▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մենք արտասվում էինք, իսկ ես դողացող ձայնով փորձում էի շարունակել. Լիլիթ Հակոբյան

 

Bravo.am-ը գրում է.

Լիլիթ Հակոբյանն արդեն 2 տարի է, ինչ վարում է  «Ասեկոսե փրոդաքշն»-ի «CV» հաղորդումը, որը եթեր է հեռարձակվում  «ArmNews TV»-ով: Հաղորդավարուհու խոսքով` ծրագրի շրջանակում շատ հայտնիների է հասցրել անկեղծացնել, համենայն դեպս, այդ մասին նրանք անձամբ են խոստովանել զրույցի ընթացքում` նշելով, որ նախկինում երբեք այդ թեմայի մասին չեն խոսել: Իսկ երբ խոսքերը չեն բավականացրել, դրանց փոխարեն ամեն ինչ ասել են նրանց հուզմունքը եւ արցունքները: Օրերս Լիլիթը լուսանկարիչ Խանդութ Պարույրյանի հետ նոր ֆոտոշարք է իրականացրել, որը տրամադրել է BRAVO.am-ին, ինչպես նաեւ խոսել է իր կյանքի, գործունեության մասին, եւ ոչ միայն:

Լիլիթ Հակոբյանը


Ամեն ինչ սկսվել է…

Դեռ մանկուց իմ ճակատագիրը կարծես կանխորոշված լիներ: Բոլորը գիտեին, որ ես պետք է լրագրող դառնամ, սակայն այնպես չէ, որ բոլորը դա որոշել էին իմ փոխարեն: Դեռ փոքր հասակից բավական ինքնուրույն էի եւ սիրում էի որոշումներս ինքնուրույն կայացնել: Հիշում եմ, որ հարցազրույց վերցնելու հանդեպ սերը բացահայտել էի այն ժամանակ, երբ նվեր էի ստացել բարձրախոսի տեսքով խաղալիք: Կարծում եմ՝ շատ երեխաներին այն կհետաքրքրեր իր ձայնային լուծումերի եւ երաժշտության շնորհիվ, բայց՝ ոչ ինձ: Դա ինձ բացարձակ հետաքրքիր չէր, նույնիսկ մարտկոցը կարող էր ամբողջովին սպառված լինել, փոխարենը, ես ընտանիքիս բոլոր անդամներից հարցազրույցներ էի վերցնում, երբեմն հաղորդում վարում մայրիկիս համար, երբ նա լվացք էր անում, իսկ արդեն ավելի ուշ` դպրոցում, գրում էի շարադրություններ, որոնց շնորհիվ հաճախ լսում էի, որ պետք է ապագաս կապեմ լրագրության եւ հեռուստատեսության հետ: Նրանց ցանկությունը մեկ օր դարձավ իմ երազանքը, փաստորեն երազանքներն իրականանում են:

«Ես ասացի եւ արեցի»

Երբ արդեն պետք է համապատասխան բուհ ընդունվեի, հասկացա, որ պետք է կանգ առնեմ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի վրա: Այլ տարբերակ չէր կարող լինել, սակայն ավելի հետաքրքիրն այն է, որ մինչ այդ` ավելի փոքր տարիքում, երբ լինում էի ԵՊՀ-ի տարածքում, ինքս ինձ ասում էի, որ միանշանակ այստեղ եմ սովորելու: Ի դեպ, երբեք չեմ եղել այն մարդկանցից, ով մտածել է՝ գնում է այս ամենին, որովհետեւ պետք է կադրում լինի: Ես պարզապես ուզում էի լավ կրթություն ստանալ, ինչն էլ ունեցա շնորհիվ լավ եւ հետաքրքիր դասախոսների: Առհասարակ, հպարտանում եմ ուսանողական ընկերներովս, նրանց մեծամասնությունն այսօր մեծ հաջողություններ ունի:

Լիլիթ Հակոբյանը


«Կադրում երեւալը հաճելի է, բայց…»

Նախքան ինձ, «CV»-ն այլ ձեւաչափ ուներ եւ այլ հաղորդավար, իմ հայտնվելուց հետո փորձեցի գտնել այնպիսի մի տարբերակ, որը հետաքրքիր կլինի ինչպես ինձ, այնպես էլ լայն զանգվածներին եւ չի լինի բառիս բուն իմաստով «դեղին» հաղորդում: Անկեղծորեն կխոստովանեմ, որ երբ հաղորդման ընթացքում առավել հաճախ անձնականին վերաբերող հարցեր եմ տալիս, անում եմ միտումնավոր, որովհետեւ քաջ գիտակցում եմ, թե ինչն է առավել հետաքրքիր լսարանին, միաժամանակ փորձում եմ դրա գերին չդառնալ եւ այդ ամենը ճիշտ մատուցել: Ոսկե միջինի կանոնը պահպանելը ցանկացած հարցում լավագույն տարբերակն է, գոնե ինձ համար այդպես է: Բացի այդ, օգնության է գալիս մասնագիտական կրթությունը: Հաճելի է գիտակցել, որ վարածդ հաղորդումը կարող է մարդկանց հետաքրքիր լինել, սակայն նույնքան տհաճ է, երբ որոշ մարդիկ մտածում են, թե հարցազրույց անցկացնելն ընդամենը գեղեցիկ դիմահարդարվելն ու պարզապես զրուցելն է:

Քննադատությունների եւ պիտակավորումների մասին

Եթե հանդիպել եք հանրային մարդու, ով ասում է, թե իրեն չեն հետաքրքրում սոցցանցային գրառումները, մեկնաբանությունները, ապա իմացեք, որ նա ստում է: Չլինելով եւ ինձ չհամարելով հանրային մարդ, բայց արդեն երկու տարուց մի փոքր ավելի վարելով հաղորդում` հաճախ եմ հանդիպում պիտակավորումների, անառողջ մտքեր հյուրերիս, երբեմն նաեւ իմ հասցեին, բայց այդ պահին միշտ հիշում եմ գործընկերոջս` Մհեր Բաղդասարյանի մտքերից մեկը, որն ասել էր իրեն ուղղված անառողջ քննադատությունների վերաբերյալ.«Մինչ նրանք խոսում են իմ մասին, ես անգամ չգիտեմ, որ աշխարհում նրանց նման մարդ է ապրում»: Կարծում եմ` ամեն ինչ ասված է լավագույն ձեւով, միայն թե սա պետք է ուղղել այն մարդկանց, ովքեր համացանցում պարզապես դիմացինին վիրավորելու մոլուցքով են տարված:

«Չդիմացա եւ սկսեցի արտասվել»

Հյուրերիս հուզմունքը հաճախ եմ տեսել, բայց նախկինում երբեք չէր եղել այնպես, որ ինքս արտասվեի կադրում: Այնպես չէ, որ նրանց պատմությունները, հատկապես, երբ դրանք վերաբերում էին իրենց հարազատների կորստին, սրտիս չէին դիպչում, պարզապես նախկինում արցունքներ չկային: Երբ հյուրընկալել էի երգչուհի Լիլիթ Կարապետյանին, թվում էր, թե արցունքներ պետք է չլինեին, քանի որ իր եղբոր կորստին անդրադառնալու առիթներ բազմիցս էր ունեցել, ես էլ հարցազրույցին նախապատրաստվելիս դրանք բոլորն արդեն դիտել էի, ինչպես նաեւ որպես կանոն՝ շատ լավ կանխատեսում եմ հյուրերիս պատասխանները, սակայն… Լիլիթը սկսեց խոսել, արտասվելով ասել, որ ամեն ինչ կտար, որ գոնե հինգ րոպեով եղբորը տեսնելու հնարավորություն ունենար, որովհետեւ կարոտը խեղդում է… Այդքանը բավական էր, մենք արտասվում էինք, իսկ ես դողացող ձայնով փորձում էի շարունակել եթերը:

Հաջողության հասնելու բանաձեւը

Հեծանիվ չեմ հորինի, եթե ասեմ, որ պետք է գնահատել կյանքը եւ ապրածդ րոպեները: Այդ մասին շատ է խոսվում, նույնիսկ այնքան շատ, որ երբեմն անգամ չենք կարողանում իսկապես զգալ մտքի խորությունը: Այդ մասին շատ են խոսում նաեւ իմ հաղորդման հյուրերը: Ես ինքս միայն կարող եմ փաստել, որ պետք է գնահատել սեփական ժամանակը: Վերջին շրջանում սկսել եմ առավելապես գիտակցել դա, ինչպես նաեւ այն, որ հաճախ վատնում ենք այն: Երբ սկսում ես իսկապես գիտակցել, ինչ-որ մի բան ներսումդ փոխվում է, իհարկե, ափսոսում ես անցյալի համար, բայց նոր տրամադրվածություն ես ունենում ներկայիդ եւ ապագայիդ հանդեպ: Անձամբ ես զգում եմ, որ վերջին շրջանում հաճախ եմ շտապում, ինձ միշտ թվում է, որ ժամանակը եւ նպատակները հակասությունների մեջ են, որովհետեւ նպատակները շատ են, իսկ ժամանակը՝ քիչ (ժպտում է-հեղ.): Ինչպես նաեւ պետք է հաղթահարել վախի զգացումը եւ լինել ավելի ռիսկային: Ես խորապես համոզված եմ, որ այս ամենը հասկանալուց հետո մարդ կարող է բառիս բուն իմաստով գրավել աշխարհը. պարզ բանաձեւ բարդ կյանքի ընքացքում հաջողության հասնելու համար: Ես դեռ այս ամենը խորությամբ գիտակցելու ճանապարհին եմ, տեսնենք, թե ինչ կստացվի:

 

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին