Էդգար Կոստանդյան
ԶԱՏԻԿԻ ԳԻՇԵՐԸ
(պատմվածք)
Սրանք էստեղ ներկած ձվեր ու մոմ են ծախում: Կառնես` կօրհնեն, չէ` կսատկես անեծքներից: Դու վաղուց կարողանում ես տարբերել հավատն ու ճշմարտությունը ներկած ձվերից, դրա համար էլ սրանց անեծքներից քեզ ոչինչ չի լինի:
Որոտի ձայն լսվեց, ու քաղաքի լույսերը հանգան: Անձրևը հեղեղի պես է թափվում, բայց դա ոչ քեզ է խանգարում բաց երկնքի տակ քայլել, ոչ նրանց` էդ նույն երկնքի տակ ներկած ձվեր վաճառել: Էդ ձվերը չառնելու համար քեզ տարիներ, գուցե լրիվ կյանք էր պետք, բայց դու հասար էստեղ… մի վայր, ուր մարդը կարող է քմծիծաղ տալ ճակատագրին:
Գիտեմ, որ անցյալ գիշեր գեղեցիկ աչքերով մեկը թողել է քեզ: Մի’ նեղսրտիր, սիրտդ մեծ է, էնտեղ բոլորի համար տեղ կճարվի` քեզ թողածների ու դավաճանածների, քեզ սիրողների ու չներածների, թքած, թե վաղը դատարկ տեղ չի լինի, ու ապագայի եկողները կսառչեն դրսում:
Նայի’ր, փողոցի ամենավերջում լուսացույց է երևում, կնշանակի` էնտեղ լույսերը չեն տարել: Քայլիր այդ կողմ, ճանապարհին ում ասես կարող ես հանդիպել: Էս կարճ շրջազգեստով աղջկան նայիր, անձրևը նրա համար նշանակություն չունի, ուրախ է աղջիկը: Բա հետևից քայլող տղերքը: Քսան րոպե է` քայլում են հետևից, որ հասկանան շրջազգեստի տակից տռուսիկ ունի, թե չէ: Էլի վերև քայլիր: Գուցե նրան տեսնես` գեղեցիկ աչքերովին, ով անցյալ գիշեր թողել է քեզ, ով բոլոր անցյալ գիշերներին թողնում է քեզ: Ժպտա’ նրան, մոռացիր, որ հերթական ես եղել` մեկից մի քիչ երկար, մեկից մի քիչ կարճ տևած, գուցե ամենաանպետքը բոլորից: Ընդունի’ր նրա համոզմունքը, որ ինքը չափից ավելի շատ էր քեզ համար, թեկուզ հենց էնպես, բայց ընդունիր, իմացիր հակառակը, բայց համաձայնիր: Դու մտածելու ոչինչ չունես, դու ամեն տեղ մինչև վերջ ես գնացել, դու վաղվա աչքերին չնայելու քաջություն ես ունեցել, ապրել ես, խելագարվել, անգամ ստորությունն ես մինչև վերջ արել:
Փողոցի ծայրին եկեղեցի է երևում, բոլոր հավատացողներն ու անհավատաներն էս գիշեր ձվերով կռիվ են անում էնտեղ: Գնա’, ներս մտիր, տես ոնց են երկու անծանոթներ իրար ատող հայացքներով մոմ վառում: Նայիր ու մի մտածիր սրանց մասին, անցյալ գիշերվա մասին էլ…Գոհացիր նրանով, որ ինչ-որ ժամանակ խաղաղ ես եղել նրա կողքին: Նա քեզ երբեք հերթապահ խոսքեր չի ասել, բայց գուցե ինչ-որ ժամանակ ինքն էլ քեզ է սիրել` ամենաիսկական ձևով: Հա, հա, հավատա, հազար տարին մեկ էսպիսի բաներ լինում են էս ներկած ձվերի աշխարհում, էս ներկած-նկարած մոլորակում: Ուրախ եղիր, որ նրան հիշելիս էլի ժպտում ես, կարող էր, չէ՞, ժամանակը նրան սովորական դարձնել: Ուշքդ մի դիր ոչ մեկին, թեկուզ մենակ էս գիշեր քո ուզածով ապրիր, հակառակ գնա հոսանքին, մեկ է, էս գիշեր քեզ ոչ ոք չի նկատում, էս գիշեր բոլորը ներկած ձվերով են զբաղված: Էսօր քո օրն է, ախպերս: Հիշիր, դեռ երեկ եղունգներով ասֆալտն էիր ճանկռում, իսկ հիմա դեմքիդ ժպիտ կա: Տես, փողոցի էս մասն արդեն լուսավոր է, թրջված մարդիկ խանութ են մտել` տաքանալու: Դու էլ մտիր: Մի բան առ: Կեր: Գուցե գեղեցիկ աչքերովի պանրե կարկանդակների համը չունենա, բայց հո սովից չես մեռնի:
Խաղաղվի’ր: Քեզ շատ քիչ բան է հարկավոր խաղաղության համար: Էսօր առավոտյան տանդ հյուրասենյակի ու ննջասենյակի գորգերը տեղերով փոխեցիր, ու էդ չնչին տեղափոխությունից տրամադրությունդ բարձրացավ: Վաղն էլ հեռուստացույցի տեղը փոխիր, մյուս օրը` մեկ ուրիշ բանի, ու էդպես անընդհատ: Մինչև հասցնես ամեն բան փոխել,գորգերը հետ փոխելու ժամանակը կգա:
Էն երեխային նայիր, կշեռքը դրել է մայթին ու ձվերի պատերազմի հերոսներին փողով կշռում է: Հազիվ տասը տարեկան լինի: Մուրացկան չի: Աշխատում է: Ուզում է` հեծանիվ առնի: Մեկ էլ տեսար հիմա մեկը` ձվերի կռվից եկող մի դատարկագլուխ, որոշի Տիրոջը դուր գալ ու սրա համար հեծանիվ առնի: Մենք սովոր ենք մեր կողքին ապրող մարդկանց ոչնչացնելու: Գիտե՞ս, մեր թաղում մի տղա կար` ճիշտ սրա տարիքին: Մեքենաներ էր լվանում, որ համակարգիչ ունենա: Մի օր մի բնապահպան քած նկատում է սրան ու դրամահավաք է անում: Էդ փողն էլ, երևակայիր, շատ արագ հավաքվում է, ու սա` բնապահպանը, մի քանի բնության սխալներ կողքից գցած, համակարգիչը ձեռքին մտնում է մեր բակ: Գիտե՞ս` ինչ արեց տղան: Նվերը հետևը մտցրեց: Չթողեց, որ «բարեպաշտները» ջարդեն իր հեքիաթը: Չփչացավ տղան: Դու էլ մի փչանա, ախպերս, դու էլ հեքիաթ ունեցիր: Քո հեքիաթն էլ թող նա լինի, ով անցյալ գիշեր թողեց քեզ, նրա պանրե կարկանդակները կամ նրա խալաթը, որի վրա միշտ ծիծաղել ես: Ընդամենը հավատա, որ էդ ամենն իրականում եղել է, հավատա ու վերջ: Հեքիաթը կլինի:
Էնտեղ նայիր, միտինգավորները, թրջված պաստառները ձեռքներին, եկեղեցու կողմ են քայլում: Բա սրանց առաջնորդը… երևի սեփական ձվերն է ներկել եղածից ավելի ծիծաղելի երևալու համար: Ահագին էլ մարդ է հավաքել: Կա-չկա, մոմի առևտրով է տուն պահում: Տես ու ծիծաղիր, ախպերս, տես` ինչ թատերաբեմ են սարքել քաղաքը: Քաղաքն ու ժամանակներն էնպիսին են, որ գետնից կես սանտիմետր բարձր ցանկացած տախտակ բեմ է կոչվում: Դրա համար էլ վերջին հարկում ապրողին միշտ թվում է, թե ավելի մոտ է Աստծուն: Երևի քո ու երեկ գիշեր քեզ թողած գեղեցիկ աչքերովի կյանքն էլ էդպիսի տախտակե ներկայացում է եղել:
Թող ամենը, քեզ ներկած ձվեր ու մոմեր հարկավոր չեն: Գնա էդ ներկայացմանը: Չուշանաս: Չմոռանաս` քո տեղը դահլիճում է: Բեմում միայն նա է լինելու: Գուցե հանդիսատեսի ամբոխում չնկատի քեզ: Մի’ սրտնեղիր: Ներիր նրա չնկատելը: Ներիր նրան բոլոր չնկատած անգամների համար: Արդարացում գտիր նրա փոխարեն: Բեմից դահլիճը վատ է երևում: Լույսերը խանգարում են: