▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մենակությունը նույնիսկ հրեշտակին կարող է գազան դարձնել. Դավիթ Սեխպեյան

Asekose.am-ը զրուցել է ներկայումս ամերիկաբնակ դերասան, ռեժիսոր Դավիթ Սեխպեյանի հետ: Վերջինս օրեր առաջ Լոս Անջելեսում հանդիսատեսի դատին է հանձնել իր բեմադրությամբ` «Ես, իմ մաման ու մեր կանայք» ներկայացումը, որում մարմնավորել է նաև գլխավոր դերակատարներից մեկին: 

Դավիթ, այստեղ Դուք համարվում էիք պահանջված և մասսայականություն վայելող դերասան, ինչ խոսք, Ձեր` ԱՄՆ-ում հաստատվելը սկզբնական շրջանում մի փոքր զարմանալի էր… Ավելի ուշ, երբ մեկնաբանում էիք, թե ինչու էիք հեռացել Հայաստանից, նշել էիք, որ  երկար մտածելուց հետո հասկացել էիք, որ կարելի էր ինչ-որ կտրուկ փոփոխություն անել…. Այնուամենայնիվ,  այդ  փոփոխությունն անելու համար  դրդապատճառներ են պետք...

-Շատ ամփոփ կպատասխանեմ` սիրեցի, ամուսնացա ու ամեն ինչ սկսվեց նոր էջից:

Դուք նաև հարցազրույցներից մեկում նշել եք, որ ունեք նպատակներ, որոնք  ցանկանում եք իրագործել և դրանով իսկ պիտանի լինել ազգին: Ի՞նչ նպատակների մասին է խոսքը  և, ամենակարևորը, արդյո՞ք աշխատանքներ տարվում են դրանց իրագործման համար…

-Նպատակներս մեծ են ու շատ, բայց չեմ սիրում բարձրաձայնել դրանք, ուղղակի հերթով իրագործում եմ:

Ի տարբերություն Ձեր կնոջ, ով ԱՄՆ-ում է մեծացել, տվյալ երկիրը Ձեզ համար նորություն պետք է լիներ… Ինչպիսի՞ առօրյայով եք ապրում ներկայումս: Այստեղ հաճախ կատակում են, որ ԱՄՆ տեղափոխվածների մեծ մասի առօրյան ոչ թե ամերիկյան է, այլ` հայկական…

-Իմ առօրյան ես եմ սիրում ստեղծել, բայց ամեն դեպքում հպարտություն է, որ ԱՄՆ-ի սրտում կա փոքրիկ Հայաստան:

Հետաքրքիր է իմանալ` ամերիկյան կենցաղից և հոգեկերտվածքից ի՞նչն է Ձեզ համար առ այսօր խորթ և անընդունելի:

-Խորթ է այն,  որ Հայաստան չէ….

Իսկ Ձեր և  Ձեր երեխաների  ապագան Դուք  հենց ԱՄՆ-ում եք պատկերացնո՞ւմ….

-Այո, առայժմ ապագան այստեղ եմ պատկերացնում, քանզի գործունեություն եմ ծավալում:

Ի դեպ` Ձեր ընտանիքում համալրում սպասվո՞ւմ է այս փուլում…

-Առայժմ ոչ:

Դավիթ, տեղյակ եմ, որ հոկտեմբերի 23-ին կայացել է «Ես, իմ մաման ու մեր կանայք» ներկայացման պրեմիերան, որում հանդես եք եկել ոչ միայն որպես դերասան, այլև`  բեմադրիչ…. Որքանո՞վ էիք հարմարավետ զգում Ձեզ այս դերում….

-Ներկայացման պրեմիերան հրաշալի անցավ, անհամբերությամբ սպասում ենք հոկտեմբերի 30-ին: Առաջին բեմադրությունս չէ. ռեժիսուրան իմ առաջին մասնագիտությունն է, այնպես որ` որպես ռեժիսոր իմ հրաշալի կազմի հետ վայելել ու վայելում եմ ստեղծագործական ամբողջ գործընթացը:

Երբ Դուք և դերասանական կազմը խոսում էիք այս ներկայացման մասին, նշում էիք, որ այն ունի հումորային տարրեր, ինչպես նաև հագեցած է երգերով և պարերով: Իսկ ո՞րն է ասելիքը, ի՞նչ հաղորդագրություն եք ցանկանում հասցնել լսարանին:

-Ներկայացման հիմքում այն է, որ ամեն մարդ պետք է ապրի իր կյանքն ու քիթը չմտցնի ուրիշինի մեջ: Ասելիքն էլ, որ սերը պետք է ամբողջ ուժով պահել ու երբևիցե չկորցնել, ինչպես նաև մենակությունը նույնիսկ հրեշտակին կարող է գազան դարձնել:

Եվ զրույցի վերջում կուզեի իմանալ, ե՞րբ սպասենք  Ձեզ Հայաստանում….

-Հայաստան վերադառնալու և նպատակ, և երազանք ունեմ:

Հեղինակ` Լիլիթ Հակոբյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին