▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վստահության պակասն աղետ է. Դավիթ Ավետիսյան

Asekose.am-ը շարունակում է ներկայացնել պատմվածքներ Դավիթ Ավետիսյանի «Կյանքի երեկոյան սրճարանում» պատմվածքների ժողովածուից:

 


 

ՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ՊԱԿԱՍԸ ԱՂԵՏ Է

 

Օտարությունը մարդուն պարտադրվում է: Այն տրվում է որպես պատիժ: Հայի համար նաև ճակատագիր է:
Օտար ափերում գոյատևելու համար նախ պետք է աշխատանք գտնել: Ամենահեշտը, որ կարելի է գտնել, ամենածանր աշխատանքն է, որից մյուսները խուսափում են կամ խելքի ու բարձր հմտության հետ կապված աշխատանքը, որ մնացածներից շատերին հասու չէ:
Կարոն ծնվել էր Սևանի ափին ծվարած փոքրիկ գյուղերից մեկում: Գյուղում հարուստներ չկային, բոլորն էլ աղքատ էին:
Ավագ սերնդի մարդիկ ապրում էին իրենց հիշողություններով, երբ գյուղը կոլտնտեսություն էր, մարդիկ աշխատում, բերք ու բարիք էին արարում, ճոխ հարսանիքներ էին կազմակերպում: Հիմա մարդիկ անգործ են, երիտասարդները` ուսման նկատմամբ թերահավատ, մեկը մյուսի հետևից բռնում է օտարության ճամփան: Թե բախտները բերի գործ ճարեն, ընտանիքներին փող կուղարկեն: Կարոյի հայրը` Վարդիվանը, գյուղի էլեկտրիկն էր, ամբողջ օրը սյուների վրա էր: Գյուղացիները կատակով ասում էին, թե նա սյուների վրա էլ քնում  է: Մայրը չէր աշխատում: Մի կով ունեին, մի քանի ոչխար: Ընտանիքը մի կերպ գոյատևում էր: Կարոն  9-րդ դասարանում էր, երբ սիրահարվեց համադասարանցի  Վերջալույսին` կանաչ աչքերով, կարմրաթուշ, շիկահեր աղջնակին: Շրջապատում ոչ ոք, այդ թվում` Վերջալույսը, լուրջ չէր վերաբերվում նրա սիրուն: Հայրը կատակում էր. «Է՛, Կարո, Կարո, դու բաց թողեցիր լույսերը մնացյալ և միայն վերջին լույսին հասար, այն էլ կարճ միացում ու պաժառ»: Կարոն կարմրում էր ու վիրավորանք ապրում հոր կատակներից և ինքն իրեն ասում. «Այո՛, Վերջալույսը իմ միակ և վերջին լույսն է, ինձ պետք չեն ուրիշ լույսեր, բայց, այ, «պաժառի» մասով չեմ առարկում»: Կարելի է ասել, նա դպրոցի վերջին դասարանները չսովորեց: Նա Վերջալույսի համար էր դպրոց
գնում: Դասերից հետո ընկերոջ` Մերուժանի հետ կամ Վերջալույսի տան շրջակայքում էր անցկացնում, կամ տանը երաժշտություն էր լսում: Նրա սերն անկեղծ էր, մաքուր, ինչպես իրենց սարերի վրա հավաքված ամպերի ճերմակ քուլաները, որոնք բազում շերտեր ունեին՝ բոլորն էլ մաքուր, բոլորն էլ անարատ: Մի անգամ, երբ մայրը կատակով հարցրեց, թե նա ինչքան է սիրում Վերջալույսին, Կարոն պատասխանեց. «Սիրո չափը սերն է առանց չափի»:
Մայրը ծիծաղեց` ասելով. «Այ տղա, այդ աղջկա ձեռին փիլիսոփա էլ դարձար»: Կարոյի զբաղմունքներից մեկն էլ այն էր, որ նա գյուղի ակումբի մոտ ժամերով սպասում էր, մինչև Վերջալույսը դուրս գար (աղջիկը պարի խմբակ էր հաճախում), և նա գյուղացիների հայացքի, իսկ երբեմն էլ քմծիծաղի ներքո նրան ուղեկցեր տուն: Կարոն գնալով համոզվում էր, որ սերն ամենափորձված միջոցն է` հաղթահարելու ամոթի զգացումը: Վերջալույսն այդ ամենի մասին գիտեր, բայց չէր հասկանում, թե ինքը նրա նկատմամբ ինչ զգացումներ ունի: Այնուամենայնիվ, սև խաղողի հատիկներ հիշեցնող նրա աչքերը, արծվի կեռ թևերին նմանվող հոնքերը, խոսելու հանդարտ տոնը, բարձր հասակը նրան դուր էին գալիս: Բայց չէր ասի, թե սիրահարված է: Դպրոցի տղաներից շատերն էին Վերջալույսի նկատմամբ ուշադիր, հատկապես 10-րդ դասարանցի Հակոբը, որն առիթը բաց չէր թողնում այդ մասին ակնարկելու, ինչն առաջացնում էր Կարոյի զայրույթը:
Նույնիսկ այդ հողի վրա նրանք կռվեցին, ու ամբողջ գյուղն այդ մասին իմացավ: Վերջալույսը չգիտեր` դրա համար ուրախանար, թե ամաչեր: Մայրն ասաց, թե ուշադրություն մի դարձրու, դա իրենց գործն է:
Երբ դպրոցն ավարտեցին, Կարոն ծնողներին խնդրեց իրեն ամուսնացնել Վերջալույսի հետ: Հայրը քահ-քահ ծիծաղեց, լուրջ չընդունեց` ասելով, թե դու դեռ բանակ պիտի գնաս: Մայրը, չգիտես ինչու, մի փոքր տխրեց ու ոչինչ չասաց:
Վերջալույսը Երևան գնաց` ուսումը շարունակելու: Չստացվեց, դե նա դպրոցում այնքան էլ լավ չէր սովորում: Իսկ Կարոյին բանակ տարան, ծառայում էր Ղարաբաղում, սակայն նրա ուշքն ու միտքը Վերջալույսն էր: Թեև ընկերները աղջկա անվան վրա հաճախ էին ծիծաղում, սակայն Կարոն առիթը բաց չէր թողնում նրա անունը հնչեցնելու: Երբ Կարոն զորացրվեց, ծնողներին այլ բան չէր մնում, քան գնալ Վերջալույսի ծնողների մոտ ու նրա ձեռքը խնդրել: Չնայած Կարոյի ընտանիքի նյութական վիճակը վիճակ չէր: Կարգին տուն էլ չունեին, բացի Կարոյից ունեին ևս երկու որդի, հազիվ էին ծայրը ծայրին հասցնում: Վերջալույսի ծնողները մերժեցին` ասելով՝ տղան աշխատանք, մասնագիտություն չունի, ինչպե՞ս է ընտանիքը
պահելու: Կարոն անմիջապես աշխատանքի անցավ: Շրջկենտրոնում ինչ-որ մեկը տուն էր կառուցում, վարպետին խնդրեց իրեն էլ վերցնել: Դե, հաղթանդամ տղա էր, քարն ու ցեխը կարող էր հասցնել: Վերջապես աղջկա «սիրտն առավ», ու նրանք ամուսնացան: Հարսանիք չարեցին: Շուտով ունեցան առաջնեկին, տղա էր: Հոր անունը դրեցին՝ Վարդիվան: Երկու տարի հետո երկրորդն ունեցան, անունը Հասմիկ դրեցին: Այդպես կամեցավ կնոջ հայրը: Գուցե ժամանակին այդ անունով մեկի հետ սեր էր ունեցել, չուզեցին նեղացնել: Վարձով էին ապրում: Կարոն կաշվից դուրս էր գալիս, որ ընտանիքի կարիքները հոգար: Հետո սկսեց աշխատանք չճարել: Էլ ո՞վ էր շինարարություն անում: Հացը պարտքով էին վերցնում: Փորձեց ձկնորսությամբ զբաղվել, բռնեցին, տուգանքով մի կերպ պրծավ: Կնոջ հայրը օգնեց, տուգանքի գումարը մի կերպ մուծեց: Սկսեց արտագնա աշխատանքի մասին մտածել: Բայց մյուս կողմից էլ՝ կնոջը, երկու մանկահասակ երեխաներին մենակ ինչպե՞ս թողներ: Կարոն ծանր մտորումների մեջ էր: Խոսեց կնոջ հետ: Առաջին արձագանքն այն եղավ, որ նա սկսեց լացել ու այնքան բարձրաձայն, որ Կարոն փոշմանեց իր ասածի համար: Կարոն, լացը վատ նշան համարելով՝ լռեց: Բայց ինչ աներ, աշխատանք չկար ու չկար: Զանգեց ընկերոջը` Մերուժանին, որն արդեն երկու տարի է Ռուսաստանի ինչ-որ քաղաքում շինարարության վրա էր աշխատում: Մերուժանն ասաց. «Արի, մի բան կմտածենք»: Կնոջն սկսեց համոզել: Վերջալույսն էլ հասկացավ, որ էլ ուրիշ ելք չկա: Համաձայնեց և արցունքն աչքերին նրան ճանապարհեց: Անցավ երեք ամիս, Կարոյից լուր չուներ: Վերջալույսն իր տեղը չէր գտնում: Ինչեր ասես մտքով չէր անցնում: Հետո ստացավ նրա զանգը: Կարոն ներողություն էր խնդրում ուշ զանգելու համար, ասաց. «Դատարկ ձեռքերով ամաչում էի զանգել, մեծ դժվարությամբ աշխատանք գտա, փառք Աստծո, հիմա աշխատում եմ: Վաստակած գումարից իմ վրա գրեթե չեմ ծախսել, ամբողջությամբ ուղարկում եմ»: Խնդրեց մեկ-երկու օրից գնալ բանկ և գումարն ստանալ: Նրան խնդրեց այդ փողով մի համակարգիչ գնել, որ կարողանա հետները խոսել:
Վերջալույսի դեմքին վերջապես ժպիտ հայտնվեց: Երկու օրից գումարն ստացավ, բավականին մեծ գումար էր: Հարևանից նրա հին համակարգիչը գնեց ու սկսեց Կարոյի հետ խոսել: Երեխաների համար մեծ ուրախություն էր. հորը և՛ տեսնում էին, և՛ խոսում: Երեխաներին շորեր առավ, ուտելիքգնեց, խանութի պարտքերը փակեց: Մտքում Աստծունշնորհակալություն հայտնեց: Կարոն ամեն ամսվա վերջին գումար էր ուղարկում: Նրան շատ էր կարոտել: Ամուսնուն առաջարկեց, թե գուցե ինքն էլ երեխաներին վերցնի ու միանա նրան: Կարոն առարկեց` ասելով, տասը հոգու հետ մի բարաքում եմ ապրում, ու՞ր գաք: Օրվա մեջ 10-12 ժամ աշխատում եմ: Այստեղ դրսի մարդկանց այդ պայմանով են աշխատանքի ընդունում: Սպասենք, գուցե լավ օրեր գան, գուցե Հայաստանում վիճակը փոխվի, աշխատանք լինի, ես ու ինձ նմանները վերադառնան: Վերջալույսը հասկացավ, էլ չպնդեց: Տարին այնքան արագ գլորվեց, որ Վերջալույսը չնկատեց: Նրա անելիքն ամեն օր նույնն էր. երեխաներին հագցնում էր, կերակրում: Համակարգիչը նրա փրկությունն էր, ազատ ժամերին սրա-նրա հետ էր խոսում, միացել էր համադասարանցիների
ցանցին: Նրան սկսեց նամակներ գրել նաև Հակոբը, որը դեռևս դպրոցական տարիներին նրա նկատմամբ անտարբեր չէր: Նա Երևանում էր ապրում, աշխատում էր ինչ-որ խանութում: Դպրոցն ավարտելուց հետո նրան չէր տեսել: Վերջալույսն սկսեց նրան պատասխանել: Ընդամենը
այդքանը: Չնայած մի օր, երբ նա գյուղ էր եկել, եկավ իրեն տեսության, երեխաներին կոնֆետ էր բերել, մի փոքր զրուցեցին, ու նա գնաց` ասելով կարճ ժամկետով է եկել, պետք է հասցնի հարազատներին տեսնել:
Ինչպես համացանցում նրա հետ ունեցած շփումնմները, այնպես էլ նրա այցելությունը աննկատ չէին մնացել գյուղացիների աչքից: Այդ խոսակցությունները հասել էին նաև Կարոյի ծնողներին ու եղբայրներին: Կարոյի հայրը եկավ տուն և Վերջալույսին խիստ հանդիմանեց` նրան մեղադրելով Հակոբի հետ սիրային կապ ունենալու մեջ: Չնայած իր արդարացումներին` նա սպառնաց այդ մասին հայտնել Կարոյին: Գյուղում Վերջալույսի վարքը քննարկման առարկա դարձավ, լուն ուղտ սարքեցին: Կարոյի եղբայրները վեճ ու կռվի մեջ մտան Հակոբի հարազատների հետ:
Աղքատության մեջ գտնվող գյուղի համար բամբասանքը սնունդ է համարվում: Գյուղը մեղվափեթակի նման բվվում էր. Վերջալույսի ու Հակոբի սիրային կապի մասին լեգենդներ էին պատմում, որոնք իրականության հետ աղերս չունեին:
Ռուսաստանից զանգեց Կարոն ու զայրույթից խոսքեր չգտնելով՝ սպառնաց, որ երկու օրից գալու է, երեխաներին վերցնի ու ամուսնալուծվի` ասելով, որ ինքն այդպես էլ գիտեր. «Էդ չախկալը իմ ընտանիքը քանդելու է»:
Վերջալույսի համար կյանքը գլխիվայր շուռ եկավ: Նա իր տեղը չէր գտնում: Չգիտեր՝ չեղած բանի համար ինչպես արդարանալ: Նրան ոչ ոք չէր հավատում: Միայնակ, երկու երեխաների հետ ապրող կինը միշտ էլ անպաշտպան է, նրան հեշտ է մեղադրել, նրան քչերն են փորձում հասկանալ: Ամուսնու բացակայությունն ինքնին մեղադրանք է:
Վերջալույսն իրեն լրիվ կորցրել էր, նույնիսկ ծնողները նրան չէին հավատում: Միայն քույրը` Անահիտն էր գալիս և փորձում հուսադրել: Երկու օր հետո քույրը զանգեց ու ասաց, որ Կարոն եկել է, զգույշ եղիր, հայտարարում է, թե երեխաներին պատրաստվում է խլել քեզանից: Վերջալույսի
տագնապն ավելի խորացավ: Առաջին բանը, որ անցավ մտքով, այն էր, որ երեխաներին վերցնի ու հեռանա գյուղից: Նա այդպես էլ արեց: Վերցնելով երեխաներին` գնաց ավտոբուսի կանգառ: Չգիտեր՝ ուր գնալ: Միևնույն էր, միայն
թե հեռանար գյուղից: Հանկարծ հիշեց Երևանում բնակվող հոր ընկերոջը` Վարշամին, որի հետ հայրը մտերիմ էր: Որոշեց գնալ նրանց տուն: Կարոն դժվար թե նրան այնտեղ գտներ: Այդպես էլ արեց: Հոր ընկերոջ ընտանիքը թեև զարմացավ, սակայն նրանց սիրալիր ընդունեց: Իր և երեխաների համար սենյակ տրամադրեցին: Վերջալույսը նրանց հայտնեց, որ մի շաբաթով է եկել, երեխաներին ուզում է բուժզննման ենթարկել: Եկավ գիշերը: Հոգեկան տվայտանքների մեջ գտնվող մարդու համար ամենածանրը գիշերն է, երբ մենակ է մնում ինքն իր հետ, երբ բոլոր մտքերը ազատություն են ստանում, երբ բանականության կողմից
անկյուն քշված և մարդու հոգին սողոսկող գաղափարները
սկսում են իրենց ներկայությունն ապահովել ու ձայնի իրավունք են ստանում: Երբ ենթագիտակցությունում տեղավորված հրեշները դուրս են գալիս թաքստոցից և իրենց կամքը թելադրում, այդ պահերին բանականությունը թուլանում է, խեղճանում:Նա մարդու կողմից ընդունվող
որոշումների վրա քիչ ազդեցություն է ունենում: Եվ մարդու այն վիճակը, որը կոչվում է հուսահատություն, ձևավորվում է ու ձևավորվում, ու մեկ էլ տեսար՝ դրության տերը դարձավ: Վերջալույսը ելք էր որոնում: Չէ՞ որ ամենամութ անտառի խորքերում անգամ կարելի է մի նեղլիկ կածան գտնել, որը դեպի ելք է տանում: Ո՞րն է այդ կածանը, չէր գտնում: Մտածում էր՝ ե՞րբ պիտի այս սարսափի վերջը երևա: Ցանկացած սարսափի վերջը գերադասելի է, քան անվերջ սարսափը: Կարոն իր նկատմամբ անվստահություն ունի, նա չսովորեց իրեն վստահել: Անվստահությունը խակ պտուղ է, որը համտեսելը տհաճ է, շատ տհաճ: Այդ համը մարդ հիշում է ամբողջ կյանքում: Սերն առանց վստահության խեղճ է, անկատար: Ասում են, թե սերը երկու փորձություն ունի. փողը և աղքատությունը: Ես վստահաբար կավելացնեի երրորդը, որը կոչվում է «վստահություն»: Ահա մեր սերը վերջին փորձությանը չդիմացավ: Մի՞թե ես Կարոյի մոտ վստահության պատառիկ անգամ չունեի, անընդհատ կրկնում էր Վերջալույսը: Մնացածները կարող են չվստահել, սակայն սիրող մարդը պիտի վստահի: Ուրեմն Կարոն իրեն չի սիրել, եզրակացնում էր Վերջալույսը: Իսկ ինքը նրա սիրուն հավատացել է ու դրանով ապրել:
Լուսադեմին, երբ հուսահատությունը նրան լրիվ հաղթել էր, սկսեց մտածել ինքնասպանության մասին: Վերջալույսն իր համար վերջնական վճիռ կայացրեց. «Պատվազուրկ ապրելը մեռնելուց դաժան է»: Հետո նա իր համար արձանագրեց, որ գյուղը, Կարոյի հարազատները մարդասպան դարձան: Հա, հա, գյուղն էլ կարող է մարդասպան դառնալ իր ասեկոսեներով, մեկը մյուսի գործերի մեջ քիթը խոթելով: Մարդուն մեղադրել առանց
նրան լսելու և հասկանալու՝ մի՞թե անմտություն չէ: Իրեն լսող և հավատացող չեղավ: Նա ատեց իրենց գյուղը, գյուղի մարդկանց: Ատեց Կարոյի ուղարկած փողերը: Առավոտյան երեխաներին կերակրեց ու որոշեց իր մտադրությունն իրականացնել: Ինչ-որ տեղ կարդացել էր, որ հին ժամանակներում թագավորներին ու իշխաններին մկնդեղով էին թունավորում: Դրա համար էլ բժիշկները մանկուց նրանց փոքր չափաբաժիններով մկնդեղ էին տալիս, որ նրանք թույնին սովորեն: Իսկ մեծ չափաբաժինը սպանում էր: Տնեցիներին խնդրեց երեխաներին նայել կես ժամով, մինչև դեղատուն գնա-վերադառնա: Տաքսի նստեց, խնդրեց հասցնել անասնաբուժական դեղատուն: Մի անգամ տան համար առիթ ունեցել էր մկնդեղ գնել: Վաճառողը հատուկ զգուշացրեց, որ երեխաներից հեռու պետք է պահել, վտանգավոր է: Վերջալույսը մտավ տուն, սառնարանից վերցրեց հյութի ամանը, բաժակի մեջ հյութ լցրեց, գնաց իրեն հատկացված սենյակը, մկնդեղը լցրեց հյութի մեջ, խառնեց, բաժակի կեսը խմեց, սրտխառնոցից չկարողացավ ամբողջը խմել: Երեխաները ներս մտան: Լացում էր: Նրանց գրկեց, սկսեց համբուրել: Այդ պահին ներս մտավ տանտիրուհին` Արմինեն, հարցրեց, թե ինչո՞ւ է լացում, չպատասխանեց: Կես ժամ էր անցել, որովայնում սուր ցավեր սկսվեցին: Մտածեց. «Ինչ սարսափելի է, երբ մարդու ճակատագիրը մարդու ձեռքերում է»: Գիտակցությունը սկսեց մթագնել: Երեխաներին խմեցրեց հյութի մնացած մասը: Ի՞նչ էր դա…Միտումնավոր արա՞րք, թե՞ երեխաներին կերակրելու՝ պահի տակ արթնացած մայրական բնազդ…Դժվար է ասել… Անցան ժամեր… Նա ուշքի եկավ հիվանդանոցում, աղջկա` Հասմիկի ձայնից, որը լալիս էր, կանչում «Մամա՛, սովա՜ծ եմ»:
Վերջալույսն աչքերը բացեց: Մի մեծ հիվանդասենյակում էր: Մեկ տասնյակից ավելի հիվանդներ էին պառկած: Սպիտակ խալաթով մարդիկ ինչ-որ մեկին օգնություն էին ցույց տալիս: Իր թևին մշտաներարկում էր միացած: Նա փորձեց հասկանալ, թե որտեղի՞ց լսեց իր փոքրիկի ձայնը, մտածեց` գուցե իրեն թվացել է: Աղջկա ձայնը նորից լսեց, կողքից էր գալիս: Գլուխը շրջեց: Հասմիկը պառկած էր իր կողքին, իսկ նրա կողքին տղան էր: Նա հասկացավ, որ հիվանդանոցում է, բայց չհասկացավ, թե երեխաներին ինչու են իր հետ բերել հիվանդանոց, նրանց ինչու են ներարկում:
Ուրախ էր, որ Աստված ևս մեկ անգամ կյանք է շնորհ արել իրեն:
Վերակենդանացման բաժանմունքի սրահում Կարոն հետուառաջ էր անում, որոնում էր այն բառերը, որոնք ներս մտնելիս պիտի շպրտի կնոջ երեսին: Բառեր չէր գտնում: Գուցե բառերն ավելորդ էին: Գուցե չէ, հաստատ… Երբ Կարոյին ներս թողեցին, նա խելագարի նման փաթաթվեց երեխաներին, նրանց համբուրեց, ապա արտասուքն աչքերին նայեց կնոջը: Կնոջ աչքերը ժպտում էին:
Աստվա՛ծ իմ, ինքը դեռ նրան սիրում է...

 

Կարդացեք նաև`

«Օտարության գինը»

Գևորգ  պապը

Կակաչներ մայրիկին

Չար կատակ

 Համզան

Սոնա

«Կյանքի երեկոյան սրճարանում» պատմվածքների ժողովածուի հեղինակ  Դավիթ Ավետիսյանը  ծնվել է 1951 թվականին, Ապարանի շրջանի Զովունի գյուղում: Ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը: Իրավաբանական գիտությունների թեկնածու է, դոցենտ: Դասավանդել է տարբեր բուհերում: Երկար տարիներ աշխատել է արդարադատության ոլորտում:

ՀՀ նախագահի կողմից նրան շնորհվել է ՀՀ վաստակովր իրավաբանի կոչում:

ՀՀ նախագահի հրամանագրով 2013թ. պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով: Հեղինակ է տասնյակ մենագրությունների և գիտական հոդվածների:

2012թ. լույս է տեսել նրա «Կյանքն իմ աչքերով» բանաստեղծությունների առաջին ժողովածուն, իսկ 2013-ին` «Ես հյուլեն եմ ամպերի» ժողովածուն:

Իսկ «Կյանքի երեկոյան սրճարանում» պատմվածքների ժողովածուի հերոսները ժամանակակից սոցիալական փոփոխությունների մթնոլորտում ապրող մարդիկ են: Հեղինակը գորովանքով ու ցավով է հետևում նրանց ճակատագրերին, պաշտպանում մարդուն մարդ պահող արժեքները: Ինչպես նշում է հրատարակության խմբագիր Հասմիկ Գրիգորյանը` «Կյանքի երեկոյան սրճարանում» պատմվածքների ժողովածուի պատմությունները իրապաշտական գործեր են և կյանքի անխարդախ հայելի, որտեղ յուրաքանչյուր ընթերցող կարող է իրեն տեսնել. առանց ավելորդ չափազանցությունների ներկայացվում է «կյանքը՝ ինչպես որ է»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին