▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դեպրեսիա և գոյապահպանման խնդիր կար. Լուսի Խանյանը` Հայաստանից հեռանալու, ապա վերադառնալու մասին

 

 

 

 

 

 

 

Երաժշտության յուրահատուկ ջազային մեկնաբան Լուսի Խանյանը համատեղում է ֆոլկ, ջազ և էթնիկ էլեմենտները`պահպանելով ազգային երաժշտությունը: Թվում է, թե նա կարողանում է համատեղել անհամատեղելին: Asekose.am-ը զրուցել է Լուսի Խանյանի հետ` այս ամենի ստեղծման պատմության մասին և ոչ միայն:

Որոշել էին` պետք է լեզվագետ դառնամ

Ծնողներս որոշել էին, որ պետք է լեզվագետ դառնամ, սակայն ես միշտ ապրել եմ երաժշտությամբ, փորձել եմ ինքնազարգացմամբ զբաղվել: Բախտս բերել է, որ իմ երաժիշտ ընկերները, ովքեր սովորում էին Կոնսերվատորիայում, ընդառաջում էին ինձ թե գիտելիքի, թե ոգեշնչման առումով: Ես ավարտել էի երաժշտական դպրոցը, ապա ընդունվել էի վարժարան և շարունակել էի օտար լեզուների ուղղությամբ: Չնայած դրան` երբեք չէի դադարել ինքնազարգացումը երաժշտական առումով:

Գոյապահպանման խնդիր կար, որոշեցի մեկնել

2000 թվականին մեկնեցի ԱՄՆ: Եթե անկեղծ լինեմ, այդ շրջանում Հայաստանում կար գոյապահպանման խնդիր, երկրի վիճակը լավ չէր, դեպրեսիա կար, ինձ հնարավորություն ընձեռնվեց, ես էլ կտրուկ որոշում կայացրի: Երիտասարդ էի, մտածում էի աճելու հնարավորություն կունենամ: Միացյալ Նահանգներն ինձ տվեց հարաբերություններ, որոնք ինձ զարգացրին երաժշտական ուղղությամբ: Առհասարակ, շատ կարևոր է ճիշտ մարդկանց հանդիպելը և համագործակցելը: Բախտի բերմամբ հանդիպեցի ճիշտ մարդկանց, բայց նաև շատ եմ կարևորում ինքնակրթությունը, որովհետև կարող ես համապատասխան ԲՈՒՀ ավարտել, սակայն դա դեռ բավական չէ, պետք է այդ ամենն իսկապես քոնը դառնա և ունենաս քո անհատական խոսքը:

Հայաստանի հողը ոգեշնչում է

Ես չեմ լքել ոչ մի վայր, ուղղակի այս շրջանում որպես ստեղծագործող ավելի նպատակահարմար է Հայաստանում գտնվել: Կարող է մի փոքր միստիկ հնչել, բայց ամեն հող իր ուժն ունի, որն անդրադառնում է ստեղծագործողի վրա: Հայաստանն ունի շատ խիտ և ոգենշնչող էներգետիկ դաշտ, դա միայն ես չէմ ասում, այդ մասին փաստում են նաև օտարազգիները` նշելով, որ այստեղ իրենց լիցքավորված են զգում: Իմ ստեղծագործական կյանքն ավելի ծաղկուն է այստեղ, ինչպես նաև ունենում եմ շատ ազատ ժամանակ, ինչն ինձ թույլ է տալիս կենտրոնանալ աշխատանքիս վրա, որովհետև ԱՄՆ-ում կյանքը լարված է, այնտեղ ավելի շատ ժամանակ է հատկացվում գոյության պահպանման խնդիրները լուծելու վրա: Միացյալ Նահանգներում կենսակերպն այլ է, իսկ ես ինձ որպես ստեղծագործող այստեղ եմ առողջ զգում:

Ջազի և մտածողության մասին

Ջազը երաժշտության մեջ մտածողության տեսակ է, քան պարզապես ժանր: Այն երաժշտին տալիս է ազատ մտածողություն, օգնում է զարգացնել որևէ մի թեմա, երաժշտական սկզբունք կամ այլ ծրագիր: Շատ վաղ տարիքից տարբեր ժանրեր միմյանց ձուլելու հակումներ եմ ունեցել, բայց ավելի երիտասարդ տարիքում չէի կարող մտածել, որ դա ի վերջո կվերածվի ֆյուժն ժանրի, որովհետև այդ շրջանում դա ավելի շատ ներքին պոռթկում էր: Առհասարակ ֆյուժնը ենթադրում է ձուլում, բայց պարտադիր չէ, որ դա տեղի ունենա ջազի և ֆոլկյորի միջև, կարելի է համատեղել տարբեր ժանրեր միմյանց հետո: Իհարկե, այս առումով երաժիշտը պետք է լինի բավական գրագետ և ծանոթ լինի երաժշտական աշխարհին, որպեսզի կարողա այդ գույները միմյանց ճիշտ և հարմոնիկ ձևով միաձուլել:

Ակումբային ելույթների մասին

Ես ակտիվ եմ գրեթե բոլոր ակումբներում, որոնք ունեն երաժշտասերներ, ովքեր գնահատում են լուրջ երաժշտությունը: Փետրվարի 18-ին ելույթ եմ ունենալու Աբովյան փողոցում տեղակայված «Դալան»-ում: Իմ հիմնական խումբը կազմված է երեք երաժիշտներից, որոնցից մեկը ես եմ (ժպտում է), երբեմն ներկայանում ենք նաև որպես կվարտետ, որովհետև Հայաստանում ժողգործիքներին տիրապետող հանճարեղ երաժիշտներ կան: Այստեղ երաժիշտներն իրենց աշխատանքը կատարում են առավել նվիրումով, սակայն չեմ ուզում թերագնահատել դրսի երաժիշտներին, որովհետև կյանքն այնտեղ շատ լարված է և դա, հավանաբար, պայմանավորված է այդ հանգամանքով:

 

Հեղինակ` Լիլիթ Հակոբյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին