Հետաձգված/չեղարկված թռիչքների, ինչպես նաև ուղևորի կամքին հակառակ օդանավ նստեցնելու մերժման դեպքում գործում է փոխհատուցում ստանալու հնարավորություն Եվրամիության օրենսդրությամբ կարգավորվող ուղղություններով: Այսուհետև ավիաթռիչքների հետաձգման, ուշացման կամ չեղարկման դեպքում ուղևորներին օգնության կհասնի Հայաստանում գործարկված նոր՝ Passenger.am հարթակը: Այս մասին Asekose.am-ին հայտնեց նախագծի հեղինակ, համահիմնադիր և գործադիր տնօրեն Վաներ Հարությունյանը:
Ըստ Վաներ Հարությունյանի՝ նման տհաճ իրավիճակում հայտնվելու դեպքում քաղաքացիները կկարողանան մուտք գործել կայք, հայտնել կոնկրետ խնդրի մասին, նշել պատճառը (ուշացում, չվերթի չեղարկում և այլն), լրացնել բոլոր տվյալները։ «Passenger.am-ը գործում է Եվրամիության օրենսդրությամբ կարգավորվող ուղղությունների դեպքում: Մասնավորապես, խոսքը վերաբերում է դեպի Եվրամիության անդամ պետություն կամ Եվրամիության որևէ երկրում գրանցված օդանավով թռիչքներին: Ուղևորն իր տոմսում պետք է ունենա առնվազն մեկ եվրոպական օդանավակայան (Եվրոպական Միության անդամ-պետության տարածք), որպեսզի կարողանա պահանջել փոխհատուցում: Կանոնակարգը թույլ է տալիս պահանջել 200-ից 600 եվրո, կախված խնդրի ծագման կետի և վերջնական վայրի միջև ընկած հեռավորությունից, ինչպես նաև, որոշ դեպքերում, հաշվի է առնվում ուշացման տևողությունը»:
Հավելենք, որ Passenger.am համակարգին դիմելու համար որևէ գումար անհրաժեշտ չէ: Պետք է պարզապես լիազորել իրավաբանական թիմին՝ տվյալ անձի կողմից հանդես գալու համար և այդ ամենը կատարվում է առավելագույնս օնլայն առցանց ռեժիմով: