▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խղճուկ պատասխանին՝ լուրջ արձագանք. Լևոն Մութաֆյանի պատասխանը՝ Արման Ծատուրյանին

Թատերագետ Լևոն Մութաֆյանն արձագանքել է Կամերային երաժշտության ազգային կենտրոնի տնօրեն Արման Ծատուրյանի գրառմանը, ով ապրիլի 4-ին կայանալիք օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի թափուր տեղի համար հայտարարված մրցույթի հայտատուներից է, ընդ որում՝ ըստ որոշ աղբյուրների՝ Մշակույթի նախարարի համակրանքը շահած հայտատուներից:   

Ստորև ներկայացնում ենք Լևոն Մութաֆյանի արձագանքը, որ նա ներկայացրել է ASEKOSE.am-ին.

«Խղճուկ պատասխանին՝ լուրջ արձագանք

Ես էլ անչափ զարմացա՝ կարդալով Արման Ծատուրյանի պատասխանը: Ես իմ գրառման մեջ մեծագույն հարգանք էի դրսևորել նրա անձի նկատմամբ՝ չուզենալով խորանալ շատ մանրամասների մեջ… Ես շրջող խոսակցություններին էի անդրադարձել՝ որևէ կերպ չվիրավորելով հաջողակ երիտասարդին, անգամ հերքելով այդ ամենը: Բայց, հավանաբար, պետք էր ավելի սկզբունքային մոտենալ խնդրին, ինչը ես չէի արել, որովհետև իմ դիմաց կյանք նոր մտած, տարբեր հովանավորների շնորհիվ կամերային նվագախմբի տնօրեն կարգված երիտասարդ է, որն այնքան տգետ ու անտեղյակ է մշակութային իրականությունից, որ չգիտի, Լևոն Մութաֆյանն ընդամենը հոդված գրող չէ, այլ թատերագետ, Հայաստանի թատերական գործիչների միության վարչության քարտուղար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ղեկավարել է Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան թատրոնը, եղել է Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Գյումրու մասնաճյուղի տնօրեն… Այսինքն, շատ ավելի իրավունք ունի հավակնելու օպերային թատրոնի տնօրենի պաշտոնին, քան ինքը: Օպերան ինձ համար փորձատեղի չէ, բայց իր համար՝ այո, հաստատ փորձատեղի է, որովհետև օպերան թատրոն է, իսկ մրցույթի պայմաններում նշված է, որ կարող է առաջադրվել նաև թատերագետը… Հույս ունեմ, որ հետագայում երիտասարդը կլրացնի իր գիտելիքների բացը և կհասկանա շատ բան, որոնք դեռ չի հասցրել հասկանալ: Ես չգիտեմ, որտեղի՞ց է Արման Ծատուրյանը «ծանր կառավարման գիտելիքներ» ձեռք բերել, որոնք էլ նրան մղել են հայտագրվելու որպես տնօրենի թեկնածու, բայց պատրաստ եմ իրեն շատ բան սովորեցնել, քանի որ կառավարման համակարգում աշխատելու մոտ 25-ամյա փորձ ունեմ՝ վարժարանի փոխտնօերնից մինչև մարզպետարանի մշակույթի վարչության գլխավոր մասնագետ և բուհի տնօրեն… Ինչ վերաբերում է պատվերով գրելուն, ապա Արման Ծատուրյանը հավանաբար առաջնորդվել է սեփական փորձով, չէ՞ որ նա էր պատվերներ տալիս նվագախմբի արտիստներին և ուղարկում մշակույթի նախարարություն՝ նվագախմբից հեռացնելու հանգուցյալ Արամ Ղարաբեկյանին… Առայժմ այսքանը: Եթե երիտասարդը հարգում է ինքն իրեն, ապա լռությունը նրա լավագույն պաշտպանությունը կլինի»:

Թատերագետ Լևոն Մութաֆյանի ավելի վաղ արված գրառմանն Արման Ծատուրյանն արձագանքել էր՝ մասնավորապես նշելով.

«Օպերան փորձատեղի չէ, այնտեղ ղեկավար է պետք և ոչ թե «փիլիսոփա»: Իսկ ինչ վերաբերվում է իմ մորը՝ նա տնային տնտեսուհի է և հասարակական գործիչ, իսկ ԱՄՆ առաջին անգամ մեկնել է անցյալ տարի այնտեղ բնակվող եղբորս մոտ: Խորհուրդ կտամ էժանագին PR-ով չզբաղվել և Մորս անունը չշահարկել: Ինչ վերաբերվում է իմ անցած ուղղուն,ապա ինքը չէ, որ պիտի գնահատական տա: Այն դեպքում, որ բազում կառավարման մասնագետներ կան Հայաստանում: Ինչպես բազմիցս նշել եմ օպերայի տնօրեն լինելը դա ծանր կառավարման գիտելիքներ և փորձ պահանջող աշխատանք է»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին