Ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ» հայ-ռուսական համատեղ արտադրության ֆիլմը, որի սյուժեի հիմքում ընկած է 1988 թ. Սպիտակի աղետալի երկրաշարժը, բավական բուռն արձագանք է ստացել ինչպես հանդիսատեսի, այնպես էլ կինեմատոգրաֆիստների շրջանում։ Ոմանց կարծիքով՝ ֆիլմի ստեղծողներն այս մարդկային ողբերգությունից շոու են սարքել, բավարար չափով չեն ուսումնասիրել նյութը և խեղաթյուրել են փաստերը։ Թեմայի շուրջ Asekose.am-ը զրուցել է կինոքննադատ Րաֆֆի Մովսիսյանի հետ:
«Իրականում, «Երկրաշարժը» այն ֆիլմ է, որը կարող է բևեռվածության առիթ հանդիսանալ: Շատ դժվար է որևէ պատմական դեպքի վերաբերյալ ֆիլմ նկարահանել և հույս ունենալ, որ դա կարող է միաձայն ընդունվել, որովհետև որքան էլ որ տարիներն անցած լինեն, շատերի մոտ դա նույն էմոցիոնալ շերտն է արտահայտում, ինչպես օրինակ՝ Ղարաբաղի պատերազմի, երկրաշարժի մասին, այսինքն՝ սրանք այն թեմաներն են, որոնք ցավոտ են շատ ընտանիքների համար: Նման թեմաներին անդրադառնալը կարող է ցանկացած պրոդյուսերի կամ ռեժիսորի համար խոցելի լինել: Այս դեպքում նկարահանվել է մի ֆիլմ, որտեղ առաջնայինը կինոարվեստը չէ: Օբյեկտիվ պետք է լինել և ասել, որ այս ֆիլմը դրամարկղային շահույթի նպատակ ունի և ստեղծվել է դրա սկզբունքներով: Ստեղծվել է հոլիվուդյան և ամերիկյան կինոմոդելին հարիր սցենարային սխեմա:Այս ֆիլմը միջազգային հեղինակավոր փառատոններում մրցանակներ ունենալու մեծ հավակնություններ չունի: Վերջին տարիների ընթացքում գոնե Սարիկ Անդրեասյանն ապացուցել է, որ որևէ պրոդյուսերի աշխատանքն իր հետ չի կարող ձախողված լինել, որովհետև թեև իր ստեղծած կինոն իմ պատկերացրած կինոարվեստից շատ հեռու է, բայց դրամարկղայի ֆիլմերի համար ինքը բավական շահութաբեր ռեժիսոր է: Իրականում, եթե Սարիկ Անդրեասյանի բոլոր ֆիլմերը չլինեին, համաշխարհային կինոյի մեջ դժվար ինչ-որ բան փոխվեր: Այս ֆիլմն իրականում ոչ մի նոր բան չի բերում. պրոդյուսերները չէին ընտրրի Սարիկ Անդրեասյանին, եթե ցանկանային ստանալ մի ֆիլմ, որը կինոյի զարգացման մասին մեր պատկերացումները փոխի, նոր լուծումներ առաջարկի կինոյի ասպարեզում, քանի որ Սարիկ Անդրեասյանը նկարահանում է միայն ժամանցային ֆիլմեր, որոնք ավելի շուտ ուսումնասիրության արժանի են տնտեսագետների համար, քան կինոգետների կամ արվեստաբանների»,-մեզ հետ զրույցի ընթացքում ասաց Րաֆֆին:
Անդրադառնալով այն փաստին, որ ֆիլմում «չափազանց շատ է ռուսականը»՝ մեր զրուցակիցը նշեց. «Ես գիտեմ, որ Սպիտակի երկրաշարժը մեծ արձագանք է գտել ամբողջ ԽՍՀՄ-ում, նույնիսկ՝ Եվրոպայում, շատերն են եկել աջակցելու: Կարծում եմ՝ դա ռեժիսորի և ստեղծագործ խմբի ընտրությունն է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հայկական կողմից պետական ֆինանսավորում չի տրվել ֆիլմի ստեղծմանը, այսինքն՝ դրա մեջ քաղաքական տարր փնտրելն ավելի երկրորդական հարց է: Այն հանգամանքը, որ այս ֆիլմում փրկչի դերը ստանձնել է ռուսը, իմ ազգային արժանապատվությունը չի վիրավորում»:
Շատերին էր զայրացրել ու զարմացրել ֆիլմում առկա մի քանի տեսարաններ, որոնք ակնհայտորեն խեղաթյուրում են պատմական դեպքերը:
«Աշխարհում բազմաթիվ ֆիլմեր են նկարահանվում տարբեր աղետների վերաբերյալ. այս դեպքում պետք է հասկանալ, որ նման ֆիլմերում դեպքերն ուռճացված կարող են լինել, հատուկ ընտրված բացասական կերպարներ լինել: Ես գիտեմ, որ շատերին է վիրավորել դիակապտության մասին պատմությունը, քանի որ առաջին մեկ շաբաթում հաստատ նման բաներ չեն եղել:Նույնիսկ միջազգային մամուլն էր գրում, որ նման դեպքերի արձանագրման բոլոր նախադրյալները կային, բայց նույնիսկ պատմականորեն նման բան տեղի չի ունեցել: Պատմությունը փաստում է, որ նույնիսկ բանտարկյալների են ազատ արձակել, ովքեր օգնելուց հետք կրկին բանտ են վերադարձել: Պետք է պարզապես հասկանալ, որ սա վավերագրական ֆիլմ չէ, որ այս դեպքում մենք գործ ունենք հորինվածքի հետ: Ֆիլմը պատմական փաստերն ուղղակիորեն չի արտահատում. սա ցավոտ շրջանի մասին մի ստեղծագործ խմբի պատկերացումն է ընդամենը, իսկ նրանք բացասական կերպրները փորձել են տեսնել հենց այդ դիակապտության տեսարանում: Վստահեցնում եմ, որ որևէ մեկը նման խաղարկային ֆիլմերով որևէ ազգի մասին պատկերացում չի կազմելու:Ամեն ինչ արված էր սերիալային մակարդակով, շատ ծամծմված էր, օրինակ՝ ժամի պատկերը, որը պարբերաբար կրկնվում է, կյանքի շարունակության պրիմիտիվ օրինակ է, ֆիլմում կան երկրորդական կերպարներ, որոնք այդպես էլ չեն շարունակում իրենց գիծը: Հենց գյումրեցիները, ովքեր մեծ կորուստներ են ունեցել երկրաշարժի հետևանքով, պետք է չվիրավորվեն, այլ հասկանան, որ այս ֆիլմի նպատակը հուզում արթնացնել է: Ես անձամբ հուզվել եմ մի քանի տեսարաններում»:
Մեր զրուցակիցը փաստեց, որ, այնուամենայնիվ, պետք է ուրախ լինենք, որ նման նախագծեր են իրականացվում Հայաստանում:
«Ինձ համար պարզապես ուրախալի է այն փաստը, որ նման նախագծեր իրականացվում են Հայաստանում, որ մեր դերասանները հնարավորություն են ունենում ընդգրկվելու դրանցում: Վերջին 25 տարիների ընթացքում սա ամենամեծ նախագիծն է, որն իրականացվել է Հայաստանում: Հայաստանը, ունենալով ֆիլմարտադրության տեսանկյունից հարմար պայմաններ, ցավոք, չունի բավարար միջոցներ: Ֆիլմի դերասանական խումբը լավագույններից մեկն է. գլխավոր դերակատարԿոնստանտին Լավրոնենկոն ժամանակակից կինոյի լավագույն դերասններից մեկն է, ով Կաննի միջազգային փառատոնում մրցանակի արժանացավ, Տաթև Հովակիմյանը մեր օրերի լավագույն դերասանուհիներից մեկն է, Միքայել Պողոսյանն իր կերպարը լավագույն ձևով է մատուցումՙ, Արսեն Գրիգորյանը հրաշալի է խաղում, թեև բացասական կերպար է»,-նշեց Րաֆֆին:
Զրույցի վերջում Րաֆֆին տեղեկացրեց նաև, որ ռուս ռեժիսոր Ալեքսանդր Կոտտն էլ է ֆիլմ նկարահանում Սպիտակի երկրաշարժի մասին, ինչը մեր զրուցակցին մտածելու տեղիք է տալիս:
«Տարօրինակ է նման հետաքրքրասիրությունն այս թեմայի նկատմամբ, այն էլ ՝ամիսներ անց: Քանի որ Կոտտն էլ դրամարկղային ֆիլմեր նկարահանող է, ստացվում է, որ նմանատիպ ֆիլմ է մեզ դարձյալ սպասում»,-Asekose.am-ի հետ զրույցը եզրափակեց կինոքննադատ Րաֆֆի Մովսիսյանը:
Հեղինակ՝ Լիլիթ Նավասարդյան
«Երկրաշարժ» ֆիմը կարող եք դիտել օնլայն