Asekose.am-ի զրուցակիցն է «Աիդա Մելքոնյան» ստուդիոյի հիմնադիր- տնօրեն, ոճաբան Աիդա Մելքոնյանը, ով մեզ հետ կիսվեց դիմահարդարման այսօրվա շուկայի, իր սրահի տարբերվող լինելու, առողջ մրցակցության մասին և ոչ միայն:
Այսօր մեկը մյուսի հետևից ստեղծվում են դիմահարդարման սրահներ, իսկ դիմահարդարների թիվը գնալով ավելանում է: Դուք ունեք տարիների փորձ, կարո՞ղ եք ասել՝ ինչպե՞ս պետք է հաճախորդը տարանջատի պրոֆեսիոնալին ոչ պրոֆեսիոնալից, հասկանա, թե որ դիմահարդարին ընտրի:
Շատ դիպուկ հարց եք տալիս, և կարծում եմ, որ շատերն են ցանկանում ստանալ այս հարցի պատասխանը: Այսօր Հայաստանում այս շուկան բավականին փոքր է, իսկ մեր առաջարկները՝ շատ: Այսօր շատերն են զբաղվում դիմահարդարմամբ, բայց պետք է նշեմ, որ այն մասնագետները, ովքեր այսօր դոմինանտ են շուկայում, դոմինանտ էին նաև շատ տարիներ առաջ: Նրանք մինչ այսօր պահպանել են իրենց կարգավիճակը, հնարավորությունները: Իսկ այդ անունը ձեռք է բերվում շատ աշխատելու և, իհարկե, ինքնակատարելագործվելու շնորհիվ: Այս ամենին կողքից նայելով ՝ շատ մարդիկ մտածում են, որ այն բավականին հեշտ աշխատանք և ճանապարհ է: Վերոնշյալ դիմահարդարներն ունեն մեծ փորձ, և արդեն հաճախորդներն իրենք են որոշում որ մասնագետին ընտրել՝ տարիների աշխատանքային փորձ ունեցող, լավ տեխնիկայի տիրապետող և լավ նյութերով աշխատող մասնագետի մոտ, թե սկսնակ մասնագետի, ով ավելի մատչելի է աշխատում: Այսօր սոցիալական ցանցերը շատ մեծ դեր են խաղում և կարողանում են հաճախորդին օգնել ճիշտ ընտրություն կայացնել՝ ըստ տեղադրված լուսանկարների: Այսօր սոցիալական ցանցերի վրա հատուկ աշխատանք է տարվում, քանի որ աշխատանքի ընդհանուր պատկերը տեղադրված լուսանկարներից է երևում:
Ինչո՞վ է տարբերվում Ձեր սրահը, և ինչո՞վ եք տարբերվում մյուս դիմահարդարներից Դուք ինքերդ:
Ես ինքս շատ կարևորում եմ այն հանգամանքը, որ մեր հաճախորդներն իրենց կարևոր և հարմարավետ զգան մեր սրահում: Մենք անում ենք հնարավոր ամեն բան, որպեսզի ապահովենք սպասարկման բարձր մակարդակը: Սա շատ կարևոր նախապայման է, քանի որ կարող ես անել շատ լավ աշխատանք, սակայն վերաբերմունքի մի փոքր թերացման պատճառով կորցնել հաճախորդիդ վստահությունը և ինչու չէ՝ նաև տրամադրությունը: 13 տարի ես այս ոլորտում եմ, 13 տարի ունեմ իմ մշտական հաճախորդների բանակը, որի համար անչափ շնորհակալ եմ, քանի որ նրանց շնորհիվ եմ ես այսօր հասել այս կետին: Յուրաքանչյուրին պետք է ցուցաբերել անհատական վերաբերմունք, քանի որ անձը ընտրելով մեզ պետք է գտնի իրեն: Մեր առաքելությունն եմ համարում օգնել մեր հաճախորդին՝ վեր հանել իր մեջ եղած ողջ գեղեցկությունը, որպեսզի վերջինս վստահ ներկայանա հանրությանը: Պետք է նշեմ նաև, որ հաճախորդն ինձ ընտրում է նաև, քանի որ ես մինիմալիստ եմ դիմահարդարման ոլորտում: Ես սիրում եմ ամեն ինչ օգտագործել, սակայն միաժամանակ ամեն բան պահել չափի մեջ: Այս տարիների ընթացքում ձեռք եմ բերել շատ ընկերներ, ովքեր ի սկզբանե եկել են ինձ մոտ որպես հաճախորդ: Մենք շատ ջերմ հարաբերություններ ունեք, ինչն ինձ համար մեծ ձեռքբերում է:
Շատ եմ կարևորում նաև մեր ստուդիոյում աշխատող մասնագետների պրոֆեսիոնալիզմը, վստահ կարող եմ ասել, որ նրանք բոլորն իրենց գործի հմուտ վարպետներ են:
Աիդա, դուք ունեք տարիների փորձ ու անցած մեծ ճանապարհ: Արդյո՞ք իրականությանը համապատասխանում են այն լուրերը, որ դուք 13 տարի շարունակ սպասարկում եք նախկին առաջին տիկին Ռիտա Սարգսյանին:
Այո, ճիշտ են այդ լուրերը՝ 13 տարի է պատիվ ունեմ աշխատելու տիկին Ռիտա Սարգսյանի հետ և շատ ուրախ եմ, որ կյանքում առընչվել եմ նրա հետ: Ուրախությամբ կարող եմ փաստել, որ մեր համագործակցությունը շարունակական է, քանի որ ես նրան սպասարկում եմ մեծագույն հաճույքով:
Մրցակիցներ ունե՞ք այս ոլորտում:
Այո, իհարկե, ես չեմ հավատա այն մասնագետին, ով ասի, որ չունի մրցակիցներ այս դաշտում: Այս ամենին պետք է շատ նորմալ վերաբերվել, եթե, իհարկե, դա առողջ մրցակցություն է: Առողջ մրցակցությունը երբևէ ոչ մեկին չի խանգարել, հակառակը՝ այն ստեղծում է կատարելագործվելու մոտիվացիա:
Ի՞նչ խորհուրդ կտաք հայ աղջիկներին, ովքեր դիմահարդարվելիս երբեմն անցնում են թույլատրելի սահմանը:
Այսօր ամբողջ աշխարհը բոլոր առումներով գնում է դեպի մինիմալը: Ես նույնպես ողջունում եմ այդ փաստը, սակայն կան դիմահարդարման տարբեր տեսակներ: Նկարահանման համար նախատեսված դիմահարդարումն այլ է՝ ավելի շատ նյութեր են օգտագործվում և այլ մեթոդներով, իսկ առօրյա և երեկոյան դիմահարդարումները պետք է լինեն հանգիստ և՛ քեզ համար, և՛ դիմացինիդ: Պետք է հասկանալ, որ այդ շատը միշտ չէ, որ գեղեցիկ է և այն կարող է նաև հակառակ տպավորություն թողնել: Մենք հաճախ ունենում ենք մոդելներ, ում համար կատարվում են դիմահարդարման բոլորովին այլ տեակներ, այնուհետև մշակվում են նկարներն ու աչք շոյող տեսքով տեղադրվում սոցիալական էջերում: Այս դեպքում կարող ենք թույլ տալ ինչ-որ չափով շատ նյութեր օգտագործել, քանի որ տվյալ դեպքում նրանք առօրյա շփում չեն ունեում մարդկանց հետ, պարզապես նկարահանվում են: Ես շատ կցանկանամ, որ այսօր աղջիկները թեթևացնեն իրենց շպարն ու լինեն հնարավորինս բնական, քանի որ հայ աղջիկները շատ գեղեցիկ են, իսկ մենք՝ դիմահարդարներս, պարզապես ընդգծում ենք այդ գեղեցկությունը:
Կարող եք նշել, թե ի՞նչ առանձնահատկություններ կան 2019 թվականի դիմահարդարման հետ կապված:
Ցանկացած դիմահարդարում այսօր կարելի է ներկայացնել շատ արդիական ոճով, կարևոր չէ, թե ինչ տեսակի դիմահարդարում է արվում, կարևորն այն է, որ այն ներկայացվի գործող տենդենցներին համապատասխան:
Հեղինակ՝ Անահիտ Հարությունյան