարող էի նաեւ այստեղ ավարտել խոսքս, բայց անհաջողություններն ինձ հետապնդում են՝ տունդարձի ճանապարհին, Հայաստանի պատմության պետական թանգարանի վրա աչքիս է ընկնում ՀՀ մշակույթի նախարարության միայն ռուսերեն լեզվով մեծադիր գովազդը (ՀՀ-ում գովազդի լեզուն հայերենն է)։ Հարց-ընդվզումս նույնն է՝ ինչո՞ւ ենք օտարում մեզանից մեր գիրը, մեր լույսը, իսկ հայրենիքը սոսկ ձեւային արժեք չէ, այն զգացական, հոգեւոր տարածքների ամբողջականություն է։ Կարիք չկա մեր տեսողության եւ իմացության սահմաններն այդքան անփառունակ քծնանքով ուրիշի հետ ճշտել. մեր ներքին հարստության սահմաններն ավելի խորն են, մեր ներսը հարուստ է, մեր շերտերը՝ շատ, մեր բեռը՝ ծանր…. բայց նախ պիտի իմանալ այդ ամենի մասին։ Կարող էի նաեւ այստեղ ավարտել, բայց գնալով համոզվում եմ. մարդիկ արտագաղթում են ու հեշտորեն հեռանում հայրենիքից, երբ գիտակցված կամ ոչ խաթարում ենք նաեւ մեր հոգեւոր տարածքները։


Լիլիթ Գալստյան

Ֆեյսբուք

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին