Երեկ Յուրմալայում մեկնարկեց «Նոր Ալիք 2014» երգի միջազգային մրցույթը, որն անցկացվում էր արդեն 13-րդ անգամ: Մրցույթի բացման արարողությանը ելույթ ունեցան ռուսական շոու բիզնեսի ամենահայտնի արտիստները` Նիկոլայ Բասկովը, Ֆիլիպ Կիրկորովը, Լայմա Վայկուլեն, Վալերի Մելաձեն, Լեոնիդ Ագուտինը և այլոք, ովքեր մեկը մյուսի հետևից հատուկ վիճակահանության շնորհիվ որոշում էին մասնակիցների 1-ին օրվա ելույթների հերթականությունը: Իսկ օրվա հատուկ հյուրը շվեդացի հայտնի երգիչ Ուլան էր: Այսպիսով, Հայաստանը ներկայացնող մասնակիցը` Սոնա Ռուբենյանը, այսօր ելույթ կունենա 10-րդ համարի ներքո և կկատարի Մայլի Սայրուսի «Wrecking Ball» հայտնի հիթը:
Նշենք նաև, որ ուշադիր հեռուստադիտողների աչքից չի վրիպել այն, որ երեկ բացման արարողության հանդիսատեսի շարքերում նկատվել են նաև Նազենի Հովհաննիսյանը և Սոֆի Մխեյանը, որոնց մասնակցությունը «Նոր Ալիք» մրցույթում կարծես թե արդեն ավանդական է դարձել:
Հիշեցնենք, որ մրցույթից ընդամենը ժամեր առաջ Լատվիայի արտաքին գործերի նախարարը «սև ցուցակ» էր կազմել, ըստ որի` երգչուհի Վալերիայի, ով, ի դեպ` հանդիսանում էր մրցույթի ժյուրիի անդամներից մեկը, Իոսիֆ Կոբզոնի և Օլեգ Գազմանովի մուտքն արգելվել է Լատվիա, քանի որ իրենք, ըստ ԱԳ նախարար Էդգարս Ռինկեւիչսի, իրենց գործողություններով նպաստել են Ուկրաինայի տարածքային ամբողջականության և անկախության խափանմանը:
Այս առիթով մրցույթի ժյուրիի նախագահ Իգոր Կրուտոյը լրագրողների հետ զրույցում Էդգարս Ռինկեւիչսի այս արարքն անվանել է «փոքր մարդու մեծ երևակայություն», այդ թվում նաև հայտարարել է, որ «Նոր Ալիք» երգի մրցույթը, ամենայն հավանականությամբ, Յուրմալայում է անցկացվում վերջին անգամ` նշելով, սա ոչ թե քաղաքական, այլ երաժշտական մրցույթ է:
Իսկ այն հարցին, թե ո՞վ է փոխարինելու Վալերիային որպես ժյուրի, Կրուտոյը պատասխանել է.
«Ոչ ոք: Ուղղակի այս անգամ ժյուրիի կազմում 8-ի փոխարեն կլինեն 7-ը»:
Հիշեցնենք, որ բացի նշված արտիստներից, այս անգամ արդեն մրցույթի կազմակերպիչների որոշմամբ «Նոր Ալիք»-ում ելույթ չեն ունենալու նաև Իրինա Ալեգրովան և Գրիգորի Լեպսը, քանի որ նրանք որոշ ժամանակ առաջ մասնակցել են մրցակից հեռուստաընկերության կողմից ցուցադրվող «5 աստղ» երգի մրցույթին: